21:18  ,  14 մարտի, 2021

Լեւոն Արոնյան․ Երբ նախաձեռնություն էի ցուցաբերում, հասկացնում էին, որ կարծիքս ոչ մի արժեք չունի

Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր Լեւոն Արոնյանը LevitovChess-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի հավաքականից հեռանալու եւ առաջիկայում ԱՄՆ տեղափոխվելու որոշման պատճառների մասին:

«Ես պետք է ձգտեմ օգտագործել իմ ներուժը, սակայն վերջին շրջանում զգում եմ, որ Հայաստանում իմ նկատմամբ ոչ մի վերաբերմունք չկա։ Պետությունը ինձ միշտ օգնել է, իսկ եթե չի էլ օգնել, ապա ցույց է տվել հարգանքի նշաններ։

Երբ ես տեսնում եմ, որ իմ ոլորտում ինչ-որ բան այնպես չէ, ես ձգտում եմ ինչ-որ բան փոխել, իսկ այստեղ ամեն անգամ, երբ նախաձեռնություն էի ցուցաբերում, ինձ հասկացնում էին, որ իմ կարծիքը ոչ մի արժեք չունի։

Խնդիրը գումար չէ։ Զգում ես, որ քեզ ծաղրում են․ հրավիրում են հանդիպման, իսկ իրենք չեն ներկայանում կամ ամեն ասածդ ընկալում են որպես նախկին իշխանությունների սիրելիի ասած։

Վիրավորական է: Երբ դու ապաքաղաքական կերպար ես, զբաղվում ես միայն քո գործով ու քեզ վերաբերվում են այլ կերպ: Տպավորություն էր ստեղծվել, թե ես մշտապես ինչ-որ բան ուզող անձնավորություն եմ:

Ես ներկայացնում եմ պրոֆեսիոնալ ոլորտային տեսակետ։ Փաստում եմ, որ նախորդ իշխանություններն արել են ամեն ինչ շախմատի համար, ինձ համար, բայց հարցը դա չէ։ Եթե դու իսկապես երկրի նվիրյալ ես, ոլորտները չպետք է բաժանես ընդդիմադիրի, իշխանականի:

Այս ամենն հիշեցնում է գյուղական «բազար», եւ ես չէի կարող ուղղակի համակերպվել այս ամենի հետ: Իմ յուրաքանչյուր խոսքն ընդունվել է հենց այս կերպ, եւ ինձ համար այս վիճակը շատ տհաճ էր:

Ես ուզում եմ զարգացնել իմ ներուժը որպես շախմատիստ: Գուցե ես բացարձակ ներուժ չունեմ, բայց ես մարդ եմ, ով մինչեւ վերջ նվիրվում է շախմատին։ Իսկ այս պարագայում ես ուզում եմ դրան համարժեք վերաբերմունք տեսնել իմ հանդեպ:

Հայաստանը փոքր երկիր է, ես էլ քիչ թե շատ հայտնի ֆիգուր եմ եւ իմ սիրտը ցավում է շախմատի համար, ոլորտի նկատմամբ նման վերաբերմունքից: Ուզում եմ, որ հաղթանակները, հաջողությունները շարունակական լինեն:

Ինձ համար չկա ավելի մեծ հաճույք, քան ապրել հայրենի երկրում եւ խոսել մայրենի լեզվով: Ծնողներս ինձ դաստիարակել են հայեցի: Անկախ քեզանից դու ապրում, մտածում, գործում ես հայեցի, որովհետեւ այլ կերպ չես կարող։ Ուզում ես, որ ձայնդ հասանելի լինի, իսկ քեզ յուրաքանչյուր անգամ լռեցնում են: Զգում ես քեզ ավելորդ մարդ քո երկրում: Հոգեպես բարդ է այս մթնոլորտում ապրել:

Չգիտեմ, թե ԱՄՆ հավաքականում ինչ հաջողությունների կհասնեմ, այդ ուղին ինձ մինչեւ ուր կտանի, բայց ես ուզում եմ զբաղվել շախմատով, լինել սպորտում եւ գլխավոր նպատակ չեմ դրել իմ առջեւ ինչ-որ բանի հասնել այլ հավաքականում: Ես վստահ եմ, որ իմ այս ուղին շարունակական կլինի: Մանկուց հավատացել եմ, որ ոչինչ հենց այնպես չի լինում։ Ամեն ինչում կա նշանակություն»,- ասել է Լեւոն Արոնյանը:

Հայ գրոսմայստերը դեռ չի ներկայացնում ԱՄՆ-ը եւ Meltwater Champions Chess Tour արագ շախմատի մրցաշարում հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում