16:02  ,  15 փետրվարի, 2021

Սմբատ Լպուտյան. Ես ներկա չեմ եղել ֆեդերացիայում Արոնյանի որոշման վերաբերյալ քննարկումներին

Շախմատի ֆեդերացիայում Լևոն Արոնյանի որոշման վերաբերյալ քննարկումներ եղել են, նաև՝ նախագահի հետ, բայց այդ պահին ես ներկա չեմ եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, որն անդրադարձավ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի շուրջ ստեղծված իրավիճակին, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Իրականում, ես հիմա գուցե չկարողանամ տալ ամբողջական ճիշտ պատասխանը, այդ պատճառով չէի ցանկանա կարծիք հայտնել այդ հարցի շուրջ: Վստահ եմ, որ Լևոնը կարտահայտվի իր որոշման վերաբերյալ: Այնպես որ, կցանկանայի, որ այդ մասով խոսեր Լևոնը: Ես զրուցել եմ Լևոնի հետ և նա ասել է, որ այդ հարցերին կպատասխանի ինքը: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ հենց նա պատասխանի: Ֆեդերացիայում այդ հարցով քննարկումներ եղել են, բայց այդ պահին ես ներկա չեմ եղել: Կարող եմ ասել մեկ բան, որ Լևոնի պես շախմատիստներ հազվադեպ են ծնվում, և դրանք գանձեր են շախմատային աշխարհի ու մեր երկրի համար: Շատ կցանականայի, որ հասարակությունը կարողանա գնահատել արժեքները: Շատ հեշտ է արժեքազրկել, բայց արժեքներ ձեռք բերելը դա բոլորին չի տրվում: Լևոնին համարում եմ հայկական շախմատի պատմության լավագույն ներկայացուցիչներից մեկը: Մենք միշտ փայփայել ենք այդ արժեքնելը և եղել հոգատար բոլոր ոլորտների այդպիսի մարդկանց հանդեպ: Եթե մարդիկ ճանաչում են բերում հայ ժողովրդին, մենք պետք է լինենք շատ հոգատար և ուշադիր»,- ասել է Սմբատ Լպուտյանը:

Հարցին, թե արդյոք այս պահին Լևոն Արոնյանը Հայաստանի հավաքականի կազմում է և շարունակում է մնալ թիմի առաջատարը, Լպուտյանը նշեց հետևյալը.

«Ես այդպիսի բան չասացի: Այդ մասին կխոսի Լևոնը: Ցանկանում եմ դիմել մեր հասարակությանը, փորձենք չոտնահարել բոլոր ոլորտներում մեր ունեցած արժեքները: Հիմնականում դրանք ոտնահարում են մարդիկ, որոնք շատ բան չեն կարողանում անել: Եթե շախմատիստը ցանկանա տեղափոխվել այլ երկիր, ֆեդերացիան ոչինչ չի կարող անել: Ես դժվար եմ պատկերացնում մեր հավաքականի բարձր ցուցանիշներն առանց Լևոն Արոնյանի: Մենք ունենք լավ պատանի շախմատիստներ, որոնք մոտենում են թիմի ամբողջական անդամ դառնալուն, բայց այդպիսի տաղանդներ հազվադեպ են լինում: Մենք շատ անելիքներ ունենք: Հեշտ չէ հենց այնպես փոխարինել Լևոն Արոնյանի պես շախմատիստի»:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Լևոն Արոնյանը հրաժարվել է հանդես գալ ՀՀ դրոշի ներքո եւ պատրաստվում է մշտական բնակության տեղափոխվել ԱՄՆ և ներկայացնել այդ երկիրը։

Տեղեկությունը համացանցում հայնտվելուն պես դժգոհությունների մեծ ալիք բարձրացրեց: Ավելի ուշ Լևոն Արոնյանի մայր Սեդա Արոնովնան ֆեյսբուքյան գրառումով անդրադարձել էր որդու հասցեին քննադատություններին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում