13:11  ,  31 դեկտեմբերի, 2020

Մրցաշրջան-2020. Հայկական սպորտի նվաճումները

Մրցաշրջան-2020-ը մղձավանջային էր: Ինչպես համաշխարհային սպորտը, այնպես էլ հայկական սպորտը ֆորսմաժորային իրավիճակում էր. ասես աշխարհը կանգ էր առել, չնայած նրան, որ տարին պետք է հագեցած լիներ մրցաշարերով, Եվրոպայի առաջնություններով եւ ամենագլխավոր մարզական իրադարձությամբ՝ 33-րդ ամառային Օլիմպիական խաղերով: Սակայն փետրվարից սկսված կորոնավիրուսի համավարակը փոխեց ինչպես մյուս, այնպես էլ սպորտի ոլորտի ծրագրերը, հետաձգվեցին մրցաշարեր, Եվրոպայի առաջնություններ, մեկ տարով հետաձգվեց Տոկիոյի Օլիմպիական խաղերը եւ շախմատի Համաշխարհային օլիմպիադան:

Այսքանով հայկական սպորտի մղձավանջը չավարտվեց. Մարզական  կյանքը վերջնական սառեցվեց սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած եւ 44 օր տեւած պատերազմի ընթացքում:

Կորոնավիրուսի պանդեմիայի եւ պատերազմի պայմաններում հայ մարզիկներին, այնուամենայնիվ, հաջողվեց գրանցել խոշոր հաղթանակներ մի քանի մրցաշարերում, որոնք տեղի ունեցան:

NEWS.am Sport-ն առանձնացրել է հայկական սպորտի կարեւոր նվաճումները ավարտվող տարում:

Արթուր Ալեքսանյանի 5-րդ չեմպիոնությունը Եվրոպայի առաջնությունում

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կրկին փայլեց մրցագորգում: Փետրվարին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում տեղի ունեցած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը 5-րդ անգամ նվաճեց չեմպիոնի կոչումը:

Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում չեմպիոնական դիմավորման արժանանալուց հետո հնգակի Եվրոպայի չեմպիոնը նշեց, որ բոլոր հնարավոր տիտղոսներն ունի, բայց իրեն ժողովուրդն է մոտիվացնում:

Գեւորգ Ղարիբյանի ոսկե հաղթանակը Հռոմում

2020 թվականի տարվա հայտնությունը հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի 60 կգ քաշային, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Գեւորգ Ղարիբյանն էր: Վնասվածքի պատճառով մարզական կարիերայում շուրջ 4 տարի դադար ունեցած երիտասարդ ըմբիշը իր խոսքն ասաց Հռոմում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում, որտեղ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Հաղթանակի ճանապարհի Ղարիբյանը հաղթեց ադրբեջանցի եւ թուրք մրցակիցներին: Իսկ պարգեւատրման արարողության ժամանակ Հայաստանի եռագույնը ծածանեց Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշների գլխավերեւում:

Չեմպիոն հռչակվելուց հետո NEWS.am Sport-ի թղթակի հետ զրույցում Ղարիբյանն էլ նշեց, որ իր համար հպարտություն էր Հայաստանի դրոշը հարեւան երկրների դրոշներից բարձր պահել:

Սա Գեւորգ Ղարիբյանի առաջին հաղթանակն էր մեծահասակների կազմում:

Վազգեն Թեւանյանը՝ աշխարհի գավաթակիր

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի 65 կգ քաշային, 21-ամյա Վազգեն Թեւանյանի փառահեղ հաղթանակը Սերբիայում դեկտեմբերի 16-18-ը տեղի ունեցած աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում իսկական նվեր եղավ հայ ժողովրդին:

 Պատերազմի ավարտից հետո մրցահարթակ դուրս եկած երիտասարդ ըմբիշը անցկացրեց 5 հաղթական գոտեմարտ՝ բոլորը հաղթելով խոշոր հաշիվներով:

Աշխարհի գավաթակիրը հաղթանակից հետո NEWS.am Sport-ի հետ զրույցում ասաց, որ պարգեւատրման արարողության ժամանակ ուրախություն է զգում հայ ազգի համար, որ կարողացել է Հայաստանի հիմնը հնչեցնել, դրոշը բարձրացնել: Նորընծա աշխարհի գավաթակիրը հայտարարեց, որ հաղթանակը նվիրում է հայ ազգին եւ բանակին:

Նշենք, որ 2020 թվականի աշխարհի առաջնությունը փոխարինվեց աշխարհի անհատական գավաթի խաղարկությամբ:

Արսեն Հարությունյանի եւ Մալխաս Ամոյանի արծաթե մեդալներն աշխարհի գավաթում

Հայկական ըմբշամարտի ոսկե երիտասարդության ներկայացուցիչներ, ազատ ոճային Արսեն Հարությունյանն ու հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը աշխարհի գավաթի խաղարկությունում արծաթե հաղթանակներ ունեցան:

2019 թվականի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը Բելգրադի մրցագորգում 3 տպավորիչ հաղթանակներ տանելուց հետո, ոսկե մեդալի համար գոտեմարտում ցավալի պարտություն կրեց աշխարհի կրկնակի չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Զավուր Ուգուեւից: Գոտեմարտն ավարտվեց առաջին մրցափուլում, Արսեն Հարությունյանը պարտվելուց հետո չկարողացավ զսպել արցունքները:  

Ավելի ուշ երիտասարդ ըմբիշը NEWS.am Sport-ին խոստովանեց, որ աշխարհի գավաթում իր լավագույն մարզավիճակում չէր եւ իրեն լավ չէր զգում գորգի վրա, քանի որ այնպես չէր կարողանում գոտեմարտել, ինչպես ինքն ընդունակ է:

Նշենք, որ պատերազմի առաջին օրերին երիտասարդ ըմբիշը հոր հետ մեկնել էր Արցախ։

Արծաթե մեդալ նվաճելուց հետո Արսեն Հարությունյանը նշեց, որ ռազմաճակատում տեսածն իրեն ավելի է ոգեշնչում նոր հաղթանակների ու մեծ նվաճումների:

Երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում շատ մոտ էր ոսկե մեդալին: Երիտասարդ ըմբիշը աշխարհի գավաթում 4 գոտեմարտ անցկացրեց: Եզրափակիչի ճանապարհին 3 տպավորիչ հաղթանակներ ունեցավ (6:0, 12:0, 7:0): Եզրափակիչում 1:1 հաշվով պարտվեց 2016թ. աշխարհի ու 2017թ. Եվրոպայի չեմպիոն,  հունգարացի Բալինտ Կորպաշին:

Ամոյանի ամենահիշարժան գոտեմարտը աշխարհի գավաթում կիսաեզրափակիչում էր, որտեղ հայ ըմբիշը ոչ մի շանս չտվեց թուրք Չենգիզ Արսլանին:

NEWS.am Sport-ին տված հարցազրույցում Մալխաս Ամոյանն առանձնացրեց թուրքի հանդեպ հաղթանակը եւ նշեց, որ գոտեմարտի ընթացքում ամեն գնով ձգտում էր թուրքին հաղթել եւ նվիրել պատերազմում զոհված հերոսներին:

Կարապետ Չալյանը եւ Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիրներ

Փետրվարին Հռոմում տեղի ունեցած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Կարապետ Չալյանը բավարարվեց բրոնզե մեդալով:

Ըմբիշը, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հռոմից ասել էր, որ բրոնզե մեդալի համար ուրախ չէ:  

Արդեն «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում Չալյանը մեկնաբանեց, որ խոշոր մրցաշարերում հաղթելու մեծ ցանկությունն է իրեն խանգարում հասնել եզրափակիչներ:

Հիշեցնենք, որ Կարապետ Չալյանը Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Հայաստանի 4 ներկայացուցիչների մեկն է: Ըմբիշը կնախապատրաստվի 2021 թվականին տեղի ունենալիք Օլիմպիական խաղերին:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը երրորդ տարին անընդմեջ նվաճում է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը: Հռոմում ըմբիշը  երեք հաղթանակ տանելուց հետո, գերլարված պայքարում պարտվեց կիսաեզրափակիչում: Բրոնզե մեդալի համար պայքարում 0:3 հաշվով պարտվելուց հետո Ասլանյանը կամային հաղթանակով նվաճեց իր երրորդ բրոնզե մեդալը:

Ասլանյանը բրոնզե մեդալակիր է դարձել նաեւ 2018 եւ 2019 թվականներրին:

Սլավիկ Գալստյանն ու Արման Անդրեասյանը աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիրներ

Աշխարհի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանից Բելգրադում տեղի ունեցած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում ոսկե մեդալի ակնկալիք կար: Ըմբիշն էլ տրամադրված էր ոսկե հաղթանակին: Մեկնարկում վստահ հաղթանակ տանելուց հետո քառորդ եզրափակիչում մրցավարական վիճարկելի պայմաններում պարտվեց ադրբեջանի ներկայացուցիչին:

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հաղթեց 4:4 հաշվով՝ վերջին միավորի առավելությամբ:

Նշենք, որ Արցախյան պատերազմից հետո Սլավիկ Գալստյանն առաջին հայ մարզիկն էր, որ մրցագորգում հանդիպեց ադրբեջանցի մրցակցի: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Գալստյանը պատմեց, որ Ադրբեջանի ներկայացուցիչի հետ գոտեմարտն անցել է գերլարված, քանի որ հաղթելու ցանկությունը շատ մեծ է եղել եւ, որ գոտեմարտի ընթացքում չի կարողացել կտրվել պատերազմի մասին մտքերից ու զգացողություններից: 

Ազատ ոճի ըմբիշ Արման Անդրեասյանի բրոնզե մեդալը աշխարհի գավաթի խաղարկությունում սպասված էր. այդպես փաստում են Հայաստանի հավաքականի մարզիչները եւ ավելացնում, որ 74 կգ քաշային Արման Անդրեասյանը հնարավորություն ուներ պայքարել ոսկե մեդալի համար:

Կորյուն Սոմոնյանը՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից

Մարտին Լոնդոնում մեկնարկած եւ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում 52 կգ քաշային կարգի Հայաստանի ներկայացուցիչ Կորյուն Սողոմոնյանը Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց: Բռնցքամարտիկը վարկանիշային մրցաշարում միայն մեկ մենամարտ անցկացրեց, հաղթեց եւ նվաճեց Հայաստանի դեռեւս 4-րդ օլիմպիական ուղեգիրը: Կորյուն Սողոմոնյանը Հայաստանի միակ օլիմպիական ուղեգիր ունեցող բռնցքամարտիկն է:

5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունից

Կարեն Աղամալյանի գլխավորած թիմը հաջող հանդես եկավ նոյեմբերի 15-22-ը Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում տեղի ունեցած բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: 8 տղա, 3 աղջիկ կազմով ԵԱ-ին մասնակցած Հայաստանի թիմը նվաճեց 5 բրոնզե մեդալ՝ 56 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը, +91 կգ քաշային Հովհաննես Փափազյանն, կանանց հավաքականից 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանն ու 64 կգ քաշային Էլիդա Քոչարյանը:

Երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում խոստովանել էր, որ չի հիշում, թե երբ էին նախորդ Եվրոպայի առաջնությունում 5 մեդալ նվաճել:

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի հաջող մրցելույթները ոչ մրցումային 2020-ում

Ծանրորդների համար տարին ոչ մրցումային էր: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով նախ հետաձգվեց Եվրոպայի առաջնությունը, ապա չեղարկվեցին մի շարք այլ միջազգային մրցաշարեր: Փաշիկ Ալավերդյանի գլխավորած հավաքականը տարեսկզբում հասցրեց մասնացել միայն մեկ օլիմպիական վարկանիշային մրցաշարի: Իրանի Ռաշտ քաղաքում տեղի ունեցած ծանրամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Փաշիկ Ալավերդյանի գլխավորած հավաքականը նվաճեց երկու արծաթե մեդալ եւ 5 փոքր մեդալ: Վարկանիշային մրցաշարում արծաթե մեդալակիրներ դարձան Սիմոն Մարտիրոսյանն ու Հակոբ Մկրտչյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս