18:50  ,  27 մարտի, 2021

Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց «Հանրապետականում» (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Երևանի «Հանրապետական» ստադիոնում նախախաղային մարզում անցկացրեց Իսլանդիայի հավաքականի դեմ 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրի հանդիպումից առաջ, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Մարզմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի նորեկ, ռուսական «Կրասնոդարի» 20-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը Լիխտենշտեյնի դեմ խաղից հետո էր միացել ազգային թիմին:

Մարզումը բաց թողեց հունական «Լամիայի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը: Վերականգնողական փուլը շարունակող 32-ամյա ֆուտբոլիստը նախախաղային ասուլիսում հայտնեց, որ չի մասնակցի նաև Իսլանդիայի հավաքականի հետ հանդիպմանը:

Այս հավաքի համար Հայաստանի հավաքական հրավիրված ֆուտբոլիստներից մարզմանը չէին մասնակցում նաև Յուրի Գարեգինյանը («Նոա»), Պետրոս Ավետիսյանը («Նոա»), Արման Հովհաննիսյանը («Փյունիկ») և «Ուրարտուի» 17-ամյա պաշտպան Էրիկ Սիմոնյանը, որոնք թիմի հետ չէին մեկնել Լիխտենշտեյնի դեմ խաղին:

Մարզվեց նաև օրվա հոբելյարը՝ Հայաստանի հավաքականի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն, որը մարտի 27-ին նշում է ծննդյան 35-րդ տարեդարձը:

Մարտի 27-ին «Հանրապետականում» նախախաղային մարզում էր անցկացրել նաև Իսլանդիայի հավաքականը:

Հայաստան - Իսլանդիա հանդիպումը տեղի կունենա Երևանի «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: Խաղը կսպասարկեն ալբանացի մրցավարներ՝ 36-ամյա Էնեա Ջորջիի գլխավորությամբ: Էնեա Ջորջին այս մրցաշրջանում սպասարկել էր նաև «Արարատ-Արմենիայի» ու Լյուքսեմբուրգի չեմպիոն «Ֆոլայի» միջև Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի հանդիպումը, որն անցկացվել էր Երևանում:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի առաջին տուրում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ էր տարել Լիխտենշտեյնի հավաքականի նկատմամբ, իսկ իսլանդացիները հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվել էին Գերմանիայի հավաքականին:

Դավիթ Եղիազարյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում