13:51  ,  14 հունվարի, 2021

Արթուր Սողոմոնյան. Ստեղծված իրավիճակն անընդունելի է «Փյունիկի» համար

Ծրագրում ենք ուժեղացնել թիմը և շտկել իրավիճակը, որը ստեղծվել է առաջնության առաջին հատվածից հետո: Դա, իհարկե, անընդունելի իրավիճակ է «Փյունիկի» համար: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ հարցազրույցում ասել է Երևանի «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը:

«Փյունիկում» փոփոխությունների փուլ է վերջին շրջանում: Վերջերս Հայաստանի 14-ակի չեմպիոնի գլխավոր մարզիչի պաշտոնում Արտակ Օսեյանին փոխարինեց Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Եղիշե Մելիքյանը, ինչպես նաև ակումբից հեռացավ գլխավոր տնօրեն Վլադիսլավ Խապսասը: 

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Արթուր Սողոմոնյանը խոսել է տեղի ունեցած փոփոխությունների ու առաջիկա անելիքների մասին:

Վերջերս «Փյունիկում» տեղի ունեցավ մարզչական փոփոխություն: Ինչո՞ւ ակումբի ընտրությունը կանգ առավ հենց Եղիշե Մելիքյանի վրա:

Մենք միշտ բարձր նպատակներ ենք դնում մեր առջև, և դրանց հասնելու համար անհրաժեշտ է համապատասխան մարզիչ: Առաջին հերթին, մենք նայում ենք հայ մարզիչների, և Եղիշեն շատ է համապատասխանում մեզ: Նա ունի ամբիացիաներ ու արտասահմանում աշխատելու փորձ: Նրա հետ քննարկումներից հետո հասկացանք, որ շատ հարցերում համակարծիք ենք: Հուսով եմ, որ կլինի հաջող ու երկարաժամկետ համագործակցությունը:

Նորանշանակ մարզիչը նոր համալրումների ցանկություն արդեն հայտնե՞լ է, թե՞ կազմում գլոբալ փոփոխություններ չեն լինի այս տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Մենք արդեն պայմանավորվածություն ենք ձեռք բերել մի քանի տրանսֆերների վերաբերյալ: Իհարկե, ծրագրում ենք ուժեղացնել թիմը և շտկել իրավիճակը, որը ստեղծվել է առաջնության առաջին հատվածից հետո: Դա, իհարկե, անընդունելի իրավիճակ է «Փյունիկի» համար: Հույս ունեմ, որ մրցաշրջանի երկրորդ հատվածում կշտկենք իրավիճակը և կուրախացնենք մեր երկրպագուներին: Հայաստանի առաջնության թիմերի խաղամակարդակը շատ մոտ է, առջևում կան շատ խաղեր: Վստահ եմ, որ դեռ ոչինչ կորած չէ, հիմնական պայքարն առջևում է:

Ըստ Ձեզ՝ որո՞նք էին Արտակ Օսեյանի անհաջողությունների գլխավոր պատճառները:

Բարդ է ասել, ըստ իս՝ նա հետաքրքիր ու բավականին որակյալ մարզիչ է: Կար նաև իմ սխալը, քանի որ ես խնդրել էի առաջին հերթին շեշտը դնել հայ ֆուտբոլիստների վրա: Ինչպես երևում է, այդպիսի քաղաքականությունը դեռ չի արդարացնում իրեն: Կային նաև օբյեկտիվ պատճառներ: Պատերազմի հետևանքով Հայաստանում ստեղծվել էր ծանր իրավիճակ, որն անդրադարձավ բոլորի վրա: Մեր թիմում ամենաշատն են տեղացի ֆուտբոլիստները և, իհարկե, նրանց համար բարդ էր այդ շրջանում կենտրոնանալ ֆուտբոլի վրա: Որոշ խաղացողներ կորուստներ ունեցան հարազատների շրջանում: Դժգոհություն չունեմ մարզիչի աշխատանքի կամ մոտիվացիայի վերաբերյալ, հրաժարական տալն Արտակ Օսեյանի որոշումն էր: Մրցաշրջանի սկզբում մենք գրեթե նոր թիմ հավաքեցինք, անհրաժեշտ էր ժամանակ: Կար նաև հաջողության գործոնը, քանի որ գրեթե բոլոր խաղերում հավասար պայքար էր: Մրցաշրջանի սկզբում ես շեշտը դնում էի մեր սաների վրա և մենք հասկանում էինք, որ առաջընթաց գրանցելը բարդ է լինելու, սակայն ոչ ոք չէր սպասում այսպիսի ձախողման: Կկրկնեմ, որ ամեն դեպքում, կային օբյեկտիվ պատճառներ:

Վերջերս «Փյունիկից» հեռացավ նաև ակումբի գլխավոր տնօրեն Վլադիսլավ Խապսասը, որը բավական կարճ աշխատեց թիմում: Նրա աշխատանքը չէ՞ր գոհացնում, թե՞ կային այլ պատճառներ:

Վլադիսլավը մեզ շատ օգնեց կազմակերպչական ու ադմինիստրատիվ հարցերում: Ի սկզբանե մենք պայմանավորվել էինք, որ լինելու է ժամանակավոր համագործակցություն, և եթե նա ունենա առաջարկ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ակումբներից, ապա մենք պետք է բաց թողնենք նրան: Վերջերս նա ստացավ հետաքրքիր առաջարկ, և մենք բաժանվեցինք, բայց պահպանում ենք ջերմ հարաբերություններն ու կապը, ինչը մեզ կօգնի ապագայում:

Ակումբի նոր գլխավոր տնօրենն արտասահմանի՞ց է լինելու, թե՞ հնարավոր է, այդ պաշտոնը զբաղեցնի հայաստանցի մասնագետ:

Ամենայն հավանականությամբ, կլինի տեղացի մասնագետ: Իմ նպատակն է 3 տարում կառուցել բարձր մակարդակի հայկական ակումբ: Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի Հայաստանում գտնել այդպիսի մասնագետի: Մենք ունենք երիտասարդ ու տաղանդավոր կառավարիչներ:

Շատ է խոսվում Հայաստանում որակյալ ֆուտբոլիստների ու մարզիչների պակասի մասին: Իսկ ըստ ձեզ՝ Հայաստանում ֆուտբոլային ֆունկցիոներների պակաս չի՞ զգացվում: Մարդիկ, որոնք կարող են ճիշտ ղեկավարել ակումբները և գտնել զարգացման ուղիներ:

Եթե անկեղծ, կարծում եմ՝ Հայաստանում մեծ դեֆիցիտ կա ինչպես ֆուտբոլային ֆունկցիոներների, այնպես էլ ֆուտբոլիստների ու մարզիչների, հատկապես՝ մանկապատանեկան, սակայն ես աճելու մեծ ցանկություն եմ տեսնում այդ ոլորտում աշխատող երիտասարդների մոտ: Դա հույս է ներշնչում, որ իրավիճակն առաջիկայում կարող է շտկվել, մեզ մոտ պատմականորեն սիրում են ֆուտբոլը: Հիմա հայկական ֆուտբոլն ակտիվ զարգացման փուլում է: Առաջնությունը դառնում ավելի հետաքրքիր, թիմերի քանակն ավելանում է, բայց ֆունկցիոներների պակաս զգացվում է: Սակայն ես լավատեսորեն եմ նայում ապագային և կարծում եմ, որ մի քանի տարուց Հայաստանում կլինեն լավ մասնագետներ:

Կորոնավիրուսի համավարակի սկզբնական փուլում «Փյունիկն» ուներ ֆինանսական լուրջ խնդիրներ: Հիմա այդ առումով ի՞նչ վիճակ է:

Կարծում եմ՝ մենք միակը չէինք, որ ունեինք ֆինանսական խնդիրներ՝ կապված պանդեմիայի հետ: Հայաստանում չկան բյուջետային ակումբներ, բոլորը մասնավոր են: Մեզ հաջողվեց հաղթահարել այդ փուլը, թեև եղան այնպիսիք, ովքեր դժվար պահին հեռացան թիմից, սակայն դա միայն ավելի ուժեղ դարձրեց մեզ: Ինձ համար սկզբունքային էր, որ չլինեն աշխատավարձի ուշացումներ կամ այլ վճարումների հետ կապված խնդիրներ: Պանդեմիան ու պատերազմն ունեցան իրենց հետևանքները, սակայն մեր ծրագրերն անփոփոխ են: Իրավիճակը հիմա էլ բարդ է, բայց ես վստահ եմ, որ մենք գլուխ կհանենք:

Հնարավո՞ր է, որ ակումբի բյուջեն դարձյալ ավելացվի հաջորդ մրցաշրջանի համար:

Այս պահին վաղ է խոսել հաջորդ մրցաշրջանի բյուջեի մասին: Հույս ունեմ, որ մեր երիտասարդ ֆուտբոլիստներից շատերը կառաջադիմեն ու կդառնան ավելի բարձրակարգ խաղացողներ: Մենք ակնկալում ենք, որ մեր կադրերը կզարգանան, այդ պատճառով ամեն բան պարզ կլինի մրցաշրջանի վերջնամասում:

Մրցաշրջանի երկրորդ հատվածում ի՞նչ սպասենք «Փյունիկից», թիմի ամբիցիաները փոխվե՞լ են մարզչական փոփոխությունից հետո:

Մենք հենց այնպես չենք հրավիրել ամբիցիոզ մարզիչի: Եղիշե Մելիքյանի հետ շատ ենք զրուցել հենց ակումբի փիլիսոփայության ու ամբիցիաների վերաբերյալ, եկանք ընդհանուր հայտարարի, իսկ ֆինանսական հարցերը քննարկել ենք ամենավերջում: Ինձ տպավորեց այդպիսի մոտեցումը գործին: Առաջին մարզումներից երևում է մարզիչի պրոֆեսիոնալիզմն ու նվիրումը: Ունեմ մեծ հույսեր, որ առաջնության երկրորդ հատվածում մեզ կհաջողվի «Փյունիկը» վերադարձնել արժանի դիրքեր:

Այս մրցաշրջանից առաջ դուք հայտարարել էիք, որ այսուհետև «Փյունիկը» շեշտը դնելու է տեղացի ու երիտասարդ ֆուտբոլիստների վրա, սակայն թիմին միացան մի շարք լեգեոնականներ: Ըստ Ձեզ՝ այդ լեգեոնականների խաղամակարդակի տեղացի ֆուտբոլիստների պակաս կա՞ Հայաստանում, և ինչպե՞ս եք գնահատում վերջին տարիներին ակումբի կատարած աշխատանքը տրանսֆերային շուկայում:

Իրականում, դա շատ խորը հարց է: Սկզբում մենք շեշտը դրել էինք հայ ֆուտբոլիստների վրա, և ես նույնիսկ պատրաստ էի զոհաբերել արդյունքները, սպասել որոշ ժամանակ, որպեսզի խաղացողները մարզավիճակ հավաքեն, առաջադիմեն, սակայն մենք բախվեցինք շատ լուրջ խնդրի: Ամեն դեպքում, Հայաստանում երկար ժամանակ ուշադրություն չի դարձվել ֆուտբոլիստների պատրաստմանը՝ գումարած դրան, շատերը տեղափոխվում են ավելի հարուստ առաջնություններ:

Ցավոք, դեռ չի ստացվում հավաքել մեծամասամբ հայ խաղացողներից կազմված լուրջ թիմ: Լեգեոնականներ ձեռք բերելու հարցը մենք թողել էինք տրանսֆերային պատուհանի վերջնամասում, և չհասցրեցինք ինչպես հարկն է համալրել բոլոր դիրքերը, այդ պատճառով ձմռանը կլինեն լուրջ համալրումներ: Մենք շատ լավ հասկացանք, որ մեր գաղափարներն իրագործելու համար անհրաժեշտ է ժամանակ: Վստահ եմ, որ առաջնության երկրորդ հատվածում «Փյունիկը» շատ ավելի ուժեղ կլինի ինչպես լեգեոնականների տեսանկյունից, այնպես էլ տեղացի ու երիտասարդ խաղացողների, որոնք առաջընթաց են գրանցում:

«Փյունիկը» Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբն է, և անսովոր է թիմին տեսնել մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում: Ե՞րբ դարձյալ «Փյունիկին» կտեսնենք որպես չեմպիոնական ամբիցիաներով թիմ:

Մենք շատ ենք արժևորում ակումբի պատմությունը, սակայն հիմա ես սկսում եմ կառուցել եվրոպական մակարդակի նոր ակումբ, ծրագրում եմ սկսել ակումբի փիլիսոփայության ու արժեքների ձևավորում: Արդեն պատրաստ է շնորհանդեսը, որի վրա մասնագետների հետ աշխատել ենք կես տարուց ավելի: Ցավոք, պանդեմիայի պատճառով ստեղծված իրավիճակը մեզ թույլ չտվեց մեր նպատակները ներկայացնել մրցաշրջանից առաջ, սակայն ես ծրագրում եմ ակումբի նոր փիլիսոփայությունն ու արժեքները ներկայացնել մրցաշրջանի երկրորդ հատվածից առաջ:

Ինչ վերաբերում է գլխավոր թիմին, ապա կկրկնեմ, որ ես երկարաժամկետ համագործակցություն եմ նախատեսում Եղիշե Մելիքյանի հետ: Իհարկե, բարդ կլինի ասել, որ այս տարի պայքարելու ենք չեմպիոնական տեղերի համար՝ գտնվելով վերջին տեղում, սակայն վստահ եմ, որ առաջնության երկրորդ հատվածը կանցկացնենք ավելի հաջող և կշտկենք իրավիճակը: «Փյունիկը» միշտ եղել է հայկական ֆուտբոլի բարձունքում, և եթե ոչ այս, ապա հաջորդ տարի մենք կպայքարենք չեմպիոնության համար: Մեր գլխավոր նպատակը Հայաստանում լավագույն ակումբ կառուցելն է ոչ միայն առաջին թիմի մակարդակով, այլև ակադեմիայի, ենթակառուցվածքների և այլն: Դրա համար ժամանակ է անհրաժեշտ, բայց գլխավորն այն է, որ մենք ունենք երիտասարդ թիմ ու ամբիցիաներ:

Հայաստանի առաջնությունը չդադարեցվեց պատերազմի օրերին: Դուք կո՞ղմ էիք, որ այդ օրերին խաղերը շարունակվեին:

Գիտեմ, որ կարծիքները տարբեր էին այդ հարցում: Սակայն ես այն կարծիքին էի, որ կյանքը շարունակվում է, և ֆուտբոլը նույնպես ցուցադրում է մեր բնավորությունն ու կարողությունը դժվար պահերին պայքարը շարունակելու հարցում: Չնայած, իհարկե, հայ ֆուտբոլիստների համար դժվար էր կենտրոնանալ ֆուտբոլի վրա: Կարծում եմ՝ ճիշտ չէր լինի հանձնվել ու դադարեցնել առաջնությունը: Հուսով եմ, որ առաջնության երկրորդ հատվածում ամեն բան կանցնի ավելի հետաքրքիր, հուզական ու կյանքով լեցուն:

Արցախում գործող ֆուտբոլային լիգայում հանդես եկող թիմերից մեկը՝ «Շուշին», հանդես էր գալիս ձեր հովանավորությամբ: Արցախի ֆուտբոլի լիգայի ղեկավարները մտադիր են մարտին սկսել նոր մրցաշրջանը: Ունե՞ք մտադրություն շարունակել նպաստել Արցախում ֆուտբոլի զարգացմանը:

Մեր ծրագրերը չեն փոխվել: Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Հույս ունեմ, որ Արցախում ֆուտբոլը չի մահանա, իսկ մենք կնպաստենք, որ արցախցի տաղանդավոր երեխաներն ունենան առաջադիմելու, լուրջ մարզիկ դառնալու ու կյանքում հաջողությունների հասնելու հնարավորություն:

Պատերազմը շատերի մոտ փոխեց կյանքի հանդեպ վերաբերմունքը: Ձեր կյանքում ինչ-որ բան փոխե՞ց այն:

2020 թվականին Հայաստանում տեղի ունեցածը մեծ ողբերգություն է: Այն բերեց շատ ցավ ու վիշտ: Դա, միանշանակ, խորը սպիեր կթողնի բոլորիս կյանքում: Այդ ամենն ինձ մոտ ավելի է մեծացնում հաջողության հասնելու ցանկությունը, այդ թվում՝ հայկական ֆուտբոլում, ու ապացուցել, որ մեր ազգին հնարավոր չէ կոտրել:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով



  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ