13:14  ,  19 ապրիլի, 2021

Հայաստանի հավաքականի ըմբիշը վնասվածք է ստացել և չի մասնակցի ԵԱ-ին

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մարզպետ Գալստյանը ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը, hաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը:

Գալստյանը պետք է հանդես գար 92 կգ քաշային կարգում:

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ապրիլի 19-25-ը կայանալիք Եվրոպայի առաջնության ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Գևորգ Թադևոսյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ): 

ԵԱ-ի առաջին օրը՝ ապրիլի 19-ին, Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Գոտեմարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 13:30-ին:

Գևորգ Թադևոսյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ ուժերը կչափի ադրբեջանցի Ալի Ռահիմզադեի հետ: 

Արման Անդրեասյանը 1/8 եզրափակիչից կմեկնարկի լիտվացի Արտեմ Աուգայի հետ գոտեմարտով:

Արման Ավագյանը ևս առաջին գոտեմարտը կանցկացնի 1/8 եզրափակիչում, որտեղ կմրցի Գերմանիան ներկայացնող Էդուարդ Տատարինովի հետ:

Հրայր Ալիխանյանը պայքարի մեջ կմտնի ապրիլի 20-ին՝ 1/8 եզրափակիչում գոտեմարտելով ռուս Ռազամբեկ Ժամալովի հետ:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում ԵԱ-ին կմասնակցեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Վարուժան Գրիգորյանը (77 կգ) և Կարապետ Չալյանը (82 կգ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում