14:34  ,  29 դեկտեմբերի, 2020

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է այս տարի բարձր նվաճումներ գրանգած մարզիկներին (ֆոտո)

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը դեկտեմբերի 29-ին ընդունել է մրցաշրջան-2020-ում բարձր նվաճումներ գրանգած մարզիկներին։ Այս մասին փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը։

ԿԳՄՍ նախարարությունում դեկտեմբերի 29-ին նախարար Վահրամ Դումանյանը ընդունեց հայկական մարզաշխարհի ներկայացուցիչներին, մրցաշրջան 2020-ում մեդալներ նվաճած մարզիկներին, ֆեդերացիաների ներկայացուցիչներին եւ մարզիչներին: Ընդունելությանը ներկա էին նաեւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը:

Օլիմպիական ուղեգիր նվաճած Հայաստանի չորրորդ ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում:

Տարբեր մարզաձեւերում տարվա ընթացքում  Եվրոպայի մեծահասակների եւ երիտասարդների առաջնություններում,աշխարհի գավաթի խաղարկություններում մեդալներ նվաճած մարզիկները Վահրամ Դումանյանի կողմից պարգեւատրվեցին անվանական գրիչներով եւ պատվոգրերով:

Պարգեւատրման պաշտոնական արարողությունից հետո ԿԳՄՍ նախարարի առաջարկով հարց ու պատասխան տեղի ունեցավ մարզաշխարհի ներկայացուցիչների եւ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների միջեւ:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը բարձրացրեց սպորտային բժիշների եւ մարզիկների համար նախատեսված բուժհաստատության աշխատանքում առկա խնդիրների, մարզիկների վիտամինների եւ այլ հավելանյութերի հետ կապված հարցերը: Վահրամ Դումանյանը խոստացավ բուժհաստատության հետ կապված խնդրին շտապ անդրադառնալ՝ համագործակցելով առողջապահության նախարարության հետ:

Արայիկ Բաղդադյանը խոսեց նաեւ Կառավարության կողմից տրամադրվող մարզիկների նպաստները հարկելու հարցին: Նշենք, որ օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորություն ունեցող մարզիկները երկար ժամանակ ՀԱՕԿ-ի կողմից ստանում էին աշխատավարձեր: Ամիսներ առաջ ՀԱՕԿ-ը կտրել է աշխատավարձերը: Կառավարության որոշմամբ մարզիկները Օլիմպիական խաղերի համար նպաստներն ստանում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանեց, որ վերջին մեկ ամսում մարզիկները գումար չեն ստացել: Որոշում  է եղել մարզիկների նպաստները հարկել  եւ հարկված տալ արդեն հաջորդ ամիս: Սակայն ընդունելության ժամանակ ԿԳՄՍ նախարարը մարզիկներին տեղեկացրեց, որ նպաստները չեն հարկվելու եւ մարզիկները նույնությամբ իրենց գումարները կստանան մինչեւ տարեվերջ: Մինչեւ երբ, նախարարը կոնկրետ ժամկետ չնշեց: 

NEWS.am Sport-ի թղթակցի հարցին, թե արդյոք Սերբիայում տեղի ունեցած ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկության չեմպիոնն ու մյուս մեդալակիրները պետական պարգեւավճարներ չեն ստանալու, Վահրամ Դումանյանը նկատեց, որ աշխարհի գավաթը աշխարհի առաջնություն չի:

«Մարզիկները պետական պարգեւավճարներ ստանում է Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում գրանցած հաջողությունների համար: Կառավարության որոշումը վերաբերում է միայն այս երկու խոշոր առաջնություններին: Աշխարհի գավաթի վերաբերյալ կառավարության որոշման մեջ կետ չունենք: Որեւէ մեկը կասկածի տակ չի դնում աշխարհի գավաթի խաղարկությունում մեր տղաների հաջողությունները, մենք պարծենում ենք նրանցով, բայց դրա համար պարգեւավճարներ չեն ստանա: Հետագայում արդեն հաջորդ տարվա համար նկատի կունենանք, որ կառավարության որոշման մեջ աշխարհի գավաթի վերաբերյալ կետ ավելացնենք»,- ասաց Վահրամ Դումանյանը:

Հարցին, թե ամեն դեպքում առանձին որեւէ պարգեւատրման կարժանան մրցաշրջան 2020-ի մեդալակիրները, հաշվի առնելով «Տարվա 10 լավագույն մարզիկ» մրցույթը չանցկացնելը, ԿԳՄՍ նախարարը բարկացավ.

«Այժմ ինձ համոզում եք, որ պարգեւավճարներ տանք մարզիկներին: Մենք պարծենում ենք մեր հերոս մարզիկներով, բայց պարգեւավճարներ տրամադրելու կարգը իրավական հիմք ունի: Առանձին պարգեւավճարներ այս տարվա նվաճումների համար նախատեսված չէ: Դա կարող է լինել բարի կամքի դրսեւորում, եթե նման որոշում կայացվի»,- նկատեց Վահրամ Դումանյանը:

ԿԳՄՍ նախարարը կոշտ արձագանքեց ՀԱՕԿ-ի հետ նախարարության սերտ համագործակցության մասին հարցին: Նախ նախարարն իր աշխատակիցներից հետաքրքրվեց՝ նախարարությունը համագործակցո՞ւմ է Օլիմպիական կոմիտեի հետ, ապա մեկնաբանեց.

«Հաջորդ տարին օլիմպիական է եւ ՀԱՕԿ-ում պետք է այս առումով աշխատանքը եռա: ՀԱՕԿ-ն ինքը պետք է շահագրգռված լինի ԿԳՄՍ նախարարության հետ սերտ համագործակցության: Ինչո՞ւ պետք է նախարարությունը որեւէ քայլ ձեռնարկի այս առումով: Նախաձեռնող կողմը պետք է լինի ՀԱՕԿ-ը: Այնպես որ նախարարությունը կսպասի ՀԱՕԿ-ի նախաձեռնությանը»,- պատասխանեց Վահրամ Դումանյանը:

Մրցաշրջան-2020-ում տարբեր մարզաձեւերի՝ Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների ու պատանիների առաջնություններում եւ աշխարհի գավաթի խաղարկություններում հայ մարզիկները նվաճել են 22 մեդալ: Այս պահին Օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր ունի 4 մարզիկ՝ բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում