20:08  ,  25 փետրվարի, 2021

Էդմոնդ Նազարյան. Հայրս իմ ամենամեծ քննադատն է (ֆոտո)

Հայրս իմ ամենամեծ քննադատն է: Նա միշտ միայն իմ սխալներն է ասում ու երբեք ցույց չի տալիս, որ գոհ է ինձանից: Նպատակս նրան հասնելն ու գերազանցելն է մեծ սպորտում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Բուլղարիան ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ, 2020 թվականի Եվրոպայի չեմպիոն, 19-ամյա Էդմոնդ Նազարյանը:

Փետրվարի 26-ին Կիեւում կմեկնարկի օլիմպիական տարվա առաջին ստուգատեսն ըմբիշների համար: Մրցաշարից առաջ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի եւ Բուլղարիայի հավաքականները Երեւանում 14-օրյա համատեղ հավաք անցան կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի ու Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ: Երեւանյան հավաքին մասնակցում էր նաեւ Արմեն Նազարյանի որդի Էդմոնդ Նազարյանը:

Էդմոնդ, արդեն երկրորդ տարին մրցումային տարվա առաջին հավաքը թիմակիցներիդ անցնում ես Հայաստանում՝ հայրիկիդ գլխավորությամբ: Ինչպե՞ս է անցել այս տարվա հավաքը Երեւանում:

Հավաքը շատ լավ է անցնել: Ես ինձ իսկապես շատ լավ եմ զգում այստեղ: Ապրում եմ Բուլղարիայում, բայց Հայաստանը նույնպես իմ հայրենիքն է եւ ես ինձ այստեղ զգում եմ՝ ինչպես տանը: Հայ ժողովուրդը յուրահատուկ է, բարի, սրտաբաց: Իմ թիմակիցները նույնպես լավ են զգում այստեղ: Նրանք շատ են հավանում մեր Երեւանը, Հայաստանի բնությունը, մասնավորապես, սիրում են հայկական ավանդական ճաշատեսակները: Ասում են՝ շատ համեղ է: Լավ սնվում են, գիրանում, հետո մարզումներին կորցնում հավաքած քաշը: Հայաստանում շատ ընկերներ ունեմ: Մշտապես կապի մեջ եմ նրանց հետ:

Հայաստանի հավաքականի հետ համատեղ մարզումները շատ օգտակար են բոլորիս համար: Լավ զույգեր ունենք, բոլորիս համար օգտակար է, զարգացնում ենք մեր տեխնիկան: Արդյունքն ակնհայտ է, այդ պատճառով հաճախակի ենք հավաք անցկացնում այստեղ:

Մարզումների ժամանակ հավաքականի անդամների հետ ընկերներ եք, բայց հաճախակի հանդիպում եք մրցագորգում: Ինչպե՞ս ես ինքդ հաղթահարում այդ խոչընդոտը, երբ մրցակիցդ ազգակիցդ ու ընկերդ է:

Գորգում ընկեր, ախպեր չկա: Եթե դուրս է եկել գորգ, ուրեմն ուզում է քեզ հաղթել: Գորգից դուրս հավատարիմ ընկերներ ենք ու ցանկացած հարցում կանգնած ենք կողք-կողքի: Մրցագորգում չես կարող միավոր տալ զուտ նրա համար, որ ընկերդ է, հարազատդ, ազգակիցդ, մեկ շաբաթ առաջ միասին ճաշում էիք, զբոսնում: Ամեն ինչ մոռացվում է: Սա սպորտ է եւ այն չի ճանաչում ընկեր, մտերիմ, հարազատ: Եթե դու ուզում ես հաղթող լինել, պետք է այդ պահին մոռանաս ամեն ինչ:

Էդմոնդ, ինչպե՞ս հայտնվեցիր ըմբշամարտի գորգում որպես մարզիկ: Օլիմպիական չեմպիոն հայրդ ուղղորդե՞ց, թե՞ ամեն դեպքում գեներն իրենց դերն ունեցան:

Երբ առաջին անգամ հայրս ինձ տարավ ըմբշամարտի դահլիճ, ես խաղում էի, լուրջ չէի վերաբերվում սպորտին, մարզաձեւին: Նա ինձ թողեց, որպեսզի ես ինքս սիրեմ մարզաձեւը: Սկսեցի ուսումնասիրել նրա անցած ուղին, նայում էի նրա տեսանյութերը, գոտեմարտերը: Ինձ դուր էին գալիս հնարքները, շատ գեղեցիկ էին: Մի օր ինքս ինձ ասացի, որ ես ևս ցանկանում եմ ընտրել այս սպորտն ու նրա պես գեղեցիկ հնարքների տիրապետել: Գնացի մարզադահլիճ, սկզբնական շրջանում ինքնուրույն էի մարզվում, ավելի շատ սիրողական զբաղվում էի, խաղում: Հետո ինձ նկատեց մեր մարզիչներից մեկն ու վերցրեց իր մոտ: Ինձ հետ հայրս չի աշխատել սկզբում: Ես ունեցել եմ իմ անձնական մարզիչը:

Իսկ մայրդ դե՞մ չէր, որ շարունակեիր հայրիկիդ ճանապարհը:

Դեմ չէր, բայց նեղվում է, որ տանը շատ չենք լինում: Մարզումների, հավաքների շրջանում ուշ-ուշ ենք միմյանց տեսնում, տանը լինում: Կարոտը սպորտի դժվարություններից մեկն է, որը պետք է կարողանալ հաղթահարել, որպեսզի արդյունքների ուրախությունն ավելի մեծ ու քաղցր լինի:

Ինչ նպատակ ես դրել քո առջեւ՝ հասնե՞լ, թե՞ գերազանցել հայրիկիդ:

Նպատակս մեկ անգամ օլիմպիական չեմպիոն դառնալն է: Եթե ես մեկ անգամ կարողանամ հաղթել Օլիմպիական խաղերում, երկրորդ, երրորդ հաղթանակն անպայման կլինի: Եթե ես մեկ անգամ հաղթում եմ, իմ մոտ ավելի ուժեղ մոտիվացիա եւ հավատ է առաջանում: Այսինքն՝ նպատակս նախ նրան հասնելն է, իսկ հետո նոր գերազանցելը:

Օրինակ՝ ես դարձա Եվրոպայի չեմպիոն: Հնարավորություն է ստեղծվել գնալ երկրորդ չեմպիոնության հետեւից: Եվրոպայի առաջնությունում ինքս ինձ ապացուցեցի, որ կարող եմ: Ես այդ ժամանակ դեռ նոր էի տեղափոխվել երիտասարդների հավաքական: Ինձ հնարավորություն տրվեց մասնակցել մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: Հաղթեցի ու հասկացա, որ այսուհետև ես շարունակելու եմ պայքարը մեծահասակների մակարդակում: Ինձ համար շատ բարդ է:

Այսինքն՝ երիտասարդական հավաքականի կազմում մրցաշարերի չմասնակցեցի՞ր:

Ոչ: Երբ պատանիներից տեղախովեցի երիտասարդներ, միանգամից հնարավորություն եղավ ուժերս փորձել մեծահասակների մակարդակում: Երիտասարդների պայքարում որեւէ մրցաշարի չմասնակցեցի: Եվրոպայի առաջնությունում հաղթելուց հետո ընդգրկվեցի մեծահասակների հավաքական: Այդ ժամանակ դեռ 18 տարեկան էի:

Եվրոպայի չեմպիոնությունը ի՞նչ փոխեց քո կյանքում:

Ավելի շատ սկսեցին ճանաչել ինձ: Մոտեցումն իմ նկատմամբ փոխվեց, բայց ես նույն Էդմոնդն եմ, ինչպես ինձ ճանաչել են փոքր տարիքից: Իմ նպատակները մնացել են նույնը, մեդալը չի փոխել ինձ: Այժմ սովորում եմ Բուլղարիայի պետական տնտեսագիտական համալսարանում: Երբ դարձա չեմպիոն, վերադարձա Բուլղարիա, գնացի դասի, բոլորն ինձ շատ ջերմ ընդունեցին: Բոլորը զարմացել էին, թե ինչպես կարողացա հաղթել՝ չունենալով մեծահասակների պայքարում մրցումային փորձ: Այնտեղ շատ լավ էին լուսաբանել իմ հաղթանակը, բոլորը մոտենում և շնորհավորում էին: Ինձ այդ ընդունելությունը շատ ուրախացրեց, մոտիվացիա տվեց, որ ընկերներս ինձ հետ են ու այդպես ուրախանում են ինձ համար: Որ գնում եմ դասի, զգում եմ՝ մարդկանց հայացքները փոխվել է՝ «Եվրոպայի չեմպիոնը եկավ». մոտավորապես այդպես են ընդունում:

Իսկ քեզ չի՞ կաշկանդում այդչափ ուշադրությունը:

Դուր է գալիս: Բուլղարացիները զարմանքից են այդպես ընդունում ինձ: Ես սենսացիա եմ կատարել իրենց համար: Տարիքային առումով սա աննախադեպ հաղթանակ է նրանց համար: 18 տարեկանում մեծահասակների մակարդակում հաղթելն, իրոք, չլսված բան էր: Նույնիսկ ըմբշամարտից չհասկացողներն են զարմացած:

Իսկ հա՞յրդ, նրա համար էլ էր զարմանալի քո հաղթանակը:

Զարմացել էր, բայց երբեք ցույց չի տվել: Նա իմ ամենամեծ քննադատն է: Միշտ իմ սխալներն է ասում միայն, բայց երբեք չի գովում ինձ իմ ներկայությամբ: Նույնիսկ, եթե ես լավ եմ գոտեմարտում ու շուրջ բոլորս գովում են, նա նայում է եւ գալիս իմ սխալներն ասում միայն: Գուցե ուրիշների մոտ է ինձ գովում, ինձանով ուրախանում, բայց երբեք ինձ ցույց չի տալիս:

Ո՞վ է քո կուռքն ըմբշամարտում:

Իմ կուռքը հայրս է: Ես ձգտում եմ նրան նման լինել, նրա հնարքներին տիրապետել: Ինձ համար ընտրել եմ նրա հետ գցում հնարքը: Նա է ինձ տրամադրում մեծ հաղթանակների: Ֆավորիտներ ունեմ նաեւ Հայաստանի հավաքականի կազմում: Ինձ դուր է գալիս հայի գոտեմարտելու ոճը, թե ինչ լավ տեխնիկա ու արագություն ունեն:

Շնորհակալ եմ իմ ծնողներին, մարզիչներին, ընկերներին, որ ինձ հետ են, ինձ տվել են հաղթող լինելու այս հնարավորությունը: Շնորհակալ եմ նաեւ Հայաստանի հավաքականի մարզիչներին, թիմի անդամներին մեզ միշտ այդպես ջերմ ընդունելու համար:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս