22:05 22 ապրիլի, 2021Շվեյցարիայի Բազել քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում ապրիլի 22-ին տեղի ունեցավ տղամարդկանց որակավորման փուլը: Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Գագիկ Խաչիկյանը դուրս են եկել եզրափակիչ եւ կպայքարեն մեդալների համար:
Հենացատկի որակավորման փուլում Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը գրանցեց 14.566 միավոր արդյունք եւ 4-րդ տեղով դուրս եկավ եզրափակիչ: Հայաստանի առաջատար մարմնամարզիկի երկրորդ ցատկն անհաջող ստացվեց, որից հետո Դավթյանը դժվարությամբ հեռացավ մրցահարթակից:
Վահագն Դավթյանն օղակների վարժության որակավորման փուլում վստահ հանդես եկավ: Գրանցեց 14.966 միավոր եւ երկրորդ տեղով եզրափակիչում է: Այս վարժությունում Հայաստանի երկրորդ մասնակցի՝ Արթուր Ավետիսյանի արդյունքը 14.833 է: Ավետիսյանը 4-րդն է:
Նժույգի վարժությունների եզրափակիչում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ՝ Արթուր Դավթյան եւ Գագիկ Խաչիկյանը:
Մեծահասակների Եվրոպայի առաջնությունում առաջին անգամ հանդես եկող Գագիկ Խաչիկյանը նժույգի վարժությունում երրորդն է 14.300 միավորով: Չորրորդ տեղում Արթուր Դավթյանն է 14.266 միավորով:
Գագիկ Խաչիկյանը և Արմեն Պետրոսյանը հանդես եկան բազմամարտում: Խաչիկյանը ընդհանուր հաշվարկում 77.299 միավորով զբաղեցրել է 20-րդ տեղը, Պետրոսյանը՝ 35-րդն է (74.965 մ.):
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը Էլֆիկ Հովհաննիսյանի հետ մրցավարական կազմում է: Թիմը Բազելում գլխավորում է մարզիչ Հայկ Նազարյանը:
Հիշեցնենք, որ սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականից օլիմպիական ուղեգիր ունի միայն Արթուր Դավթյանը: Նա օլիմպիական ուղեգիրը նվաճել է 2019 թվականի հոկտեմբերի 8-ին Շտուտգարտում անցկացված աշխարհի առաջնությունում։ Դավթյանը սպորտային մարմնամարզությունում Հայաստանի միակ ներկայացուցիչը կլինի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Եվրոպայի առաջնությունում խաղարկվում է Տոկիոյի Օլիմպիական խաղերի երկու ուղեգիր՝ բազմամարտում:


The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.