18:08  ,  22 մարտի, 2021

Սուսաննա Գաբոյան. Երկրի ղեկավարությունն է պատասխանատու Արոնյանի նման շախմատիստի հեռանալու հարցում

Երկրորդ անգամ ավելի ինքնավստահ եմ համալրում շախմատի կանանց Հայաստանի հավաքականը: Հուսամ՝ իմ գիտելիքներով եւ խաղային որակներով հաղթանակներ կբերեմ թիմին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց շախմատի կանանց Հայաստանի Բարձագույն խմբի 76-րդ առաջնության չեմպիոն Սուսաննա Գաբոյանը: 

25-ամյա շախմատիստուհին Հայաստանի առաջնությունում 6,5 միավորով միանձնյա նվաճել է չեմպիոնի կոչումն ու ապահովել իր տեղը ազգային հավաքականում: Սուսաննա Գաբոյանը Հայաստանի չեմպիոն է դարձել նաեւ 2015 թվականին:

Սուսաննա, շնորհավորում եմ Հայաստանի չեմպիոնի կոչում նվաճելու կապակցությամբ: Ամփոփեք Հայաստանի առաջնությունը:

Մեկ տարի մրցման չմասնակցելուց հետո, մի փոքր անսովոր էր նորից խաղատախտակի առջեւ նստել եւ մրցում խաղալ: Սկզբում պատկերացում չունեի, թե ինչպես ինձ համար կդասավորվի առաջնությունը, քանի որ երկար ժամանակ մրցաշարի չէի մասնակցել եւ չգիտեի՝ ինչ մարզավիճակում եմ: Առանձնապես շատ լուրջ գրաֆիկով չէի պատրաստվել: Այսինքն՝ սպասելիքներ, որպես այդպիսին, չունեի:

Մեկնարկային տուրից մրցաշարն ինձ համար շատ լավ ընթացավ: Մինչեւ 6-րդ տուրն առաջին տեղում էի գնում: Այդ ժամանակ, բնականաբար, արդեն մտածում էի հաղթելու մասին: 7-րդ տուրում Աստղիկ Հակոբյանի հետ պարտիայում ծանր պարտություն կրելուց հետո մրցաշարը փոքր-ինչ խառնվեց ինձ համար: Մինչ իմ պարտությունը, Մարիա Գեւորգյանը կես միավորով էր ինձանից հետ: Այդ տուրում Մարիան հաղթանակ տարավ եւ ինձանից առաջ անցավ: Ստացվեց այնպես, որ ես արդեն 2-րդ տեղով էի ընթանում: Դեռ չէի հանձնվել. մինչեւ վերջ պայքարում էի, որ իմ լավագույն արդյունքը ցույց տամ, թեեւ  պարտությունից հետո շատ էի ընկճվել: Փորձեցի չկենտրոնանալ պարտությանս վրա եւ ուժերս կենտրոնացնել վերջին երկու խաղերի վրա: Նախավերջին տուրում հաղթելուց հետո հասկացա, որ հաղթանակը մոտ է: Գլխավորը վերջին տուրն էր ու, բացի իմ հաղթանակից, նաեւ կարեւոր էր Սիրանույշ Ղուկասյան-Մարիա Գեւորգյան դիմակայության արդյունքը: Շատ լարված պայքար ստացվեց նրանց մոտ, սկզբում Մարիան հաղթած դրությունում էր, հետո խառնվեց իրար, ոչ ոքի էր գնում, ապա Մարիան կոպիտ սխալ թույլ թվեց: Այս պարիտիայի ոչ ոքի դեպքում էլ ես էի ճանաչվելու հաղթող: Երբ հասկացա, որ Սիրանույշ Ղուկասյանը պարտվելու տարբերակ չունի, արդեն հանգիստ էի, որ ես առաջինն եմ: Վերջում Մարիան, գուցե լարվածության ֆոնին, պարտվեց, եւ ես միանձնյա դարձա մրցաշարի հաղթող:

Ես ինձ չեմ համարում ուժեղ շախմատիստուհի: Դեռ շատ աշխատանք կա անելու, դեռ պետք է հավաքականին ապացուցեմ, որ արժանի եմ այնտեղ լինել: Առաջնությունում էլ ամենաուժեղը չէի, քանի որ շատերս հավասար էինք, վարկանիշով էլ մոտ ենք իրար: Չեմպիոն դառնալը դեռ չի նշանակում, որ դու ամենաուժեղն ես: Այստեղ ավելի շատ պայքար էր, թե ով մինչեւ վերջ կդիմանա լարվածությանը:

Շախմատում գլխավոր նախապայմաններից մեկը հոգեբանական առումով հանգիստ լինելն է եւ առավելագույն կենտրոնացումը: Դուք ինչպե՞ս եք հաղթահարում լարվածությունը:

Աշխատում եմ շատ չկենտրոնանալ կողքի խաղատախտակների վրա ընթացող խաղերի արդյունքների վրա, ով ինչ ձեռքբերումներ ունի, քանի անգամ է չեմպիոն դարձել: Հիմնականում, ես ինքս ինձ վրա եմ կենտրոնանում եւ այդկերպ ինձ ազատում կողմնակի մտքերից, մտածմունքներին, անհանգստություններից: Տուրերից հետո, տուն վերադառնալուն պես, ինձ ազատում եմ շախմատային մտքերից, պարտիաներից, իմ ճիշտ ու սխալ քայլերից, փորձում այլ բաների մասին մտածել, ֆիլմեր եմ դիտում, մասնավորապես կատակերգություննր, որպեսզի հնարավորինս հանգստանամ:

Քանի՞ տարեկանից եք զբաղվում շախմատով եւ ո՞ւմ շնորհիվ եք ընտրել այս մարզաձեւը:

Սկզբում եղբայրս էր հաճախում շախմատի. ես այդ ժամանակ 6 տարեկան էի: Մի օր, երբ եղբայրս տանը պարապում էր, մոտեցա, ու նա սկսեց ինձ  սովորեցնել շախմատային քարերը դասավորել, փոքր քայլեր սկսնակի համար: Օրեր անց, ինձ տեսավ եղբորս մարզիչ Մհեր Ստեփանյանը եւ մի քանի շախմատային հարց տվեց: Հեշտությամբ պատասխանեցի: Մհեր Ստեփանյանը, որը հետագայում դարձավ իմ առաջին մարզիչը, ինձ մի քանի հանձնարարություն տվեց տան համար, ապա մայրիկիս ասաց, որ հաջորդ պարապմունքից հաճախեմ դասերի: Այդպես սկսեցի զբաղվել շախմատով: 7 տարեկանում դարձա 10 տարեկանների Հայաստանի փոխչեմպիոն: Ի դեպ, այդ առաջնությունում ես մրցել եմ Մարիա Գեւորգյանի հետ: Մինչեւ մեծահասակներ, դա առաջին ու միակ դեպքն էր, որ ես եւ Մարիան խաղացինք մի տարիքային խմբում: Մենք երկուսով կիսեցինք առաջին տեղը, ապա եւս մեկ մրցախաղ անցկացվեց մեր միջեւ, Մարիան դարձավ  մինչեւ 10 տարեկանների Հայաստանի չեմպիոն, ես փոխչեմպիոն: Դա եղավ իմ առաջին լուրջ հաջողությունը շախմատում:

Հայաստանի առաջնությունից հետո Թուրքիայում մասնակցեցի Եվրոպայի առաջնությանը ու այդպես սկսվեց իմ շախմատային կարիերան: Քանի որ մինչեւ 10 տարեկանների Հայաստանի առաջնության մրցանակակիր էի, ինձ ընդունեցին շախմատի ակադեմիա, որտեղ սովորեցի մինչեւ 18 տարեկան: Այդ ընթացքում 7 անգամ եղել եմ Հայաստանի չեմպիոն, երկու անգամ փոխչեմպիոն:

2015 թվականից տղափոխվեցի մեծահասակներ եւ նույն տարում դարձա  Հայաստանի չեմպիոն, համալրեցի հավաքականը: Այդ ժամանակ հավաքական թիմում խաղում էին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան եւ Լիլիթ Գալոյանը:

Ինչպիսի՞ն է եղել նորամուտը ազգային հավաքական, ինչպե՞ս եք դրսեւորել Ձեզ թիմում:

Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել եմ աշխարհի ու Եվրոպայի առաջնության, թիմային մրցաշարերի, բայց, առանձնապես, չեմ փայլել իմ մրցելույթներով: Ինձ համար մեծ պատասխանատվություն էր, գերլարված վիճակ, որ ես ներկայացնում եմ Հայաստանի հավաքականը, երկիրը: 19 տարեկան էի եւ թիմային պայքարին մասնակցելու փորձի պակաս ունեի: Միտքը, որ դու խաղում ես թիմի, երկրի համար, մեծ սթրես էր ինձ համար:

6 տարի անց կրկին համալրում եք հավաքականը: Այս անգամ ինչպե՞ս եք տրամադրված եւ որքանո՞վ եք պատրաստ թիմային պայքարին:

Թիմային պայքարը միշտ է լարվածություն առաջացնում: Կարծում եմ՝ այս տարի ավելի ինքնավստահ կլինեմ, անկաշկանդ: Հուսով եմ՝ լավ հանդես կգամ եւ կօգնեմ թիմին միջազգային մրցաշարերում, եթե անցկացվեն, իհարկե: Թիմի կազմում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, ես եւ եւս մեկ պահեստային, որը կորոշվի մրցաշարում: Այս տարի ֆեդերացիան որոշել է 4 շախմատիտսների միջեւ մրցաշար անցկացնել եւ որոշել, թե ով է լինելու երկրորդ համարը:

Սուսաննա, Լեւոն Արոնյանի հեռանալը ինչպե՞ս է անդրադարձել Ձեր վրա, եւ ի՞նչ ազդցություն կունենա հետագայում Հայաստանի հավաքականների ելույթների վրա:

Մինչ այս պահն ինձ համար չափազանց ծանր ու  բարդ է համակերպվել Լեւոն Արոնյանի հեռանալու որոշման հետ: Առանց Լեւոնի հայկական շախմատը, Հայաստանում շախմատը դժվար եմ պատկերացնում: Ունենալ նրա պես շախմատիստ այսպիսի փոքր երկրում, մեծ հպարտություն է:

Լեւոնին չեմ մեղադրում, միայն ցավ եմ ապրում, որ ամեն ինչ բերել է այդ որոշմանը: Եթե Լեւոնն ասում է, որ իր նկատմամբ եղել է ոչ ճիշտ վերաբերմունք, ուրեմն դա իրականություն է, եւ հենց երկրի ղեկավարությունն է պատասխանատու Արոնյանի նման շախմատիստի հեռանալու հարցում: Շախմատային աշխարհում, երբ հարցնում են՝ որտեղից եք, պատասխանում ես՝ Հայաստանից, անմիջապես պատկերացնում են Լեւոն Արոնյան: Մեծ հույսեր ունեմ, որ նա մի օր վերադառնալու է:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ