10:28  ,  2 հունվարի, 2021

Արթուր Դավթյան․ Պետք է ուժեղանանք, հզորանանք, որ մեր երեխաներն այլեւս պատերազմ չտեսնեն

Եվրոպական խաղերի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Արթուր Դավթյանը Հայաստանի առաջատար մարմնամարզիկներից է: Ռազմի դաշտում չի եղել, բայց պատմում է, որ 44 օր տեւած պատերազմի օրերին իր կյանքի ամենամեծ սթրեսն է ապրել: Հույս ունի, որ իր եւ իր նման երիտասարդների միջոցով հնարավոր է Հայաստանը հզորացնել: Տոկիոյում գերնպատակը լինելու է ամեն գնով մեդալով վերադառնալը:

Արթուր Դավթյանը NEWS.am Sport-ի համար ամփոփել է մրցաշրջան-2020-ը, խոսել պատերազմի, Հայաստանի ապագայի եւ հետպատերազմյան ծանր հոգեբանական վիճակից դուրս գալու իր տեսլականի մասին:

Հիժեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 8-ին Շտուտգարտում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանը նվաճեց անվանական օլիմպիական ուղեգիր: Նա  սպորտային մարմնամարզությունում Հայաստանի միակ ներկայացուցիչը կլինի Տոկիոյում:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգված Օլիմպիական խաղերը տեղի կունենան 2021թ․ հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:

Մրցաշրջան-2020...

2020-ը շատ վատ տարի էր: Վատ էր առհասարակ եւ մարզական առումով: Համավարակի պատճառով բազմաթիվ մրցումներ բաց թողեցինք: Մասնակցեցինք ընդամենը երկու մրցաշարի՝ Ուկրաինայի եւ Վորոնինի գավաթներ: Մրցումներ շատ ունեինք 2020-ում, բայց քանի որ Եվրոպայի առաջնություն չէինք մասնակցելու Բաքվում տեղի ունենալու պատճառով, մեր բյուջեում շատ էր գումար մնում: Ոոշված էր, որ շատ մրցաշարերի պետք է մասնակցենք: Համավարակը բոլոր մեր ծրագրերը խառնեց:

Եվրոպայի առաջնությունը Բաքվում պետք է անցկացվեր, մենք հրաժարվեցինք: Պատերազմը սկսվելուն պես Եվրոպայի առաջնությունը Ադրբեջանից տեղափոխեցին Թուրքիա, որին եւս հրաժարվեցինք մասնակցել: Մենք ուզում էինք մասնակցել, բայց, կարծում եմ, ճիշտ արեցինք, որ չմեկնեցինք: Դեկտեմբերի 7-ին պետք է մեկնարկեր առաջնությունը: Մասնակցել են քիչ երկներ, ուժեղները չեն մասնակցել: Ի դեպ, Ադրբեջանին թույլ չեն տվել մասնացել: Թիմը կորոնավիրուսի թեստ է հանձնել, երեք մարմնամարզիկի մոտ դրական պատասխան է եղել եւ ամբողջ թիմը հանել են մրցումներից: Հետաքրքիր էր, որ Թուրքիայում Ադրբեջանին թույլ չտվեցին մասնակցել, ոչինչ չարեցին, այդ 3 մարզիկի պատճառով ամբողջ թիմը հանեցին:

Հետաձգված Օլիմպիական խաղեր...

Օլիմպիական խաղերի հետաձգումը մեկ տարով շատ լավ եղավ անձամբ ինձ համար, քանի որ վնասվածք ունեի եւ բարդ էր.  դժվար բուժվեց: Դեռ լիարժեք չի ապաքինվել, դեռ ցավի զգացողություն կա, բայց նախկինի պես չի: Դեռ պետք է եւս մեկ ֆիզիոթերապիա անցնեմ: Անհրաժեշտ էր մեջքիս վնասվածքը բուժել, քանի որ այդ ցավով չէի կարող նախապատրաստվել Օլիմպիական խաղերին:

Իմ հիմնական գործիքի՝ հենացատկի վրա կմասնակցեմ: Ուզում ենք ծրագիրս բարդացնել, որպեսզի հենց սկզբից մեդալային պայքարում լինեմ: Այս պահին ամեն ինչ կախված է մրցումային գրաֆիկից: Կարծում եմ՝ այս տարվա գրաֆիկը խիտ կլինի, իսկ այդ պարագայում չեմ հասցնի: Բայց բոլոր հնարավոր տարբերակներով պետք է աշխատենք, որ մեդալային պայքարում լինեմ: Ամեն ինչ անելու եմ, որ մեդալով վերադառնամ Օլիմպիական խաղերից: Գնում եմ մեդալի հետեւից:

Պատերազմ...

Անդառնալի ցավ ապրեցինք 2020 թվականին: Պատերազմը անբուժելի վերք թողեց բոլորիս սրտերում: Պատերազմի օրերին կյանքիս ամենամեծ սթրեսը ապրեցի: Կյանքում չգիտեի՝ սթրեսն ինչ է: Մարզական անհաջողությունների ժամանակ էի սթրես տանում, որ վատ էին հանդես գալիս, ինձ համար դեպրեսիա էր, ծանր էի տանում: Այդքանով գիտեի՝ ինչ բան է սթրեսը: Բայց պատերազմի օրերին ապրածս չեմ համեմատի ոչնչի հետ:

Պատերազմ բառն արդեն ու այսուհետ բոլորիս մոտ միայն ցավի զգացում է առաջացնելու: Բոլոր նահատակվածները մեր եղբայրներն են, ինձ համար նրանք բոլորն այլեւս իմ հարազատներն են: Ես մեծ ցավ եմ ապրում, որ տեսնում եմ՝ մեր ազգը ինչ սգի, ցավի ու տառապանքի մեջ է:

Մենք հզոր ազգ ենք, պայքարող ու հաղթող ազգ են: Պատերազմում մենք չպետք է պարտվեինք: Սպորտում, մյուս ոլորտներում կարող ենք պարտվել, զիջել, բայց կռվի դաշտում մենք չպետք է պարտվեինք:

Այս ընթացքում որեւէ պահ չեմ մտածել երկրից հեռանալու մասին: Ես պատասխանատվություն ունեմ իմ երկրին նոր ու մեծ հաղթանակներ պարգեւել: Հիմա մենք բոլորս ավելի շատ ենք պետք մեր երկրին, քան երբեւէ: Եթե նախկինում շատ պահանջներ ունեինք, որպես մարզաշխարհի ներկայացուցիչներ՝ դահլիճ, մարզագույք, թոշակ եւ այլն, հիմա ոչինչ չենք կարող ուզել, պահանջել: Այդքան զինվոր զոհվեց, այդքան զինվոր վիրավորվեց, թող նրանց տան գումարներ, ապահովեն լավագույն պայմաններով, բոլոր անհրաժեշտ պարագաներով: Եթե մեզ ինչ-որ բան պետք է տան, ավելի լավ է՝ զոհված զինվորների ընտանիքներին, վիրավոր զինվորին տան: Հիմա պետք է բոլորս միասնական լինենք, օգնենք միմյանց, որ կարողանանք վերականգնվել:

Պատերազմից հետո...

Պատերազմն ինձ զայրացրել է, ավելի շատ տրամադրել իմ գործում լինել հաղթող, իմ սպորտում լինել Հայաստանի անունը բարձրացնող: Հաղթելու ու բոլոր մրցաշարերից հաղթանակով վերադառնալու նպատակս հիմա ավելի է շատացել, ապացուցել, որ մենք ուժեղ ենք: Ադրբեջանը ոչ հավասար պայմաններում է մեզ հաղթել: Մենք ավելի ուժեղ ենք եւ պետք է ապացուցենք դա, ինչպես սպորտում, այնպես էլ մյուս ոլորտներում:

Հույս...

Հայաստանի լուսավոր ապագահի հույս ունեմ: Աննկարագրելի ցավ է այսքան տղաների կորուստը, հատկապես, որ վերջում պարտվեցինք: Դա ավելի է տխրեցնում: Եւ հույս ունեմ, եւ շատ ուզում եմ, որ մեր երկրում կյանքը նորից ծաղկի: Ցանկությունս դա է, որ ամեն ինչ լավ լինի: Յուրաքանչյուրս մեր ձեւով պետք է բուժենք այս վերքերը: Ես էլ եմ այդ բուժողներից մեկը: Օրինակ՝ եթե Հայաստանը նորից օլիմպիական չեմպիոն ունենա, կարեւոր չի՝ ես կամ մեկ ուրիշը, անչափ կուրախանանք, քանի որ դա մեր երկրի պատիվն է:

2021 թվական...

Այս տարին շատ բարդ է լինելու բոլորիս համար: Ուզում եմ ու մաղթում եմ բոլորիս խաղաղ երկինք, թող խաղաղություն լինի մեր երկրի համար: Բոլոր որոլտներում նոր էջից սկսելու տարի է լինելու: Սպորտի ոլորտում պետք է շատ քրտնենք, չարչարվենք: Օլիմպիական տարի է, պետք է պատվով հանդես գանք ու պատվով ներկայացնենք Հայաստանը: Եթե մեզանից յուրաքանչյուրը իր մեջ ուզի Հայաստանը հզորացնել, իր առջեւ նպատակ դնի, անպայման հաջողությունը, հաղթանակը կունենա: Պետք է ուժեղանանք, հզորանանք, որ մեր երեխաներն այլեւս պատերազմ չտեսնեն:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով