11:19  ,  6 հունվարի, 2021

Էդգար Ենոքյան. Հավաքականում «ոսկե սերունդ է»՝ չհանձնվող ու չպարտվող (ֆոտո)

Այն թիմը, որ հիմա ունենք, «ոսկե սերունդ է»՝ չհանձնվող, չպարտվող: Մեր հավաքականը դեռ շատ հաղթանակներ կունենա ու շատ կուրախացնի մեր ազգին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Էդգար Ենոքյանը:

2016 թվականից թիմի երկրորդ մարզիչի պարտականությունները կատարող Էդգար Ենոքյանը Հայաստանի հավաքականի նախկին անդամ է, հանդես է եկել 96 կգ քաշային կարգում: Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է, երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր, Հայաստանի բազմակի չեմպիոն:

Էդգար, ինչպիսի՞ն էր մրցաշրջան 2020-ը ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի համար:

Ինչպես մյուս հավաքականների համար, մեզ համար էլ 2020-ը բարդ ստացվեց, ինչպես տղաների, այնպես էլ մարզիչներիս համար: Երկու խոշոր մրցաշար ունեցանք՝ տարեկսզբում Եվրոպայի առաջնություն եւ վերջում՝ աշխարհի գավաթ: Եվրոպայի առաջնությունում մեկ բրոնզե մեդալ ունեցանք, Արսեն Հարությունյանը նվաճեց: Մյուսները լավ մարզավիճակում էին, բայց մեդալ չնվաճեցին: Մրցաշրջանի վերջնամասը լավ ստացվեց աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում, որտեղ նվաճեցինք երեք մեդալ՝ երեք գույնի: Այստեղ էլ նորից կարող էինք ավելի շատ մեդալներ նվաճել, բայց բավարարվեցինք երեքով: Ամեն դեպքում ուրախացնում է այն փաստը, որ թիմի յուրաքանչյուր անդամ արդեն մեդալային պայքար է մղում: Հաղթանակներ արդեն ակնհայտ են:

Տեւական ժամանակ թիմում կար պարտվողի հոգեբանություն: Ի՞նչ է փոխվել եւ ինպե՞ս ես գնահատում հավաքականի ներուժը:  

Թիմում փոխվել է տրամադրություն, տրամադրվածություն, հոգեբանություն: Սերնդափոխություն եղավ եւ արդյունքը չուշացավ: Իսկապես լավ սերունդ ունենք: Այն թիմը, որը հիմա ունենք «ոսկե սերունդ է», չհանձնվող ու չպարտվող սերունդ է: Պատանեկան, երիտասարդական հավաքականներում այս տղաները ցույց են տվել, որ մրցունակ են, պայքարող, կարող են մեծ հաղթանակների հասնել: Այս սերնդի մեջ հաղթողի հոգեբանությունն է «ապրում»: Եթե նույնիսկ պարտվում են, ուրեմն հաջորդ մրցաշարերում հաղթելու են: Այսինքն՝ պարտությունը նրանց չի ընկճում, հակառակը՝ նրանք ավելի ու ավելի շատ են մարզվում, երկար մնում մարզադահլիճում մարզումների ավարտից հետո:

Թիմում մթնոլորտ է փոխվել: «Բոլորը մեկի, մեկը բոլորի համար» հոգեբանությունն է: Ուրախ եմ ու հպարտ եմ, որ հենց այս սերնդի, այս թիմի եւ այս մարզչական շտաբում եմ աշխատում: Ամեն ինչ համաչափ է ու շատ աշխատանքի արդյունքում մենք հաճախ կուրախացնենք մեր ազգին:

Ինչո՞ւ որոշեցիր զբաղվել մարզչությամբ, ո՞ւմ առաջարկով:

Երբ ավարտեցի մարզիկի կարիերաս, չէի մտածում մարզչությամբ զբաղվելու մասին: Երկու անգամ ձախողվեց իմ՝ օլիմպիական ուղեգրի համար պայքարը: Նախ Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգրի համար էի պայքարում, բայց վարկանիշային մրցաշարից առաջ ծնկի վնասվածք ստացա եւ չհասցրեցի լիարժեք մարզավիճակ հավաքել. պարտվեցի: Նույնը կատարվեց Ռիոյի Օլիմպիական խաղերի համար: Վարկանիշային մրցաշարի նախապատրաստական փուլում ուսի վնասվածք ստացա, վիրահատվեցի եւ դուրս մնացի պայքարից, չմասնակցեցի վարկանիշային մրցաշարին: Իմ քաշային կարգում հավաքական հրավիրվեց Գեորգի Կետոեւը, նվաճեց օլիմպիական ուղեգիր, հաղթեց ինձ Ստեփան Սարգսյանի մրցաշարում եւ մեկնեց Օլիմպիական խաղեր: Հենց այդ շրջանից էլ ավարտեցի մարզիկի կարիերաս, քանի որ վնասվածքներս արդեն խանգարում էին ինձ հետագա պայքարում մնալու համար: Բացի այդ՝ տարիքային առումով էլ արդեն ժամանակն էր երիտասարդներին զիջելու իմ տեղը:

Այդ ընթացքում աշխատում էի թիմի հետ, Ռիոյի նախապատրաստական փուլում օգնում էի տղաներին: Օլիմպիական խաղերից հետո, երբ Արմեն Մկրտչյանը հրաժարական տվեց գլխավոր մարզիչի պաշտոնից, Հաբեթնակ Կուրղինյանը նշանակվեց գլխավոր մարզիչ, ես՝ երկրորդ:  Այսպես դասավորվեց ամեն ինչ: Որեւէ հատուկ առաջարկ, համաձայնություն, պայմանավորվածություն չի եղել. երեւի պատճառն այն էր, որ շատ եմ սիրում իմ մարզաձեւը:

Մարզի՞կ, թե՞ մարզիչ:

Որպես մարզիչ շատ դժվար է հանդես գալ: Որպես մարզիկ՝ դու ես քո գոտեմարտի տերը, այդ պահին մտածում ես միայն քո մասին, քո հաղթանակի մասին: Որպես մարզիչ՝ այլ է. մարզիկը պարտվում է, դու ես պատասխանատուն, մտածում ես թիմի յուրաքանչյուր անդամի մասին, բոլորի հետ ապրում, վերապրում գոտեմարտը, հաղթանակը կամ պարտությունը: Մարզիկի պարտությունը քոնն է, հաղթանակը քոնն է, վնասվածքը քոնն է, ցավը քոնն է, տրամադրությունը եւս քոնն է:  Ամեն մի պարտության հետ պարտված եմ համարում ինձ, հաղթանակի հետ՝ հաղթած:

Հիշում եմ, երբ Արսեն Հարությունյանը 2019 թվականին նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը, այդ ժամանակ առաջին անգամ էի խոշոր մրցաշարի մասնակցում որպես հավաքականի մարզիչ: Արսենի հաղթելուց կրկնակի մեծ ցնծություն ապրեցի, քան իմ անձնական հաղթանակների ժամանակ եմ ապրել: 

Իմ մարզական կարիերայի երազանքը մնացել է անկատար, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով չեմ հասել այն հաղթանակներին, որոնք շատ ուզել եմ: Այժմ իմ այդ բոլոր երազանքներն ու նպատաները դրել եմ այս սերնդի, մեր թիմի մեջ, որտեղ բոլորը պոտենցիալ հաղթողներ են: Ուզում եմ, որ այս տղաները հասնեն այն բոլոր հաղթանակներին, որոնց ես չկարողացա հասնել:

Վերադառնալով «ոսկե սերնդին», ինչ կանխատեսումներ կան օլիմպիական վարկանիշների առումով: Ո՞ր քաշերում եւ քանի ուղեգիր կարող ենք ունենալ Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:

Անուններ չեմ կարող տալ: Օլիմպիական ուղեգրերի ակնկալիքներ ունենք 57, 65, 74 կգ քաշային կարգերում, վերեւում էլ ունենք 2-3 ուղեգրի ակնկալիք: Այս պահին մեր առջեւ դրված խնդիրը վարկանիշային մրցաշարերն են, օլիմպիական ուղեգրերը: Աստծո հաջողությամբ ուղեգերը նվաճենք, հետո նոր կմտածենք օլիմպիական մեդալների մասին:

Մենք ուժեղ, պայքարի պատրաստ թիմ ունենք: Որպես հավաքականի մարզիչ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր թիմն այսօր ունի բոլոր հնարավորությունները Եվրոպայի, աշխարհի առաջնություններում մեդալներ, եթե ոչ չեմպիոններ ունենալ, Օլիմպիական խաղերում էլ մեծ կազմով ներկայանալ: Հավատում եմ մեր տղաներին, իրենք էլ են հավատում, որ կարող են երկու վարկանիշային մրցաշարերում մի քանի ուղեգրեր նվաճել: Բոլորն էլ ունեն այդ հնարավորությունները:

Պատերազմը որքանո՞վ ազդեց թիմի հոգեբանության վրա:

Պատերազմի օրերին մարզումային աշխատանքները գրեթե անհնար էր կատարել, քանի որ բոլորիս ուշադրությունը ռազմի դաշտում էր, չէինք կարողանում կենտրոնանալ: Բնական էր, հասկանալի էր: Պատեմարզն իր բացասական հետքը թողեց բոլորիս, մասնավորապես տղաների հոգեբանության վրա: Յուրաքանչյուր զինվորի, կամավորականի կորստի լուրը տղաներին կոտրում էր: Իրենց ընկալումը լրիվ այլ էր՝ քանի որ պատերազմի մասնակիցների մեծ մասը գրեթե իրենց սերնդից էին՝ հասակակից: Ինքս էլ տեսնում էի, որ անհատապես բոլորի համար մեծ ցավ են ապրում: Թվում էր, թե պատերազմից հետո դժվար կլինի թիմին համախմբել, պայքարի մեջ մտցնել, բայց ամեն ինչ հակառակը ստացվեց: Աշխարհի գավաթի նախապատրաստական փուլում ամեն ինչ փոխվել էր: Բոլորը մարզվում էին, քրտնաջան աշխատում, բոլորի աչքերում կրակ էր վառվում: Պատերազմը նրանց ավելի համախմբեց, ուժեղացրեց, ավելի մեծ պատասխանատվություն դրեց հաղթելու, հաղթող լինելու զոհված զինվորների, կամավորների, վիրավորված ու գերի ընկած տղերքի համար: Մենք չհանձնվող սերունդ ենք եւ դեռ այդ մասին աշխարհին կպատմենք մեր հաղթանակներով: Հավատում եմ այս սերնդին:

Ո՞րն է մարզիչի քո երազանքը օլիմպիական տարում:

Ինչպես մարզիկի, այնպես էլ մարզիչի գլխավոր նպատակը օլիմպիական տարում օլիմպիական մեդալն է: Ինչպես արդեն ասացի դեռ ունենք ուղեգիր նվաճելու խնդիր, քանի որ մեր թիմն առայժմ չունի ուղեգիր: Դրանից հետո արդեն բոլորս կլծվենք Օլիմպիական խաղերում պատշաճ հանդես գալու աշխատանքներին, ուսումնամարզական հավաքներին: Ինչպես մարզիկ, այնպես էլ յուրաքանչյուր մարզիչ երազում է, որ թիմը նվաճի օլիմպիական մեդալ: Մարզիկի հաղթանակը թիմի, մարզիչի, մարզիչների, թիմի բժշկի, ամբողջ թիմի հաղթանակն է, գլխավոր, անձնական եւ մյուս մարզիչների աշխատանքի գնահատականը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի, ֆեդերացիայի, բոլորիս համատեղ, թիմային մեծ աշխատանքի արդյունքում արդեն ունենք հաջողություններ ու դեռ կունենանք: Մենք լավ հավաքական ունենք, որտեղ կա սեր, հանդուրժողականություն, միասնականություն ու բոլորս նայում ենք հաղթանակի ուղղությամբ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով