09:09  ,  23 ապրիլի, 2021

«Ռայո Վալյեկանոյի» դարպասապահ. Ունեմ Հայաստանի հավաքականում խաղալու մեծ ցանկություն (ֆոտո)

Ամերիկահայ դարպասապահ Վարուժան Հովհաննիսյանը վերջերս համալրել էր իսպանական «Ռայո Վալյեկանոն»: Այս մրցաշրջանում նա հանդես է գալիս մադրիդյան ակումբի երկրորդ և երրորդ թիմերում:

Հովհաննիսյանի նախորդ ակումբն էր իսպանական «Լեգանեսը», որին նա միացել էր 18 տարեկանում: Դրանից առաջ դարպասապահը հանդես է եկել ԱՄՆ-ում, որտեղ կատարել է ֆուտբոլային առաջին քայլերը:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Վարուժան Հովհաննիսյանը պատմել է անցած ուղու, Իսպանիա տեղափոխության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից ստացած առաջարկի մասին:

Այսօր՝ ապրիլի 23-ին, Վարուժան Հովհաննիսյանը նշում է ծննդյան 23-րդ տարեդարձը:

Վարուժան, վերջին շրջանում հայկական մամուլը հաճախ է անդրադառնում քեզ, սակայն քո մասին քիչ բան է հայտնի: Մի փոքր պատմիր քո ու անցածդ ուղու մասին:

Ծնվել եմ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան-Դիեգո քաղաքում 1999 թվականի ապրիլի 23-ին: Ծնողներս հայեր են: Նրանք Հայաստանից են եկել Լոս Անջելես, այնուհետև տեղափոխվել են Սան-Դիեգո: Ֆուտբոլային առաջին քայլերը կատարել եմ հենց այնտեղ, իսկ ԱՄՆ-ում հանդես եմ եկել մինչև 17 տարեկանը: ԱՄՆ-ում խաղացել եմ «Ալբիոն» և «Սան Դիեգո Սարֆ» թիմերում: Ֆուտբոլով զբաղվում եմ 4 տարեկանից:

18 տարեկանում ԱՄՆ-ից տեղափոխվել էիր իսպանական «Լեգանես»: Ինչպե՞ս ստացվեց տեղափոխությունը Եվրոպա:

Երբ 17 տարեկան էի, Սան-Դիեգոյում էր իսպանական ակումբներից մեկի սկաուտներից մեկը, որը ներկա էր մեր թիմի հանդիպմանը և հավանել էր իմ խաղը: Նա մոտ 2 շաբաթ հետևեց իմ խաղին՝ համոզվելու համար, որ հաջող խաղս պատահականություն չէր, ինչից հետո ցանկացավ հանդիպել ծնողներիս հետ: Նա առաջարկեց տեղափոխվել Իսպանիա, իսկ ես համաձայնեցի: Դրանից հետո զբաղվեցինք թղթաբանական հարցերով, և 18 տարեկանում տեղափոխվեցի Իսպանիա: Սկզբում միացա «Լեգանեսին», սակայն այդ ժամանակ խաղամակարդակս դեռ չէր համապատասխանում նրանց: Ինձ չընդունեցին այդ ակումբ, սակայն ես դուխաթափ չեղա և որոշեցի մնալ Իսպանիայում և ապացուցել, որ արժանի եմ հանդես գալ այդ ակումբում: Մոտ մեկ տարի հանդես եկա մադրիդյան «Պոսֆոլո դե Ալարկոն» ակումբում, որպեսզի ծանոթանամ իսպանական ֆուտբոլին: Այնտեղ փորձ հավաքելուց հետո դարձյալ երկշաբաթյա փորձաշրջան անցա «Լեգանեսում», ինչից հետո պայմանագիր կնքեցի այդ ակումբի հետ: Սկզբում հանդես էի գալիս «Լեգանես-C»-ում, իսկ հետո՝ «Լեգանես-B»-ում: Պայմանագիրս նախատեսված էր մինչև 2020 թվականի հունիս, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դրա ժամկետը լրացավ առանց խաղալու: Դրանից հետո որոշեցի վերադառնալ ԱՄՆ, որոշ ժամանակ մարզավիճակ հավաքել և ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ: ԱՄՆ-ում մի քանի ամիս մնալուց հետո Իսպանիայում իմ ներկայացուցիչին ասացի, որպեսզի սկսի նոր ակումբ փնտրել ինձ համար: Այդպես գործակալս առաջարկեց «Ռայո Վալյեկանոյի» տարբերակը, պայմանները դուր եկան ինձ և միացա նոր թիմին: 

«Ռայո Վալյեկանոյում» ինչպե՞ս են գործերդ, ո՞ր թիմում ես խաղում հիմա:

Փետրվարին վերադարձա Իսպանիա և միացա «Ռայո Վալյեկանոյին»: Այստեղ ամեն բան դուր է գալիս ինձ, շատ գոհ եմ: Ունեմ հիանալի թիմակիցներ ու մարզիչներ, և կա առաջընթացի հեռանկարներ: Շաբաթական 5 օր մարզվում ենք, մեկ օր անցկացնում հանդիպում, մեկ օր էլ հանգստանում: Ինչպես «Լեգանեսում», այնպես էլ այստեղ խաղում եմ երկրորդ և երրորդ թիմերում: Քանի որ ուշ եմ միացել թիմին, նրանք արդեն ունեին 2 դարպասապահ: Այդ պատճառով խաղում եմ նաև երրորդ թիմում, թեև անցկացվում է ռոտացիա:

Իսպանական այլ ակումբներից առաջարկներ ունեի՞ր:

Այո, կար տարբերակ ծովափնյա քաղաքներից, սակայն ես ցանկանում էի մնալ Մադրիդում: Այստեղի ֆուտբոլին հարմարվել եմ և այն ավելի շատ է դուր գալիս ինձ: Այդ պատճառով ցանկացա մեկ տարի խաղալ այստեղ, որպեսզի ամռանը կարողանամ երկարաձգել պայմանագիրը:

2016 թվականին «Ռայո Վելյեկանոյում» խաղացել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը: Նրան հիշո՞ւմ են իսպանական ակումբում:

Այստեղ բոլորը գիտեն, որ ես հայ եմ: Օզբիլիսը շատ կարճ է խաղացել այստեղ, այդ պատճառով նրան քչերն են հիշում: Այստեղ գիտեն Հայաստանի և հայերի մասին, ինչը շատ հաճելի է: Ինքս էլ փորձում եմ հայերի մասին լավ կարծիք ձևավորել այստեղ:

Երբեք չես ապրել Հայաստանում, բայց բավական լավ ես խոսում հայերեն...

Մոտ 6-7 անգամ եղել եմ Հայաստանում: Նախորդ այցելությունս 2 տարի առաջ էր, երբ մասնակցեցի եղբորս հարսանիքին: Ինձ շատ են ասում, թե ինչպես եմ այդքան լավ խոսում հայերեն, քանի որ ծնվել եմ ԱՄՆ-ում: Ընդ որում՝ ծնվել եմ այնպիսի քաղաքում, որտեղ հայեր գրեթե չկան: Շնորհակալ եմ ծնողներիս ու տատիկիս, որ ինձ սովորեցրել են հայերեն խոսել, կարդալ, գրել ու լինել իսկական հայրենասեր: Մանկուց միշտ պաշտպանել եմ իմ հայրենիքը:

Ինչպե՞ս ընտրեցիր դարպասապահի դիրքը, հենց սկզբից ցանկանում էի դարպասապահ դառնա՞լ:

Սկզբում ես հանդես էի գալիս կիսապաշտպանությունում: Փոքր տարիքում ես մի քիչ գեր էի և իմ տարիքի համար բավական բարձրահասակ, այդ պատճառով ինձ տեղափոխեցին պաշտպանություն: Երբ 7-8 տարեկան էի, խաղերից մեկում 4:0 հաշվով հաղթում էինք առաջին խաղակեսից հետո: Ընդմիջմանը մարզիչն ինձ ասաց վերցնել ձեռնոցները և տեղ զբաղեցնել դարպասում: Սկզբում չհավատացի: Այդ ժամանակ հայրս կողքիս էր և, լսելով դա, նա անչափ ուրախացավ: Հայրս ևս նախկինում եղել է դարպասապահ: Հայրս է եղել իմ առաջին մարզիչը որպես դարպասապահ: Հիշում եմ, որ միշտ ինձ հետ մարզումներ էր անցկացնում մեր տան հարևանությամբ գտնվող խաղադաշտում: Դրանից հետո ընդունվեցի ակումբ և մարզվում էի դարպասապահների մարզիչի հետ: Այդպես սկսվեց դարպասապահի կարիերաս:

Վստահ եմ՝ Հայաստանի հավաքականի խաղերին հետևում ես, իսկ հայկական ֆուտբոլին որքանո՞վ ես ծանոթ:

Հայաստանի հավաքականի բոլոր խաղերին հետևում եմ, շատ եմ ուրախանում մեր թիմի հաջողություններով: Գիտեմ, որ հայկական ֆուտբոլն առաջընթաց է գրանցում վերջին տարիներին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից կապ հաստատե՞լ են քեզ հետ:

Այո, մի քանի շաբաթ առաջ ինձ հետ կապ հաստատել են: Այս պահին չեմ կարող շատ բան ասել: Տա Աստված, որ ամեն բան լավ է լինելու: Երբ ամեն բան տեղի ունենա, նոր կարելի է խոսել այդ մասին: Միայն կասեմ, որ ունեմ Հայաստանի հավաքականում խաղալու մեծ ցանկություն: Ինձ համար մեծ պատիվ է պաշտպանել իմ երկրի գույները: Ճիշտ է, ծնվել եմ ԱՄՆ-ում, բայց ես հայ եմ և ամեն ինչի պատրաստ եմ իմ հայրենիքի համար:

Ինչպես երևում է, Հայաստանի հավաքականին միանալդ սարերի հետևում չէ: Հայաստանի հավաքականի դարպասը երկար տարիներ պաշտպանել է Ռոման Բերեզովսկին: Այժմ լեգենդար դարպասապահն ազգային թիմի դարպասապահների մարզիչն է: Նրա հետ աշխատելու հնարավորություն ունենալն ի՞նչ է նշանակում քեզ համար:

Ռոման Բերեզովսկու հետ աշխատելու հնարավորություն ունենալը շատ հաճելի կլինի ինձ համար: Շատ կցանկանամ մարզվել այդպիսի լեգենդար մարդու գլխավորությամբ: Քիչ են այնպիսի խաղացողները, որոնք կարիերան ավարտելուց հետո մնում են թիմում և օգտակար լինում իրենց փորձով: Շատ ուրախ կլինեմ, եթե ունենամ այդպիսի հնարավորություն:

Հայաստանի հավաքականը գլխավորում է իսպանացի անվանի մասնագետ Խոակին Կապառոսը: Հայաստանի հավաքականի վերջին հաջող ելույթներն ի՞նչ արձագանք են գտել այդտեղ:

Իսպանացիները ևս ուրախացել են: Նրանք հպարտանում են, որ ունեն այդպիսի մարզիչ, որը հաջողության է հասնում այլ երկրի հավաքականի հետ: Խոակին Կապառոսը շատ հայտնի մարզիչ է այստեղ: Նրան բոլորը հիշում են «Սևիլիայում» կատարած աշխատանքից:

Շատ ուրախ եմ, որ ունենք իսպանական համակարգ: Հաճելի է տեսնել, որ մեր երկրում ֆուտբոլն առաջընթաց է գրանցում: Վերջին խաղերը մեծ հույսեր արթնացրին, որ Հայաստանի հավաքականը կարող է հասնել լուրջ հաջողության: Հուսով եմ, որ հաջող խաղերի շարքը կշարունակվի նաև ապագայում: Այդ խաղերը ցույց տվեցին, որ Խոակին Կապառոսն ու Հայաստանի հավաքականը ճիշտ ուղու վրա են:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ