23:54  ,  18 նոյեմբերի, 2020

Կապառոս. Այս հաղթանակը շատ կարևոր էր

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը մեկնաբանել է Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբում Հյուսիսային Մակեդոնիայի նկատմամբ տարած հաղթանակը:

«Հանդիպումը տևում է 90 րոպե: Առաջին խաղակեսում նրանք ավելի շատ էին տիրում գնդակին, սակայն երկրորդ խաղակեսում մեզ հաջողվեց ճնշել մրցակցին: Խփած գոլից հետո ֆուտբոլիստները սկսեցին ավելի վստահ զգալ իրենց:

Գոհ եմ մեր թիմի ցուցադրած խաղից: Սա երկարատև աշխատանքի արդյունք էր, որում իրենց ներդրումն են ունեցել ֆեդերացիայի ղեկավարությունը, ֆուտբոլիստները: Շատ վատ իրավիճակների միջով ենք անցել, ֆուտբոլիստներն էլ ունեին այդ զգացողությունը, սակայն մտովի էլ շատ ուժեղ էին պատրաստված: Ուրախ եմ մեր ֆուտբոլիստների, հայկական ֆուտբոլի համար, քանի որ քայլ առ քայլ նպաստում ենք հայկական ֆուտբոլի զարգացմանը:

Մենք ունենք մեր խաղաոճը, որը պետք է պահպանենք ու զարգացնենք: Հավաքական են հրավիրվում երիտասարդ ֆուտբոլիստներ, ինչը նպաստում է մրցակցությանը: Հայկական ֆուտբոլը զարգանում է, հետևաբար հավաքական հրավիրվող երիտասարդ ֆուտբոլիստների թիվը մեծանալու է:

Այս հաղթանակը շատ կարևոր էր, ֆուտբոլիստները պատմություն կերտեցին: Երեկ տեղեկացանք մեր նոր կորուստների մասին, ինչը ազդեցություն ունեցավ ֆուտբոլիստների վրա, սակայն մենք կարողացանք ավարտին հասցնել գործը: Հավաքականում խաղալն ու ակումբում խաղալը տարբեր են, այստեղ հաղթում է մի ամբողջ երկիր, և այսօր հաղթեց Հայաստանը: Մեր ֆուտբոլիստները հրաշալի աշխատանք կատարեցին, ինչի համար ես շատ ուրախ եմ»,- ասել է Կապառոսը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաղթանակ է տարել 1:0 հաշվով: 55-րդ րոպեին Հայաստանի հավաքականի միակ ու հաղթական գոլը խփել է Հովհաննես Համբարձումյանը:

Հայաստանի հավաքականը C դիվիզիոնի երկրորդ խմբում 11 միավորով գրավեց առաջին տեղը: Հյուսիսային Մակեդոնիան 9 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է: Վրաստանը ունի 7 միավոր և երրորդ տեղում է, իսկ Էստոնիան 3 միավորով վերջին՝ չորրորդ տեղում է:

Մակեդոնացիների նկատմամբ հաղթանակը Հայաստանի հավաքականին հնարավորություն տվեց Ազգերի լիգայի հաջորդ մրցաշարում բարձրանալ B դիվիզիոն, որտեղ մրցակիցները կլինեն անհամեմատ ավելի ուժեղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում