23:04  ,  17 մարտի, 2021

Լևոն Արոնյանը դարձյալ պարտվեց Մագնուս Կարլսենին և լքեց պայքարը

Meltwater Champions Chess Tour-ի արագ շախմատի Magnus Carlsen Invitational մրցաշարի քառորդ եզրափակիչի երկրորդ խաղային օրը Լևոն Արոնյանը 1:2 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին և լքեց պայքարը:

Առաջին պարտիայում հաղթեց ՖԻՖԵ-ի առաջատարը, իսկ մյուս 2 պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի: Քառորդ եզրափակիչի առաջին խաղային օրը Կարլսենը հաղթել էր 2.5:0.5 հաշվով:

Կիսաեզրափակիչում Մագնուս Կարլսենի մրցակիցը կլինի ռուս Յան Նեպոմնյաշչին: Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվճարկեն Ուեսլի Սոն (ԱՄՆ) ու Անիշ Գիրին (Հոլանդիա):

Մրցաշարի նախնական փուլում Լևոն Արոնյանը 15 տուրերում վաստակել էր 8 միավոր 16 մասնակիցների մեջ 8-րդ տեղով դուրս եկել փլեյ-օֆֆ: Կարլսենը 10.5 միավորով գրավել էր առաջին տեղը: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 220 հազար դոլար է։

Հիշեցնենք, որ Արոնյանն առաջին մրցաշարն է անցկացնում Հայաստանի դրոշի ներքո հանդես գալուց հրաժարվելուց հետո: Սակայն այս մրցաշարում նա դեռ չի ներկայացնում ԱՄՆ-ը և հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում