09:11  ,  24 դեկտեմբերի, 2020

Հայաստանի հավաքականի բժիշկը՝ ծանր տարվա, կորոնավիրուսի ու թիմում ամենահիշարժան դրվագների մասին

Յուրաքանչյուր թիմում կան մարդիկ, որոնք չափազանց կարևոր աշխատանք են կատարում, սակայն նրանց մասին շատ քիչ է խոսվում: Ֆուտբոլի Հայաստանի հավաքականում այդպիսի մարդկանցից է թիմի բժիշկ Կարեն Ստեփանյանը, որն ազգային թիմում աշխատում է 2016 թվականից: Դրանից առաջ նա 2 տարի աշխատել է նաև տարբեր տարիքային հավաքականներում:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Կարեն Ստեփանյանն ամփոփել է ավարտին մոտեցող ծանր տարին ու խոսել տարբեր թեմաներից:

Պարոն Ստեփանյան, նախ կխնդրեմ պատմեք, թե երբ հասկացաք, որ ցանկանում եք աշխատել սպորտի ոլորտում և ինչո՞ւ բժշկությունում ընտրեցիք հենց այդ ուղղվածությունը:

Փոքր տարիքից մեծ սեր եմ ունեցել սպորտի հանդեպ: Ավարտել եմ Պետական բժշկական համալսարանի մանկաբուժական ֆակուլտետը և հաջորդ տարի բացվեց հետդիպլոմային ուսուցման սպորտային բժշկություն մասնագիտությունը, որը ավարտելուց հետո մինչև օրս արդեն 15 տարի սպորտում եմ, ինչի համար շատ ուրախ եմ:

Երևի, դժվար էր ավելի ծանր տարի պատկերացնել մարզական բժշկության համար: Կորոնավիրուսի համավարակ, խիտ օրացույցի պատճառով շատ խաղեր ու վնասվածքներ: Կարելի՞ է ասել, որ ստեղծված պայմաններում մարզական բժիշկների աշխատանքը վճռորոշ է թիմերի հաջողության հասնելու հարցում:

Իրոք, շատ բարդ տարի է, քանի որ ֆուտբոլում համավարակը խառնեց բոլոր խաղաքարտերը և բուն սպորտային բժշկությունը մղվեց երկրորդ պլան: Շատ ժամանակ էր տրվում համավարակի դեմ պայքարին, առաջին հերթին՝ կանխարգելմանը: Մյուս կողմից էլ, դադարից առաջնության խաղերին պետք էր մոտենալ շատ զգույշ, որպեսզի վնասվածքներ քիչ լինեին: Պետք է նշեմ, որ առաջնությունում հաջողության հասան այն թիմերը, որոնք այդ հարցերին մոտեցան ավելի պրոֆեսիոնալ:

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստները համեմատաբար ավելի շատ վնասվածքներ են ստանում: Կա՞ այդպիսի վիճակագրություն, թե ի՞նչ կարգի վնասվածքներն են ամենատարածվածն այս պայմաններում:

Չեմ կարծում, թե վնասվածքները շատ են, հիմնականում հնարավոր է եղել խուսափել մեծ թվով վնասվածքներից: Դեռ միջազգային վիճակագրական տվյալներ չկան վնասվածքների մասով:

Համավարակն անդրադարձավ նաև հայկական ֆուտբոլի վրա: Հայկական ակումբների աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում կորոնավիրուսի դեմ պայքարում:

Ակումբների աշխատանքը կգնահատեմ բավարար: Կան ակումբներ, որոնք չեն խնայել միջոցներ և ուղղել այն համավարակի դեմ պայքարին, ցավոք, եղել է նաև հակառակը: Պետք է նշել, որ ֆուտբոլի ֆեդերացիան նույնպես գնել է արագացված (ռապիդ) թեստեր և պարբերաբար տրամադրել թիմերին:

Ազգերի լիգայի այս մրցաշարում Հայաստանի հավաքականում կորոնավիրուսի բռնկում սկսվեց միայն վերջին հավաքի ընթացքում: Հակահամաճարակային կանոնների խախտո՞ւմ էր տեղի ունեցել թիմում, թե՞ կային այլ պատճառներ:

Մինչև վերջին հանդիպումը, կարելի է ասել, մեզ հաջողվել էր խուսափել բռնկումներից: Եղել են վարակի առանձին դեպքեր, որոնց հայտնաբերման դեպքում մեկուսացվել են և ձեռնարկվել համապատասխան միջոցներ: Պետք է նշեմ, որ ցանկացած հավաքի ընթացքում բոլորը ենթարկվում են ՊՇՌ հետազոտման 4-5 անգամ: Քանի որ հավաքականի պարագայում ֆուտբոլիստները և անձնակազմը հավաքվում են կարճ ժամանակով, երբեմն առաջին օրերին վարակը կարող է զգալ չտալ և գլուխ բարձրացնել 5-6-րդ օրը: Կարծում եմ` հենց այդպես եղավ այդ դեպքում, որից չխուսափեցի նաև ես: Փառք Աստծո, որ այն չազդեց խաղի ելքի վրա:

Այս տարին Հայաստանի հավաքականի համար ծանր էր նաև հոգեբանական առումով: Հայաստանի հավաքականը չունի հոգեբան, սակայն շատ թիմերում կարևորում են այդպիսի մասնագետի առկայությունը: Արդյո՞ք Հայաստանի հավաքականն ունի հոգեբանի կարիք, այժմ ո՞վ է լրացնում այդ բացը:

Այս տարի բոլորիս համար էլ շատ ծանր տարի է: Հավաքականում հոգեբան չունենք, հոգեբանի դերը կարծես բաշխված էր բոլորիս մեջ: Մարզիչները, անձնակազմը, ֆուտբոլիստներն այս իրավիճակում էլ ավելի էին համախմբվել և ամեն ինչ արեցին հաղթելու համար:

Խոակին Կապառոսն իրեն լավ դրսևորեց Հայաստանի հավաքականում առաջին իսկ մրցաշրջանում: Շատերը նրան ճանաչում են որպես լավ մասնագետ: Իսկ ինչպիսի՞ն է նա խաղադաշտից դուրս՝ առօրյա կյանքում:

Ինտելիգենտ, հանգիստ անձնավորություն է, ում հետ կարելի է հաճույքով շփվել:

Սովորաբար մարզիչների ու թիմի բժիշկների միջև լինո՞ւմ են հակասություններ՝ հաշվի առնելով, որ մարզիչը ցանկանում է հնարավորինս շուտ ապահովել վնասվածք ստացած ֆուտբոլիստի վերադարձը խաղադաշտ, իսկ բժիշկը, բնականաբար, չի կարող դա թույլ տալ սահմանված ժամանակից շուտ:

Այո, այդ հակասությունները հաճախ են լինում, սակայն կարող եմ նշել, որ բոլոր մարզիչները, որոնց հետ աշխատել եմ հավաքականում, ըմբռնումով են մոտենում իրավիճակին:

Արդեն 4 տարուց ավելի աշխատում եք Հայաստանի ազգային հավաքականում: Կվերհիշե՞ք հավաքականում աշխատանքից որևէ ուշագրավ դրվագ, որը երբեք չեք մոռանում:

Հետաքրքիր դրվագներ շատ են եղել, մտքիս եկավ փոքրիկ Ջիբրալթար այցելությունը, ինքնաթիռի վայրէջքի համար անհրաժեշտ է երկրի ղեկավարի թույլտվությունը, քանի որ փակում են կենտրոնական փողոցը, ինչպես նաև օդանավակայանը գտնվում է խաղադաշտի դարպասներից մեկին շատ մոտ և տպավորություն է, թե օդանավը կխանգարի դարպասապահին: Տպավորիչ էին տեղի կապիկները, որոնք շատ ազատ էին և դուռը բաց թողնելու պարագայում կարող էին հայտնվել քո սենյակում:

Մեր նախորդ հարցազրույցում խոսել էինք Հայաստանի հավաքականի նոր սննդակարգի մասին, որը կիրառվեց Եվրո-2020-ի ընտրական փուլից առաջ: Հայաստան ժամանած իսպանացի սննդաբանների աշխատանքն օգտակար եղա՞վ:

Ցանկացած բարձրակարգ մասնագետի հետ շփումից փորձում եմ ինչ-որ բան «վերցնել», այս դեպքում էլ մենք կատարեցինք որոշ շտկումներ, ինչը մինչև այժմ պահպանում ենք: Հիմա մեզ օգնում է իսպանացի ֆիզիոթերապևտ Պաբլո Լլանեսը, որը շատ օգտակար է, և իր փորձը փոխանցում է տեղի մասնագետներին:

Կարծես կորոնավիրուսը դեռ չի պատրաստվում նահանջել և արդեն սկսվել է երկրորդ ալիքը: Ըստ ձեզ՝ մինչև Եվրոպայի առաջնությունը իրավիճակը կկարգավորվի՞, կտեսնե՞նք դարձյալ լեփ-լեցուն ստադիոններ:

Հիմա էլ խոսակցություններ կան կովիդի նոր շտամի մասին, որը ավելի վարակիչ է ու վտանգավոր: Շատ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի ապագայում, սակայն կարծում եմ՝ մինչև ամառ այն կնահանջի: Ենթադրում եմ, որ մասնակի սահմանափակումները դեռևս կմնան Եվրոպայի առաջնության ժամանակ:

Կորոնավիրուսի պատճառով առանց հանդիսականների են անցկացվում նաև Հայաստանի առաջնության խաղերը: Ըստ Ձեզ՝ Հայաստանի դեպքում այդ սահմանափակումը որքանո՞վ է տեղին՝ հաշվի առնելով կիսադատարկ ստադիոնները: Մյուս կողմից, խանութներում ու այլ վայրերում վարակվելու հավանականությունը շատ ավելի մեծ է, քան տրիբունաներում:

Ամեն դեպքում, մենք փորձում ենք հնարավորինս կանխել վարակի տարածումը: Մենք հետևում ենք հակահամաճարակային իրավիճակին և նահանջի դեպքում կքննարկենք հանդիսականների մուտքը մարզադաշտեր թույլատրելու հարցը:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով