21:07  ,  19 ապրիլի, 2021

ԵԱ. Արման Անդրեասյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար (ֆոտո)

Հայաստանի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը (70 կգ) չկարողացավ նվաճել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ապրիլի 19-ին մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչի ուղեգիր:

2 հաղթանակ տանելուց հետո հայ ըմբիշը կիսաեզրափակիչում մրցեց ռուս Իսրաիլ Կասումովի հետ և պարտվեց 3:5 հաշվով:

Գոտեմարտի սկզբնամասում ռուս ըմբիշը վաստակեց 4 միավոր, իսկ առաջին մրցափուլի վերջնամասում Հայաստանի ներկայացուցիչը մրցակցին դուրս հանեց գորգից և կրճատեց հաշիվը: Երկրորդ մրցափուլում ըմբիշները երկար ժամանակ չէին կարողանում միավոր վաստակել: Գոտեմարտի ավարտից 10 վայրկյան առաջ Անդրեասյանը գցեց մրցակցին և հավաքեց ևս 2 միավոր, սակայն չհասցրեց նաև գլորում կատարել և պարտվեց: Հայաստանի թիմը բողոքարկեց: Բողոքը չբավարարվեց և Իսրաիլ Կասումովին շնորհվեց ևս մեկ միավոր՝ 5:3:

Արման Անդրեասյանը (70 կգ) պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 10:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել լիտվացի Արտեմ Աուգայի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում նա մրցել էր լեհ Կշիշտոֆ Օլենցինի հետ և հաղթել 10:5 հաշվով: 

Եվրոպայի առաջնության առաջին մրցումային օրը Հայաստանն ուներ ևս 2 ներկայացուցիչներ՝ Գևորգ Թադևոսյանը (65 կգ) և Արման Ավագյանը (79 կգ):

Գևորգ Թադևոսյանը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 1:2 հաշվով պարտվել էր ադրբեջանցի Ալի Ռահիմզադեին և լքել պայքարը: Արման Ավագյանը 1/8 եզրափակիչում մեկնարկել էր Գերմանիան ներկայացնող Էդուարդ Տատարինովի նկատմամբ 10:0 հաշվով հաղթանակով, սակայն հաջորդ փուլում պարտվել էր Սլովակիան ներկայացնող Ախսարբեկ Գուլաևին՝ 1:11: Ախսարբեկ Գուլաևը նվաճել է եզրափակիչի ուղեգիր, ինչի շնորհիվ Արման Ավագյանը հնարավորություն է ստացել ապրիլի 20-ին պայքարել բրոնզե մեդալի համար: Սփոփիչ գոտեմարտում նա կմրցի մակեդոնացի Դեյան Միտրովի հետ:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր է մեկնել նաև նաև Հրայր Ալիխանյանը (74 կգ), որը պայքարի մեջ կմտնի ապրիլի 20-ին՝ 1/8 եզրափակիչում գոտեմարտելով ռուս Ռազամբեկ Ժամալովի հետ: Մարզպետ Գալստյանը (92 կգ) ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում