13:55  ,  31 մարտի, 2021

Կարեն Դոխոյան. Երբ Հայաստանը ցուցադրում է կոլեկտիվ ֆուտբոլ, միշտ հասնում է հաջողության

Հայաստանի հավաքականի ու ռուսական «Կռիլյա Սովետովի» նախկին պաշտպան Կարեն Դոխոյանը միակ հայ ֆուտբոլիստն է, որը գոլի հեղինակ է դարձել Ռումինիայի հավաքականի հետ դիմակայություններում: Հայաստանի և Ռումինիայի հավաքականները նախկինում հանդիպել են 5 անգամ: 4 հաղթանակ տարել են ռումինացիները, մեկ հանդիպում էլ ավարտվել է ոչ ոքի: Թիմերի միջև առաջին խաղը տեղի է ունեցել 2004 թվականի նոյեմբերի 11-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում: ԱԱ-2006-ի ընտրական հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: 60-րդ րոպեին Կարեն Դոխոյանը խփել է դաշտի տերերի պատասխան գոլը:

Քաթարում կայանալիք 2022թ.  աշխարհի առաջնության ընտրական փուլի երրորդ տուրի Հայաստան - Ռումինիա հանդիպումից առաջ Կարեն Դոխոյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է առաջիկա խաղին, վերհիշել ռումինացիների հետ նախորդ դիմակայությունները, գնահատել Վարազդատ Հարոյանի հաջող խաղն ու խոսել տարբեր թեմաներից:

ԱԱ-2022-ի ընտրական փուլի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Ռումինիայի հետ, որի դեմ դուք մի քանի անգամ խաղացել եք ու դարձել եք նաև գեղեցիկ գոլի հեղինակ: Ի՞նչ հիշողություններ են պահպանվել այդ խաղերից:

Ցավոք, հաղթանակով չեն ավարտվել այդ հանդիպումները, բայց երևանյան խաղում, միանշանակ, կարող էինք հաղթել, քանի որ ունեինք այդպիսի հնարավորություն: Ռումինիայի հավաքականը լավ թիմ է: Մանրակրկիտ չեմ ուսումնասիրել, թե այժմ ովքեր են խաղում այդ թիմում, բայց նրանք միշտ էլ ունեցել են բարձրակարգ խաղացողներ: Այսօր Ռումինիայի հավաքականը խմբի երկրորդ ֆավորիտն է համարվում Գերմանիայից հետո: Ռումինիայի հետ դիմակայություններից իմ հիշողություններում պահպանվել է երևանյան հանդիպումը: Առաջին խաղակեսն անհաջող անցկացրինք և նվազագույն հաշվով պարտվում էինք ընդմիջման գնալիս: Երկրորդ խաղակեսում կարող էինք հաղթանակ կորզել: Հիշում եմ, թե ինչպես դարձա գոլի հեղինակ: Անկյունայինի խաղարկման ժամանակ Համլետ Մխիթարյանի փոխանցումից հետո ստացվեց գեղեցիկ գոլ: Ուրախ եմ գոլիս համար, և որ կարողացանք ոչ ոքի խաղալ, բայց նաև կարող էինք հաղթել: Ռաֆայել Նազարյանն ուներ լավ հնարավորություն և կարող էր խփել մեր թիմի երկրորդ գոլը: Միանշանակ, Ռումինիան լավ հավաքական է, և էրեկ էլ Խոակին Կապառոսը նշեց, որ, բնականաբար, ուսումնասիրել են մրցակցին և համեմատության եզրեր բերեց մեր ու նրանց թիմերի միջև: Նա նշեց, որ կան նմանություններ, բայց այստեղ ամենակարևորն այն է, որ տղաները ճիշտ կատարեն հանդիպման առաջադրանքները մարզիչների կողմից:

Ձեր կարիերայի ընթացքում ավելի գեղեցիկ գոլ խփե՞լ եք:

Ճիշտն ասած, չեմ կենտրոնանում գեղեցիկ գոլի վրա, այնքան էլ շատ գոլեր չեմ խփել կարիերայիս ընթացքում, քանի որ իմ գործառույթների մեջ ավելի շատ մտնում էին պաշտպանողական գործողությունները: Չեմ կենտրոնացել դրա վրա: Ինձ համար միշտ առաջնային էր թիմի հաղթանակը, իսկ թե ով կդառնար գոլի հեղինակ, դա այնքան էլ կարևոր չէր: Ամեն դեպքում, «Կռիլյա Սովետովում» հանդես գալու տարիներին գեղեցիկ գոլեր եմ խփել ԲԿՄԱ-ի ու «Դինամոյի» պես թիմերի դեմ խաղերում:

Խոակին Կապառոսը ևս նշել էր, որ ռումինացիները խաղաոճով նման են մեզ: Ըստ Ձեզ՝ այդ գործոնը կարո՞ղ է առավելություն տալ մեզ, թե հակառակը՝ բարդ կլինի խաղալ մեզ նման խաղաոճով թիմի դեմ:

Մարզիչը չասաց, որ մենք ամբողջովին նման ենք մրցակցին: Կան որոշ նմանություններ, օրինակ՝ արագ հակագրոհներով խաղալը, բայց ոչ բոլոր հարցերում ենք նման առաջիկա մրցակցին: Միանշանակ, Կապառոսը շատ խելացի ու փորձառու մարզիչ է, և նա բոլոր գաղտնիքները չի բացում լրագրողների համար: Դա շատ ճիշտ մոտեցում է, քանի որ այդ ամենը տեսնում են նաև ռումինացի մասնագետները և կատարում հետևություններ: Վստահ եմ՝ մեր մարզչական շտաբը շատ լավ ուսումնասիրել է Ռումինիայի հավաքականին և գիտի մրցակցի ուժեղ և թույլ կողմերը: Այս պայմաններում մենք ունենք ոչ մեծ առավելություն, քանի որ խաղում ենք տանը, իսկ մեր տղաներն ունեն լավ տրամադրություն և ոգևորված են այս հաղթանակների շնորհիվ: Բնականաբար, երկրպագուների գործոնն ավելի կոգևորի մեր խաղացողներին: Ամեն դեպքում, Ռումինիայի հավաքականն ունի բարձրակարգ խաղացողներ, որոնք կարող են օգտագործել մրցակցի կողմից ցանկացած սխալ: Այս մրցակցի դեմ պետք է շատ կենտրոնացված խաղալ առաջինից մինչև վերջին րոպեն և օգտագործել գոլային պահերը, որոնք, կարծում եմ, շատ քիչ են լինելու: Շատ կարևոր է, թե թիմերն ինչպես են տրամադրվելու այս խաղին: Կարծում եմ, որ սա շատ կարևոր հանդիպում է 2 թիմերի համար:

Եթե համեմատենք Ռումինիայի և Իսլանդիայի հավաքականներին, կարելի՞ է ասել, որ այս պահին ռումինացիներն ավելի լավ վիճակում են ու ավելի բարդ մրցակից են:

Իսլանդիայի դեմ խաղում մեր ֆուտբոլիստների համար բավական բարդ էր մեկնարկային 25 րոպեներին, քանի որ մրցակիցը թելադրում էր իր խաղը: Սակայն մեր թիմն աստիճանաբար ավելացրեց, իսկ երկրորդ խաղակեսում՝ նաև փոփոխությունների շնորհիվ, խաղը բոլորովին այլ բնույթ ստացավ: Առաջին գոլը շատ մեծ փոփոխություններ կատարեց խաղում: Վստահ եմ, որ եթե իսլանդացիները բացեին հաշիվը, մեր թիմի համար շատ բարդ էր լինելու: Չեմ ցանկանում կրկնվել, բայց այնպիսի խաղ էր, որտեղ առաջին գոլ խփած թիմը հաղթելու լուրջ հայտ կներկայացներ: Ըստ ինձ՝ Իսլանդիայի հավաքականը վատ տպավորություն չթողեց, պարզապես երկրորդ խաղակեսում մեր տղաներն ավելի կենտրոնացված խաղացին ու ոչ մի շանս չտվեցին մրցակցին:

Ինչ վերաբերում է այսօրվա մրցակցին, ապա ռումինացի ֆուտբոլիստները շատ պահանջված են Եվրոպայում և խաղում են բարձրակարգ ակումբներում: Այս մրցակցին ոչ մի դեպքում թերագնահատել պետք չէ: Իսլանդիայի ու Ռումինիայի հավաքականներին համեմատելը բարդ է, քանի որ նրանք շատ տարբեր ոճի թիմեր են: Յուրաքանչյուր հավաքականում հանդես են գալիս բարձրակարգ ֆուտբոլիստներ, և ամեն խաղից է կախված, թե ինչպես է իրեն դրսևորելու թիմը: Հավաքականի խաղն ունի շատ կարևոր յուրահատկություն, դա առաջնության հերթական հանդիպում չէ: Այստեղ յուրաքանչյուր խաղափուլում պետք է կարճ ժամանակահատվածում լավ պատրաստվել միանգամից 2-3 խաղերի: Կոնկրետ խաղից է կախված, թե ինչպես են տրամադրվում խաղացողները, և ինչ վիճակում են նրանք: Չգիտեմ, թե այս պահին ինչ վիճակում է Ռումինիայի հավաքականը, բայց չեմ կարող ասել, որ Իսլանդիայի հավաքականը վատ վիճակում էր:

Առաջիկա խաղում ինչպե՞ս եք գնահատում մեր թիմի շանսերը:

Չեմ սիրում կանխատեսումներ անել: Մենք բոլորս սպասում ենք հաղթանակի, երկրպագում ենք ու ամեն ինչով մեր հավաքականի հետ ենք: Հուսով ենք, որ մեր հավաքականը կհաղթի, և ակնկալում ենք այդ հաղթանակը: Իսկ, թե ինչպես կստացվի, ցույց կտա հանդիպումը:

 

Կիսո՞ւմ եք այն կարծիքը, որ այսօր լինելու է Խոակին Կապառոսի ամենաբարդ հանդիպումը Հայաստանի հավաքականում:

Կարծում եմ, որ բարդ հանդիպումներ լինելու են: Ես համաձայն չեմ, քանի որ յուրաքանչյուր հանդիպում էլ բարդ է Կապառոսի համար: Նկատել եմ, որ հավաքականի տղաներն արդեն լիովին հասկանում են, թե ինչ է իրենցից ցանկանում Կապառոսը: Միանշանակ, այս կոլեկտիվ խաղը մարզիչի ու նրա շտաբի աշխատանքի արդյունքն է: Հավաքականի խաղից դա երևում է: Տղաները ևս շատ լավ գիտակցում են, թե ինչ կարևոր հանդիպում է սա: Հաղթանակի դեպքում կվաստակենք 9 միավոր և կունենանք խմբում երկրորդ տեղի համար պայքարելու լավ շանսեր: Մեր թիմի հոգեբանական առավելությունը ևս պետք է նպաստի հաղթանակին:

Նախորդ 2 խաղերում Հայաստանի հավաքականը հանդես էր գալիս 4-4-2 տակտիկական սխեմայով: Նախախաղային ասուլիսում Խոակին Կապառոսին հարց էր հնչել՝ արդյո՞ք տակտիկական սխեմայի փոփոխությունը պայմանավորված էր մրցակիցներով, թե՞ կարելի է ասել, որ դա դարձել է մեր հիմնական խաղային սխեման: Մարզիչը նշեց, որ թիմը յուրաքանչյուր մրցակցի դեմ պատրաստվում է յուրովը: Արդյո՞ք 4-4-2-ը համապատասխանում մեր թիմին՝ հաշվի առնելով այն, որ այդ խաղային սխեման պահանջում է 2 բոլորովին այլ խաղաոճի կենտրոնական կիսապաշտպաններ:

Տեսեք, թե ինչից է կախված այդ սխեման: Մարզիչները, վերլուծելով մրցակցին, տեսնելով, թե ինչպես են նրանք խաղում և հաշվի առնելով իրենց տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստներին, ընտրում են սխեման: Խաղային սխեմայի վրա կենտրոնանալն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ դա կախված է մրցակցից ու նրանից, թե ինչ ֆուտբոլիստներ ունես քո կազմում: Իհարկե, 4-4-2-ը հաղթական էր, նաև ընդունված է ասել, որ հաղթական կազմը չեն փոխում, բայց ես վստահ եմ, որ կազմում փոփոխություններ լինելու են այս խաղում: Մարզիչը գիտի, թե այդ պահին որ սխեման է ամենաշատը համապատասխանում իր թիմին: Ամենակարևորն այն է, որ ֆուտբոլիստներն արդեն լիարժեք հասկանում են, թե ինչ է իրենցից ակնկալում մարզիչը: Իսկ խաղային սխեմայի փոփոխությունը կարևոր նշանակություն չի ունենալու:

Ընտրական փուլի մեկնարկային 2 խաղերում ի՞նչ տպավորություն թողեց Հայաստանի հավաքականի խաղը, ի՞նչ բացեր նկատեցիք:

Չեմ խոսի բացերի մասին, բայց կնշեմ, որ թիմը շատ կազմակերպված է գործում: Առաջինից մինչև վերջին րոպեն կար կոլեկտիվ խաղ: Երբ մեր հավաքականը ցուցադրում է կոլեկտիվ ֆուտբոլ, միշտ հասնում է հաջողության: Կապառոսին նախախաղային ասուլիսում հարց եղավ առանձին ֆուտբոլիստների մասին, իսկ նա նշեց, որ անհատներ չունի, այլ ունի կոլեկտիվ և այդ անհատները խաղում են նաև կոլեկտիվի շնորհիվ: Օրինակ՝ Տիգրան Բարսեղյանը լավ խաղաց մյուս ֆուտբոլիստների շնորհիվ: Մարզիչը շատ ճիշտ բաներ ասաց, ինչը ես ողջունում եմ: Խաղադաշտում երևում էր ձեռագիր, և բոլորը հստակ կատարում էին իրենց պարտականությունները: Երբ դու խաղի ընթացքում զգում ես, որ ինչ-որ բան չի ստացվում քեզ մոտ, բայց քո խաղընկերն օգնում է քեզ, դու ոգևորվում ես դրանից ու սկսում խաղալ ավելի վստահ: Շատ կարևոր է, երբ թիմը գիտի, թե ինչ է ցանկանում անել խաղադաշտում:

Շատ է խոսվում, որ Հայաստանի հավաքականի վերջին հաջողություններում մարզչական գործոնն առաջնային է: Ի՞նչ արեց Խոակին Կապառոսը, ինչը չէր ստացվում նախորդ մարզիչների մոտ:

Ամեն ինչ կախված է մարզիչից, նրա դերակատարումը չափազանց մեծ է: Մարզիչը կարող է հսկայական մոտիվացիա տալ Մխիթարյանի պես խաղացողի ու 19-ամյա Ժիրայր Շաղոյանի պես երիտասարդների: Նա կարող է այնպես տրամադրել երիտասարդ խաղացողին, որ նա հրաշալի ֆուտբոլ ցուցադրի բարձր մակարդակում:

Մարզիչը թիմի առաջնորդն է, որն իր հետևից տանում է ֆուտբոլիստներին: Իհարկե, մարզիչը դաշտում չի խաղում, բայց նրա մտահղացումները, որոնք նա կարողանում է հասցնել ֆուտբոլիստներին, իսկ խաղացողները հասկանում են դա ու կարողանում անել դաշտում, այդ ամենը բերում է դրական արդյունքի: Այստեղ մարզիչի դերը շատ մեծ է: Խաղադաշտում ֆուտբոլիստների ցուցադրած խաղը մարզիչի դեմքն է:

Մեր դեպքում չենք կարող ասել, որ մարզիչը երկրորդական դերում է: Կապառոսը, միանշանակ, փոփոխություններ կատարեց մեր հավաքականում: Տարբերությունը նույնիսկ զգացվում է նախորդ տարվա հավաքականի ու այսօրվա թիմի միջև: Օրինակ՝ Ազգերի լիգայի առաջին խաղերում ու վերջնամասում տարբերությունը զգացվում էր, իսկ այսօր դա ավելի տեսանելի է: Մարզիչն էլ արդեն հասկանում, որ ֆուտբոլիստներն ընկալում են իր գաղափարները: Նույնիսկ տեսանյութերից ու լուսանկարներից երևում է, որ թիմում հրաշալի մթնոլորտ է ստեղծվել: Բոլորն ունեն լավ տրամադրություն և կենտրոնացած են մարզումների վրա:

Նշեցիք, որ հավաքականում հրաշալի մթնոլորտ է: Սակայն, ազգային թիմում ե՞րբ է եղել լավ մթնոլորտի պակաս:

Ցանկացած ֆուտբոլիստի համար հավաքականն ամենաբարձր կետն է: Միանշանակ, երբ նրանք գալիս են հավաքական, լավ տրամադրությամբ են միանում թիմին: Բայց այստեղ ամեն ինչ կախված է մարզիչից, թե ինչ դեր ունի այդտեղ նա: Կան մարզիչներ, որոնք այլ աչքով են նայում ֆուտբոլիստներն՝ մտածելով, որ հավաքականում խաղալը պարտադրանք է: Կան մարզիչներ, որոնք ավելի մեծ հարգանքով են մոտենում խաղացողներին, բայց նաև պարտադրում նվիրվածություն գործին: Այդ փոխհարաբերությունները շատ կարևոր են: Եթե մարզիչը մի խաղացողի հետ զրուցի, իսկ մյուսին անտեսի, դա վնասակար կլինի թիմի համար:

Այսինքն՝ հավաքականում ու ցանկացած թիմում մթնոլորտն ապահովում է մարզիչը:

Միանշանակ:

Ֆուտբոլային կարիերայի տարիներին դուք հանդես եք եկել կենտրոնական պաշտպանի դիրքում: Վերջին շրջանում Հայաստանի հավաքականի պաշտպանության կենտրոնում Վարազդատ Հարոյանի հետ խաղում էր Անդրե Կալիսիրը, իսկ Իսլանդիայի դեմ խաղում նրան փոխարինեց Տարոն Ոսկանյանը: Խոակին Կապառոսը խաղից հետո նշեց, որ Ոսկանյանը լավ հանդիպում անցկացրեց, սակայն երկրպագուներն այնքան էլ գոհ չէին «Ալաշկերտի» պաշտպանի խաղից: Ըստ Ձեզ՝ որն է մեր թիմի ամենաօպտիմալ կենտրոնական պաշտպանների զույգն այս պահին:

Տեսեք, դարձյալ ընդգծվում է մարզիչի դերակատարումը: Նա չի ասում, որ իմ խաղացողն այնքան էլ հաջող հանդես չի եկել, փոխարենը ոգևորում է նրան: Թե ինչ են մտածում երկրպագուները, դա նրանց կարծիքն է: Մարզիչը կարող է առանձին զրույցի ժամանակ ֆուտբոլիստին հայտնել իր դժգոհությունը, սակայն հրապարակայնորեն չի անում դա, ինչը շատ գովելի է: Իհարկե, սխալներ եղել են, բայց չի կարելի ասել, որ Տարոն Ոսկանյանը վատ է խաղացել: Ինչպես կարելի է որակել վատ խաղ, եթե թիմը հաղթեց 2:0 հաշվով, իսկ նա մինչև վերջ խաղաց ու որոշ դրվագներում փրկեց թիմին:

Ամենաօպտիմալ զույգի մասով կասեմ, որ բոլոր տղաներն էլ ապացուցել են, որ յուրաքանչյուր խաղում կարող են դուրս գալ խաղադաշտ և ցուցադրել լավ ֆուտբոլ: Մարզիչը, գնահատելով ֆուտբոլիստների վիճակը, կատարում է այդ ընտրությունը:

Խոակին Կապառոսի գլխավորությամբ թիմն ավելի համակարգված է գործում պաշտպանվելիս և Իսլանդիայի դեմ խաղում հաջող պաշտպանությունը, երևի, անակնկալ չէր: Սակայն Ձեզ համար սպասելի՞ էր, որ իսլանդացիների դեմ խաղում Հայաստանի հավաքականը երկրորդ հարկում շանս չի տա մրցակցին:

Պետք է նկատել, որ հիմնականում ստանդարտ դիրքերի խաղարկման ժամանակ էին լինում բարձրից փոխանցումներ: Խաղի ընթացքում այդպիսի փոխանցումները շատ քիչ էին, քանի որ մեր տղաները թույլ չէին տալիս դա: Պաշտպանությունը միայն պաշտպանների խաղը չէ, դա թիմային գործողություն է, ինչը սկսել է ավելի լավ ստացվել մեր թիմի մոտ: Ամբողջ թիմը պաշտպանվում է, իսկ դա շատ կարևոր է: Ամեն դեպքում, առաջին խաղակեսում այնքան էլ լավ չէր, բայց ընդմիջումից հետո իրավիճակը փոխվեց: Գոլից հետո մեր թիմը սկսեց ավելի կազմակերպված գործել: Դավիդ Յուրչենկոն մի քանի անգամ փրկեց մեզ, սակայն որոշ դրվագներում անվստահ գործեց: Կցանկանայի, որ այդպիսի սխալներ չլինեին, քանի որ դարպասապահի խաղը շատ կարևոր է: Ամեն դեպքում, մենք ունենք մի դարպասապահ, որը երկար ժամանակ հուսալի է խաղում:

Որպես անվանի պաշտպան, կխնդրեմ գնահատեք Վարազդատ Հարոյանի խաղը և նրա գործողությունները որպես թիմի ավագ:

Վարազդատ Հարոյանն ապացուցեց, որ շատ հասուն ֆուտբոլիստ է, շատ հասուն խաղ է ցուցադրում և հանդիսանում է հավաքականի առաջատարներից մեկը: Ամենակարևորը, որ Վարազդատը կարողանում է իր գործողություններով որգևորել թիմակիցներին: Նա կարողանում է ճիշտ ժամանակին կարդալ խաղը և խափանել մրցակցի գրոհը, հաղթում է մենապայքարներում. այդ ամենը ոգևորում է թիմին: Այդ ամենով նա ցուցադրում է, որ թիմի առաջատարն է: Բնականաբար, նա միանգամից չի հասել դրան: Օրինակ՝ տարիներ առաջ նա այդպես չէր խաղում: Դրա համար ենք նշում ֆուտբոլիստների՝ արտասահմանում խաղալու կարևորության մասին: Երբ նա Իրանից տեղափոխվեց Եկատերինբուրգի «Ուրալ», սկսեց խաղալ ավելի վստահ, քանի որ շատ սովորեց Ռուսաստանի առաջնությունից ու մարզիչներից, որոնք նրան ուղորդեցին ճիշտ խաղալուն: Այդ ամենը բերեց նրան, որ Վարազդատը դարձավ մեր հավաքականի լավագույն խաղացողներից մեկը: Հատկապես նախորդ խաղը շատ տպավորիչ էր: Հարոյանն ապացուցեց՝ ճիշտ է, որ ավագի թևկապը նրա ձեռքին էր: Հուսով եմ, որ նա այդպես կգործի յուրաքանչյուր խաղում, քանի որ ոգեշնչում է մյուսներին: Նույնը կիսապաշտպանությունում անում է Տիգրան Բարսեղյանը, իսկ առջևի գծում կցանկանայի, որ ավելի լավ խաղար Սարգիս Ադամյանը: Իմ կարծիքով՝ Բրիասկո Բալեկյանը դեռ չի հասկանում, չի զգում մեր տղաներին: Կարծում եմ՝ նա ունի ներուժ, որը կարող է օգտակար լինել հավաքականին:

Ըստ Ձեզ՝ Վարազդատ Հարոյանի որակաները նրան թույլ չե՞ն տալիս հանդես գալ ավելի բարձրակարգ թիմերում:

Հիմա նա խաղում է «Աստանայում», որը Ղազախստանի առաջատար ակումբներից է: «Ուրալը» ևս ուժեղ թիմ է Ռուսաստանի առաջնության պայմաններում: Վարազդատը շատ լավ էր հանդես գալիս այնտեղ և չկասկացա, թե ինչի համար «Ուրալը» չփորձեց նրան պահել թիմում: Եթե նա շարունակի նույն կերպ, վստահ եմ, որ կարող է հայտնվել եվրոպական ավելի լավ ակումբներում: 

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով



  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ