21:07 19 ապրիլի, 2021Հայաստանի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը (70 կգ) չկարողացավ նվաճել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ապրիլի 19-ին մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչի ուղեգիր:
2 հաղթանակ տանելուց հետո հայ ըմբիշը կիսաեզրափակիչում մրցեց ռուս Իսրաիլ Կասումովի հետ և պարտվեց 3:5 հաշվով:
Գոտեմարտի սկզբնամասում ռուս ըմբիշը վաստակեց 4 միավոր, իսկ առաջին մրցափուլի վերջնամասում Հայաստանի ներկայացուցիչը մրցակցին դուրս հանեց գորգից և կրճատեց հաշիվը: Երկրորդ մրցափուլում ըմբիշները երկար ժամանակ չէին կարողանում միավոր վաստակել: Գոտեմարտի ավարտից 10 վայրկյան առաջ Անդրեասյանը գցեց մրցակցին և հավաքեց ևս 2 միավոր, սակայն չհասցրեց նաև գլորում կատարել և պարտվեց: Հայաստանի թիմը բողոքարկեց: Բողոքը չբավարարվեց և Իսրաիլ Կասումովին շնորհվեց ևս մեկ միավոր՝ 5:3:
Արման Անդրեասյանը (70 կգ) պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 10:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել լիտվացի Արտեմ Աուգայի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում նա մրցել էր լեհ Կշիշտոֆ Օլենցինի հետ և հաղթել 10:5 հաշվով:
Եվրոպայի առաջնության առաջին մրցումային օրը Հայաստանն ուներ ևս 2 ներկայացուցիչներ՝ Գևորգ Թադևոսյանը (65 կգ) և Արման Ավագյանը (79 կգ):
Գևորգ Թադևոսյանը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 1:2 հաշվով պարտվել էր ադրբեջանցի Ալի Ռահիմզադեին և լքել պայքարը: Արման Ավագյանը 1/8 եզրափակիչում մեկնարկել էր Գերմանիան ներկայացնող Էդուարդ Տատարինովի նկատմամբ 10:0 հաշվով հաղթանակով, սակայն հաջորդ փուլում պարտվել էր Սլովակիան ներկայացնող Ախսարբեկ Գուլաևին՝ 1:11: Ախսարբեկ Գուլաևը նվաճել է եզրափակիչի ուղեգիր, ինչի շնորհիվ Արման Ավագյանը հնարավորություն է ստացել ապրիլի 20-ին պայքարել բրոնզե մեդալի համար: Սփոփիչ գոտեմարտում նա կմրցի մակեդոնացի Դեյան Միտրովի հետ:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր է մեկնել նաև նաև Հրայր Ալիխանյանը (74 կգ), որը պայքարի մեջ կմտնի ապրիլի 20-ին՝ 1/8 եզրափակիչում գոտեմարտելով ռուս Ռազամբեկ Ժամալովի հետ: Մարզպետ Գալստյանը (92 կգ) ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.