18:08 22 մարտի, 2021Երկրորդ անգամ ավելի ինքնավստահ եմ համալրում շախմատի կանանց Հայաստանի հավաքականը: Հուսամ՝ իմ գիտելիքներով եւ խաղային որակներով հաղթանակներ կբերեմ թիմին:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց շախմատի կանանց Հայաստանի Բարձագույն խմբի 76-րդ առաջնության չեմպիոն Սուսաննա Գաբոյանը:
25-ամյա շախմատիստուհին Հայաստանի առաջնությունում 6,5 միավորով միանձնյա նվաճել է չեմպիոնի կոչումն ու ապահովել իր տեղը ազգային հավաքականում: Սուսաննա Գաբոյանը Հայաստանի չեմպիոն է դարձել նաեւ 2015 թվականին:
Սուսաննա, շնորհավորում եմ Հայաստանի չեմպիոնի կոչում նվաճելու կապակցությամբ: Ամփոփեք Հայաստանի առաջնությունը:
Մեկ տարի մրցման չմասնակցելուց հետո, մի փոքր անսովոր էր նորից խաղատախտակի առջեւ նստել եւ մրցում խաղալ: Սկզբում պատկերացում չունեի, թե ինչպես ինձ համար կդասավորվի առաջնությունը, քանի որ երկար ժամանակ մրցաշարի չէի մասնակցել եւ չգիտեի՝ ինչ մարզավիճակում եմ: Առանձնապես շատ լուրջ գրաֆիկով չէի պատրաստվել: Այսինքն՝ սպասելիքներ, որպես այդպիսին, չունեի:
Մեկնարկային տուրից մրցաշարն ինձ համար շատ լավ ընթացավ: Մինչեւ 6-րդ տուրն առաջին տեղում էի գնում: Այդ ժամանակ, բնականաբար, արդեն մտածում էի հաղթելու մասին: 7-րդ տուրում Աստղիկ Հակոբյանի հետ պարտիայում ծանր պարտություն կրելուց հետո մրցաշարը փոքր-ինչ խառնվեց ինձ համար: Մինչ իմ պարտությունը, Մարիա Գեւորգյանը կես միավորով էր ինձանից հետ: Այդ տուրում Մարիան հաղթանակ տարավ եւ ինձանից առաջ անցավ: Ստացվեց այնպես, որ ես արդեն 2-րդ տեղով էի ընթանում: Դեռ չէի հանձնվել. մինչեւ վերջ պայքարում էի, որ իմ լավագույն արդյունքը ցույց տամ, թեեւ պարտությունից հետո շատ էի ընկճվել: Փորձեցի չկենտրոնանալ պարտությանս վրա եւ ուժերս կենտրոնացնել վերջին երկու խաղերի վրա: Նախավերջին տուրում հաղթելուց հետո հասկացա, որ հաղթանակը մոտ է: Գլխավորը վերջին տուրն էր ու, բացի իմ հաղթանակից, նաեւ կարեւոր էր Սիրանույշ Ղուկասյան-Մարիա Գեւորգյան դիմակայության արդյունքը: Շատ լարված պայքար ստացվեց նրանց մոտ, սկզբում Մարիան հաղթած դրությունում էր, հետո խառնվեց իրար, ոչ ոքի էր գնում, ապա Մարիան կոպիտ սխալ թույլ թվեց: Այս պարիտիայի ոչ ոքի դեպքում էլ ես էի ճանաչվելու հաղթող: Երբ հասկացա, որ Սիրանույշ Ղուկասյանը պարտվելու տարբերակ չունի, արդեն հանգիստ էի, որ ես առաջինն եմ: Վերջում Մարիան, գուցե լարվածության ֆոնին, պարտվեց, եւ ես միանձնյա դարձա մրցաշարի հաղթող:
Ես ինձ չեմ համարում ուժեղ շախմատիստուհի: Դեռ շատ աշխատանք կա անելու, դեռ պետք է հավաքականին ապացուցեմ, որ արժանի եմ այնտեղ լինել: Առաջնությունում էլ ամենաուժեղը չէի, քանի որ շատերս հավասար էինք, վարկանիշով էլ մոտ ենք իրար: Չեմպիոն դառնալը դեռ չի նշանակում, որ դու ամենաուժեղն ես: Այստեղ ավելի շատ պայքար էր, թե ով մինչեւ վերջ կդիմանա լարվածությանը:
Շախմատում գլխավոր նախապայմաններից մեկը հոգեբանական առումով հանգիստ լինելն է եւ առավելագույն կենտրոնացումը: Դուք ինչպե՞ս եք հաղթահարում լարվածությունը:
Աշխատում եմ շատ չկենտրոնանալ կողքի խաղատախտակների վրա ընթացող խաղերի արդյունքների վրա, ով ինչ ձեռքբերումներ ունի, քանի անգամ է չեմպիոն դարձել: Հիմնականում, ես ինքս ինձ վրա եմ կենտրոնանում եւ այդկերպ ինձ ազատում կողմնակի մտքերից, մտածմունքներին, անհանգստություններից: Տուրերից հետո, տուն վերադառնալուն պես, ինձ ազատում եմ շախմատային մտքերից, պարտիաներից, իմ ճիշտ ու սխալ քայլերից, փորձում այլ բաների մասին մտածել, ֆիլմեր եմ դիտում, մասնավորապես կատակերգություննր, որպեսզի հնարավորինս հանգստանամ:
Քանի՞ տարեկանից եք զբաղվում շախմատով եւ ո՞ւմ շնորհիվ եք ընտրել այս մարզաձեւը:
Սկզբում եղբայրս էր հաճախում շախմատի. ես այդ ժամանակ 6 տարեկան էի: Մի օր, երբ եղբայրս տանը պարապում էր, մոտեցա, ու նա սկսեց ինձ սովորեցնել շախմատային քարերը դասավորել, փոքր քայլեր սկսնակի համար: Օրեր անց, ինձ տեսավ եղբորս մարզիչ Մհեր Ստեփանյանը եւ մի քանի շախմատային հարց տվեց: Հեշտությամբ պատասխանեցի: Մհեր Ստեփանյանը, որը հետագայում դարձավ իմ առաջին մարզիչը, ինձ մի քանի հանձնարարություն տվեց տան համար, ապա մայրիկիս ասաց, որ հաջորդ պարապմունքից հաճախեմ դասերի: Այդպես սկսեցի զբաղվել շախմատով: 7 տարեկանում դարձա 10 տարեկանների Հայաստանի փոխչեմպիոն: Ի դեպ, այդ առաջնությունում ես մրցել եմ Մարիա Գեւորգյանի հետ: Մինչեւ մեծահասակներ, դա առաջին ու միակ դեպքն էր, որ ես եւ Մարիան խաղացինք մի տարիքային խմբում: Մենք երկուսով կիսեցինք առաջին տեղը, ապա եւս մեկ մրցախաղ անցկացվեց մեր միջեւ, Մարիան դարձավ մինչեւ 10 տարեկանների Հայաստանի չեմպիոն, ես փոխչեմպիոն: Դա եղավ իմ առաջին լուրջ հաջողությունը շախմատում:
Հայաստանի առաջնությունից հետո Թուրքիայում մասնակցեցի Եվրոպայի առաջնությանը ու այդպես սկսվեց իմ շախմատային կարիերան: Քանի որ մինչեւ 10 տարեկանների Հայաստանի առաջնության մրցանակակիր էի, ինձ ընդունեցին շախմատի ակադեմիա, որտեղ սովորեցի մինչեւ 18 տարեկան: Այդ ընթացքում 7 անգամ եղել եմ Հայաստանի չեմպիոն, երկու անգամ փոխչեմպիոն:
2015 թվականից տղափոխվեցի մեծահասակներ եւ նույն տարում դարձա Հայաստանի չեմպիոն, համալրեցի հավաքականը: Այդ ժամանակ հավաքական թիմում խաղում էին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան եւ Լիլիթ Գալոյանը:
Ինչպիսի՞ն է եղել նորամուտը ազգային հավաքական, ինչպե՞ս եք դրսեւորել Ձեզ թիմում:
Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել եմ աշխարհի ու Եվրոպայի առաջնության, թիմային մրցաշարերի, բայց, առանձնապես, չեմ փայլել իմ մրցելույթներով: Ինձ համար մեծ պատասխանատվություն էր, գերլարված վիճակ, որ ես ներկայացնում եմ Հայաստանի հավաքականը, երկիրը: 19 տարեկան էի եւ թիմային պայքարին մասնակցելու փորձի պակաս ունեի: Միտքը, որ դու խաղում ես թիմի, երկրի համար, մեծ սթրես էր ինձ համար:
6 տարի անց կրկին համալրում եք հավաքականը: Այս անգամ ինչպե՞ս եք տրամադրված եւ որքանո՞վ եք պատրաստ թիմային պայքարին:
Թիմային պայքարը միշտ է լարվածություն առաջացնում: Կարծում եմ՝ այս տարի ավելի ինքնավստահ կլինեմ, անկաշկանդ: Հուսով եմ՝ լավ հանդես կգամ եւ կօգնեմ թիմին միջազգային մրցաշարերում, եթե անցկացվեն, իհարկե: Թիմի կազմում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, ես եւ եւս մեկ պահեստային, որը կորոշվի մրցաշարում: Այս տարի ֆեդերացիան որոշել է 4 շախմատիտսների միջեւ մրցաշար անցկացնել եւ որոշել, թե ով է լինելու երկրորդ համարը:
Սուսաննա, Լեւոն Արոնյանի հեռանալը ինչպե՞ս է անդրադարձել Ձեր վրա, եւ ի՞նչ ազդցություն կունենա հետագայում Հայաստանի հավաքականների ելույթների վրա:
Մինչ այս պահն ինձ համար չափազանց ծանր ու բարդ է համակերպվել Լեւոն Արոնյանի հեռանալու որոշման հետ: Առանց Լեւոնի հայկական շախմատը, Հայաստանում շախմատը դժվար եմ պատկերացնում: Ունենալ նրա պես շախմատիստ այսպիսի փոքր երկրում, մեծ հպարտություն է:
Լեւոնին չեմ մեղադրում, միայն ցավ եմ ապրում, որ ամեն ինչ բերել է այդ որոշմանը: Եթե Լեւոնն ասում է, որ իր նկատմամբ եղել է ոչ ճիշտ վերաբերմունք, ուրեմն դա իրականություն է, եւ հենց երկրի ղեկավարությունն է պատասխանատու Արոնյանի նման շախմատիստի հեռանալու հարցում: Շախմատային աշխարհում, երբ հարցնում են՝ որտեղից եք, պատասխանում ես՝ Հայաստանից, անմիջապես պատկերացնում են Լեւոն Արոնյան: Մեծ հույսեր ունեմ, որ նա մի օր վերադառնալու է:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.