21:39  ,  17 դեկտեմբերի, 2020

Արսեն Հարությունյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր

2019 թվականի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը արծաթե մեդալ նվաճեց Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում:

57 կգ քաշայինների երզափակիչում Արսեն Հարությունյանը 0:10 հաշվով պարտվեց աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն եւ բրոնզե մեդալակիր, Ռուսաստանը ներկայացնող Զավուր Ուգուեւին: Գոտեմարտն ավարտվեց առաջին մրցափուլում, Արսեն Հարությունյանը պարտվելուց հետո չկարողացավ զսպել արցունքները:

2019թ. Եվրոպայի չեմպիոնն աշխարհի գավաթում 4 գոտեմարտ անցկացրեց: Պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 7:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ ռումինացի Ռազվան Կովաչի նկատմամբ: Կիսաեզրափակիչի ուղեգիրը Հարությունյանը վիճարկեց 2017թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր ու 2016թ. Եվրոպայի փոխչեմպիոն, 23-ամյա ուկրաինացի Անդրեյ Յաշչենկոյի հետ և հաղթեց լարված պայաքարում՝ 5:4: Եզրափակիչի ուղեգրի համար Հարությունյանը մրցեց սերբ Ստեւան Անդրիա Միչիչի հետ եւ հաղթեց 7:4 հաշվով:

Հայաստանի համար դեկտեմբերի 17-ին բրոնզե մեդալ նվաճեց Արման Անդրեասյանը (70 կգ):

Երկու սփոփիչ գոտեմարտերում վստահ հաղթանակներ (10:0, 7:0) տանելուց հետո  հայ ըմբիշը բրոնզե մեդալը պետք է վիճարկեր 2018 թվականի երիտասարդների Եվրոպայի չեմպիոն,  2019 թվականի աշխարհի մինչեւ 23 տարեկանների փոխչեմպիոն,  Ռուսաստանի ներկայացուցիչ Չերմեն Վալիեւի հետ: Մրցակիցը հրաժարվել է պայքարից ոտքի վնասվածքի պատճառով, բրոնզե մեդալը բաժին է հասել Հայաստանի ներկայացուցիչին: Անդրեասյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 4:2 հաշվով հաղթել էր մոլդովացի Վալենտին Բորզինին, իսկ 1/8 եզրափակիչում 1:4 հաշվով պարտվել Լեհաստանը ներկայացնող Մոգոմեդմուրադ Գաջիևին: Քանի որ Գաջիեւը նվաճել էր եզրափակիչի ուղեգիր, Անդերասյանը իրավունք էր ստացել շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար:

Երկրորդ մրցումային գորգ դուրս եկած 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը  4 տպավորիչ հաղթանակ (6:0,11:0, 10:0 7:2)  տանելուց հետո դուրս է եկել եզրափակիչ եւ կպայքարի չեմպիոնի կոչման համար:

Երկրորդ մրցումային օրը գորգ դուրս եկած Արման Ավագյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) անհաջող հանդես եկան, Ռազմիկ Պապիկյանը (61 կգ) բրոնզե մեդալ նվաճելու հնարավորություն է ստացել:

61 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում ցավալի պարտություն կրեց Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Պապիկյանը: Առաջին մրցափուլում Հայաստանի 2020 թվականի չեմպիոնը 0:10 հաշվով պարտվեց երիտասարդների աշխարհի չեմպիոն, Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Աբասգաժի Մագոմեդովը:

Ռազմիկ Պապիկյանը պայքարը սկսել էր 1/8 երզափակիչից, որտեղ 8:7 հաշվով առավելության էր հասել Լեհաստանը ներկայացնող Էդուարդ Գրիգորևին:

Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Արման Ավագյանը  որակավորման փուլում 2:6 հաշվով պարտվեց 2020թ. Ասիայի չեմպիոն, Ղրղզստանի ներկայացուցիչ Արսալան Բուդաժապովին: Հովհաննես Մխիթարյանը 1/8 եզրափակիչում 0:10 հաշվով պարտվեց Իսպանիայի ներկայացուցիչ Թեիմուրազ Նասկիդաևին:

Բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն էր ստացել նաեւ Հրայր Ալիխանյանը (74 կգ): Առաջին մրցումային օրը 2 հաղթանակ տանելուց հետո Ալիխանյանը քառորդ եզրափակիչում մրցեց Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն, իտալացի Ֆրանկ Չամիսոյի հետ և պարտվեց 2:8 հաշվով: Չամիսոն դուրս եկավ եզրափակիչ, Ալիխանյանը պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ: Առաջին սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը 4:5 հաշվով պարտվեց թուրք Ֆրազլի Էրիիլմազին եւ դուրս մնաց հետագա պայքարից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում