09:09  ,  1 դեկտեմբերի, 2020

Դավիթ Յուրչենկոն՝  Ազգերի լիգայում հաջողության, Բերեզովսկու հետ աշխատանքի ու «Շախտյորից» հեռանալու մասին

Ռուսական «Կռիլյա Սովետովի», «Մորդովիայի», «Ուֆայի», «Անժիի», «Տոսնոյի» ու «Ենիսեյի» նախկին դարպասապահ Դավիթ Յուրչենկոն այս տարի նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականում և մասնակցեց Ազգերի լիգայի խմբային փուլի բոլոր՝ 6 խաղերին: Օրեր առաջ 34-ամյա Յուրչենկոն հեռացել է Կարագանդայի «Շախտյորից», որին միացել էր այս տարվա հունվարին և մասնակցեց Ղազախստանի ընթացիկ առաջնության 7 հանդիպման:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում փորձառու դարպասապահը պատմել է Հայաստանի հավաքականում առաջին ելույթների ու տպավորությունների մասին և անդրադարձել ղազախական ակումբից հեռանալուն:

Դավիթ, այս տարի վերջապես տեղի ունեցավ քո նորամուտը Հայաստանի հավաքականում: Ազգային թիմում խաղալը հենց այդպե՞ս էիր պատկերացնում:

Այո, այս տարի տեղի ունեցավ նորամուտս և հավաքականում խաղալու առումով այդպիսի հույզեր ունենալն անհնարին էր: Իհարկե, թիմի առաջ դրված էին խնդիրներ՝ հասնել այս կամ այն արդյունքի, սակայն ամբողջ Հայաստանի ու հայ այզգի համար այս ծանր իրավիճակում մենք, երևի, ինչ-որ բան արեցինք դրական հույզեր պարգևելու համար: Լավ խաղացինք ամբողջ թիմով՝ խմբում գրավելով առաջին տեղը: Կարծում եմ՝ դա մեծ առավելություն է և, իրականում, դա աննկարագրելի զգացողություն է:

Ընդհանուր առմամբ, ի՞նչ տպավորություն թողեց քեզ վրա Հայաստանի հավաքականի խաղը:

Տպավորությունները միայն դրական են, քանի որ հավաքականը ոչ միայն ֆուտբոլիստներն են, այլև ադմինիստրատիվ կազմն ու բուժանձնակազմը: Դա շատ մեծ ընտանիք է, որն ապրում ու շնչում է մեկ նպատակի՝ հաղթելու ու լավ արդյունքների հասնելու համար: Այդ պատճառով ամեն բան բարձր մակարդակի վրա է: Ցանկացած ֆուտբոլիստ, ցանկացած մարզիկ երազում է հայտնվել հավաքականում ու վայելել այդ ակնթարթները, որոնք դրական լիցքեր են տալիս շատ երկար ժամանակ:

Արդյոք չկա՞ ափսոսանք, որ միայն 34 տարեկանում միացար Հայաստանի հավաքականին:

Ափսոսանք չկա, կա միայն ներքին հպարտություն և ուրախություն, քանի որ Աստված մեզ տալիս է այն հնարավորություններն ու փորձությունները, որոնք մեզ հանդիպում են ճիշտ ժամանակին: Նշանակում է, որ ես հավաքականում պետք է հայտնվեի հիմա ու խաղայի այնտեղ, ոչինչ հենց այնպես չի լինում: Իսկ ուշ էր, թո՝ ոչ, ցույց կտա ժամանակը: Հիմա ես կարծում եմ, որ ամեն բան ճիշտ է կատարվել:

Հայաստանի հավաքականը նոր մարզիչի գլխավորությամբ առաջին մրցաշարում հասավ հաջողության: Խոակին Կապառոսի հետ աշխատանքը որևէ նոր բան բացահայտե՞ց քեզ համար, ի՞նչը կառանձնացնես:

Առաջնահերթ Կապառոսի մոտ կառանձնացնեի այն, որ նա, առաջին հերթին, վստահում է յուրաքանչյուր ֆուտբոլիստի, որին հրավիրում է հավաքական: Նա հավատում է ցանկացած խաղացողի և փորձում ունենալ իր ներդրումը, որպեսզի բարելավի մեր խաղային որականերն ու օգնի թիմին: Հսկայական փորձից բացի, կառանձնանցնեի նաև նրա վերաբերմունքն ամբողջ անձնակազմի հանդեպ: Նա շատ հոգատար և ուշադիր է բոլորի հանդեպ, ոչ ոք բացառություն չէ: Երբ ես միացա հավաքականին, ակումբում չէի խաղում վերջին շրջանում: Նա գիտեր, թե ինչի համար ես չեմ խաղում և ինձ ասաց այն բաները, որոնք ինձ՝ որպես մարզիկի, ոգեշնչեցին, և դա օգնեց վճռորոշ խաղերում ցուցադրել լավագույն որակներս:

Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչն է Ռոման Բերեզովսկին: Այս ընթացքում ի՞նչ հասցրեցիր սովորել լեգենդար դարպասապահից:

Երբ ես ժամանեցի հավաքականի ճամբար, մենք զրուցեցինք տարբեր հարցերի մասին և մինչև օրս էլ հաղորդակցվում ենք, եղել են շատ խորհուրդներ ու հանձնարարություններ: Դարպասապահական տարրը մի քիչ առանձին կաստա է: Մենք ունենք այլ հոգեբանություն, այլ հայացքներ ու առանձնահատուկ մոտեցում մեր գործին, այդ պատճառով, իհարկե, Անատոլևիչը կիսվում է իր փորձով, գիտելիքներով, օգնում է բարելավել իմ խաղն ու գործողությունները խաղադաշտում:

Օրեր առաջ հեռացար Կարագանդայի «Շախտյորից»: Ո՞րն էր պատճառը:

Հեռացա «Շախտյորից», քանի որ պայմանագրիս ժամկետը լրացել էր, և ստեղծված իրավիճակում այն երկարաձգելու մասին խոսք չկար ո՛չ իմ, ո՛չ էլ ակումբի ղեկավարության կողմից: Ընտանիքիս հետ բարեհաջող կերպով հասանք տուն: Հիմա ես արձակուրդի մեջ եմ:

Կարիերան շարունակելու տարբերակներ ունե՞ս այս պահին:

Տարբերակներ չկան այս պահին: Հիմա այնպիսի ժամանակ է, որ արձակուրդների շրջան է՝ գումարած դրան համավարակը, այդ պատճառով բոլորի համար բարդ ժամանակներ են: Սպասում ենք, հաղորդակցվում: Գլխավորն այն է, որ կա հետաքրքրություն ակումբների կողմից, կա հետաքրքրություն իմ անձի հանդեպ, այդ պատճառով դա մեծ առավելություն է ինձ համար: Կան խոսակցություններ, կան բանակցություններ, ավելի ուշ ամեն բան պարզ կլինի:

Եթե լինի Հայաստանում կարիերան շարունակելու հնարավորություն, կցանկանա՞ս խաղալ ու ապրել Հայաստանում:

Այս պահին Հայաստանից առաջարկներ չկան: Այո, խոսակցություններ կան, բայց կոնկրետ առաջարկներ՝ ոչ: Եթե լինեն, կքննարկենք: Չէի ասի, որ չեմ կարող կամ չեմ ցանկանում: Ամեն բան հնարավոր է՝ ապրել, խաղալ: Մենք չգիտենք, թե ինչ կլինի վաղը:

Դավիթ, դու 34 տարեկան ես, բայց Ազգերի լիգայի խաղերում ապացուցեցիր, որ լավ մարզավիճակում ես: Մինչև քա՞նի տարեկանն ես ծրագրում խաղալ:

Շնորհակալ եմ 34 տարեկանում լավ մարզավիճակի համար (ծիծաղում է): Ինչպես միշտ եմ ասել, տարիքը ոչ մի ֆուտբոլիստի համար խոչընդոտ չէ լավ, որակյալ խաղ ցուցադրելու համար: Ժամանակակից ֆուտբոլը ցույց է տալիս, որ թոփ դարպասապահները 40 տարեկանում էլ ցուցադրում են լավ ֆուտբոլ: Այդ պատճառով տարիքը պատճառ չէ այն բանի համար, որպեսզի զբաղվել սիրելի գործով և ցուցադրել լավագույն խաղդ՝ ուրախացնելով երկրպագուներին ու ընտանիքիդ: Այնպես որ, այդ ամենը ինչ-որ լավ բանի համար է:

Ըստ քեզ, աշխարհի առաջնության ընտրական փուլից առաջ ո՞ր ուղղություններում, խաղային դիրքերում պետք է ավելացնենք ավելի մեծ ամբիցիաներով թիմ դառնալու համար:

Այնքան էլ տեղին չէ խոսել դիրքերի մասին, հավաքականում բոլոր ֆուտբոլիստներն էլ ուժեղ են, և թիմում կա մեծ մրցակցություն: Խաղում են 11 ֆուտբոլիստներ, բայց հավաքականը կազմված է 40 խաղացողներից, որոնք պատրաստ են խաղալ թիմի համար ու ցուցադրել իրենց լավագույն որակները: Այդ պատճառով ավելի ճիշտ կլինի այդ մասին հարցնել մարզչական շտաբին: Նրանց համար ավելի մեծ գլխացավանք է այս կամ այն ֆուտբոլիստին ընտրել տվյալ դիրքի համար: Հավաքականի առաջնային խնդիրը հաղթանակի հասնելն ու երկրպագուներին ուրախություն պարգևելն է:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով