10:20  ,  8 նոյեմբերի, 2020

Լեգեոնականների լիմիտի դրական ու բացասական կողմերը. «Նորավանքի» մարզիչի կարծիքը (ֆոտո)

Վայոց Ձորի մարզը ներկայացնող նորաստեղծ «Նորավանք» ակումբն այս տարի նորամուտը նշեց ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում, որտեղ 9 խաղից հետո 7 միավորով 8-րդ տեղում է: Թիմը գլխավորում է երիտասարդ մասնագետ Վահե Գևորգյանը, որը նախկինում աշխատել է «Ուրարտուում» (նախկին «Բանանց»), Վանաձորի «Լոռիում», Երևանի «Լոկոմոտիվում» և հասցրել է նաև փորձ հավաքել արտասահմանում:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Վահե Գևորգյանը խոսել է մրցաշրջանի սկզբնամասում թիմի գրանցած արդյունքների ու առաջիկա անելիքների մասին:

«Նորավանքը» մրցաշրջանից առաջ քիչ ժամանակ ունեցավ առաջնությանը պատրաստվելու համար, ինչը կարծես մրցաշրջանի սկզբնամասում անդրադառնում է թիմի գրանցած արդյունքների վրա: Այս պահին ի՞նչ վիճակում ու կայացման ո՞ր փուլում է թիմը:

Շատ ճիշտ եք նկատել, քանի որ քիչ ժամանակ ունեինք մրցաշրջանին պատրաստվելու համար: Բացի այդ, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները դժվարացնում էին արտասահմանից խաղացողներ բերելու գործընթացը: Ինչ-ինչ պատճառներով բարդացել են նաև տեղացի ֆուտբոլիստների տեղափոխությունները: Մենք արտասահմանից սպասում էինք ֆուտբոլիստների, որոնք միայն օրեր առաջ կարողացան միանալ մեզ: Միայն տրանսֆերային պատուհանի վերջին օրը հասցրեցինք հայտավորել նրանց: Օգոստոսին հասցրեցինք հավաքել թիմը, իսկ վերջին օրերին նորեկների գալով դարձյալ եղան մեծ փոփոխություններ: Դրա պատաճռով չկարողացանք կայունություն ձեռք բերել: Ընթացքում եղան նաև այլ խնդիրներ, և այդ ամենը միասին ազդեց արդյունքի վրա: Վստահ եմ, որ ավելացնելու ենք ու ամեն բան շատ լավ է լինելու թե՛ խաղի որակի, թե՛ արդյունքների տեսանկյունից:

Վերջերս «Նորավանքը» համալրեցին 8 ֆուտբոլիստներ, որոնցից 6-ը՝ Գանայի «Չիտահ» ակումբից: Մրցաշրջանից առաջ ակումբը որոշել էր շեշտը դնել հայ ֆուտբոլիստների վրա, սակայն հիմա կարծես մտափոխվել է: Ինչ-որ բան փոխվե՞լ է այս ընթացքում:

Այս մրցաշրջանում գործում է ֆուտբոլիստների մարզումային փոխհատուցման նոր մեխանիզմը, որը նորաստեղծ ակումբի համար մեծ խնդիրներ է առաջացնում տրանսֆերների հարցում: Քանի որ դա շատ մեծ գումար է արժենում, այս պահին մեզ համար ավելի ձեռնտու էր արտասահմանից բերել նույն որակի խաղացողներ: Մենք, իհարկե, թիմում ընդգրկել ենք մի շարք հայ ֆուտբոլիստների, սակայն չէինք կարող քանակ ապահովել, քանի որ դա կապված էր մեծ գումարների հետ: Այդ պատճառով դիմեցինք արտասահմանցի ֆուտբոլիստների օգնությանը: Ըստ իս՝ ընդհանուր հայտացուցակում այդ քանակի լեգեոնականներ ունենալը մեծ թիվ չէ: Մեզ մոտ գերակշռում են հայ խաղացողները: Անկախ ամեն ինչից, ցանկալի չէ, որ ակումբը համալրված լինի միայն տեղացի խաղացողներով: Ֆուտբոլն ունի յուրահատկություն, և շատ լավ է, որ տվյալ դիրքի համար դու ունես նաև արտասահմանցի խաղացողներ և ստեղծում ես ֆուտբոլային «կոկտեյլներ», սակայն երբեք պետք է չանցնես թույլատրելիի սահմանը:

Ինչպե՞ս ստացվեց «Չիտահ» ակումբի հետ համագործակցությունը:

Մենք մեծ հաճույքով համագործակցում ենք թե՛ արտասահմանյան, թե՛ հայկական ակումբների հետ, եթե դա փոխշահավետ է ստացվում: Չեմ կարող ասել, որ կենտրոնացել ենք այդ ակադեմիայի վրա: Սակայն, քանի որ նրանք ունեն լավ ֆուտբոլիստներ և առաջարկներ են անում լավ պայմաններով, որոշեցինք համագործակցել նրանց հետ: Բացի այդ, «Չիտահը» բարեկամական կապեր ունի Գելենջիկ քաղաքում գործող FDC Vista ակադեմիայի հետ, որտեղ ես աշխատել եմ:

Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում այս տարի առաջին անգամ գործում է լեգեոնականների սահմանափակում, որն ավելի խիստ է, քան Պրեմիեր լիգայում: Առաջին անգամ կիրառվող լիմիտն անդրադառնո՞ւմ է հայ ֆուտբոլիստների առաջընթացի վրա:

Կարծում եմ՝ այդ ամենը ցույց կտա ժամանակը: Բնականաբար, հայ խաղացողները սկսեցին ավելի շատ խաղային պրակտիկա ստանալ: Եթե նայենք նախորդ առաջնությանը, որոշ թիմեր խաղում էին բացառապես լեգեոնականներով, նույնիսկ՝ Առաջին խմբում: Իսկ այս տարի նրանք ուզեն, թե չուզեն հայ խաղացողներին դաշտ են դուրս բերում: Դա չի կարող չունենալ իր դրական կողմը, սակայն ցանկացած լիմիտ ու պարտադրանք դրական կողմի հետ մեկտեղ ունենում է նաև իր բացասական կողմը: Ամեն դեպքում, վաղուց պետք էր մտածել այդ ուղղությամբ, որպեսզի հայ ֆուտբոլիստները սկսեին խաղալ:

Սակայն կա նաև բացասական կողմը: Լեգեոնականների սահմանափակման հետ մեկտեղ արհեստականորեն բարձրացավ հայ ֆուտբոլիստների գինը: Շատերը սկսեցին բարձր աշխատավարձ պահանջել ֆուտբոլ խաղուլու մասին մտածելու փոխարեն: 19 տարեկան խաղացողը Պրեմիեր լիգայի թիմում պահեստայինների նստարանին նստելը նախընտրում է Առաջին լիգայում խաղալուց, քանի որ այնտեղ նրան առաջարկում են ավելի բարձր աշխատավարձ: Դրա հետևանքով մենք կորցնում ենք այդ խաղացողին:

Կարծում եմ՝ լեգեոնականների սահմանափակման օրենքը ունի հստակ շտկումների ու լրացումների կարիք, և դա պետք է անել ժամանակի ընթացքում: Հաշվի առնելով բոլոր այդ դժվարությունները և այն, որ վերջին տարիներին հայկական ֆուտբոլը շատ վատ վիճակի է հասել, իսկ հայ ֆուտբոլիստները զրկվել են խաղային պրակտիկայից ու նրանց քանակն էլ պակասել է, մենք՝ որպես նորաստեղծ ակումբ, չենք կարող կազմի 90 տոկոսը համալրել հայ խաղացողներով:

2019 թվականի մայիսից մինչև այս տարվա մարտն աշխատում էիք Ռուսաստանի Գելենջիկ քաղաքում գործող FDC Vista ֆուտբոլային ակադեմիայում: Ի՞նչ տվեց Ձեզ այդ աշխատանքը և ինչո՞ւ որոշեցիք վերադառնալ Հայաստան:

Այնտեղ ամեն բան պրոֆեսիոնալ հիմքերի վրա էր, պայմանները հոյակապ էին: Ես աշխատել էի 17-18 տարեկան տաղանդավոր հայ տղաների հետ, սակայն ինձ համար նորություն էր, որ հնարավորություն ստացա աշխատել ամբողջ աշխարհից ժամանած լավ ֆուտբոլիստների հետ: Այնտեղ կային խաղացողներ Աֆրիկայից, Հարավային Ամերիկայի երկրներից, հայեր ու ռուսներ: Դա նոր փորձ էր ինձ համար: Եկա Հայաստան, քանի որ վաղուց ցանկանում էի վերադառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլ, քանի որ ինձ տեսնում եմ գլխավոր մարզիչի կարգավիճակում: Զարգացման ծրագիր ղեկավարելը հետաքրքիր է, սակայն մրցումային գործընթացն ավելի հետաքրքիր է, երբ պատրաստվում ես խաղերի, միավորներ վաստակում, հաղթում կամ պարտվում: Այնտեղ ինձ համար պակասում էր մրցումային մոտիվացիան: Հենց դա էր պատճառը, որ վերադարձա Հայաստան և ընդունեցի «Նորավանքի» առաջարկը:

Հաշվի առնելով Արցախում ընթացող ռազմական գործողությունները՝ այս մեկ ամսվա ընթացքում ֆուտբոլիստները կարողանո՞ւմ են լիովին կենտրոնանալ ֆուտբոլի վրա:

Այդ հարցին կարող եմ պատասխանել մեկ բառով՝ ոչ: Ես համոզված եմ, որ ոչ մի հայ այս օրերին չի կարող կենտրոնանալ ինչպես ֆուտբոլի, այնպես էլ այլ գործերի վրա, որովհետև այս ամենն ուղղակիորեն մեզ է առնչվում: Սակայն փորձում ենք մեր աշխատանքը կատարել առավելագույն, լինել պրոֆեսիոնալ ու հնարավոր ամեն բանով օգնել թիկունքից:

Այս մրցաշրջանում Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճելու մասին մտածո՞ւմ եք, թե՞ թիմը դեռ պատրաստ չէ դրան:

Ճիշտ է, առաջնության սկզբնամասում միավորներ շատ ենք կորցրել, բայց մենք ամբիցիոզ թիմ ենք: Վերլուծելով խաղերը՝ տեսնում եմ, որ նույն հաջողությամբ կարող էինք անհամեմատ ավելի շատ միավորներ վաստակած լինեինք: Թիմը բարձր խնդիրներ է դնում իր առջև: Ամեն խաղի դաշտ ենք դուրս գալիս միայն հաղթելու համար:

Հաջորդ հանդիպումն անցկացնելու եք «Վանի» հետ՝ Հայաստանի գավաթի խաղարկությունում: Ինչպե՞ս եք գնահատում թիմերի շանսերն առաջին խաղում գրանցված գոլազուրկ ոչ ոքիից հետո:

Բնականաբար, «Վանը» ֆավորիտ է համարվում, և դա չի քննարկվում: Մրցակիցը հանդես է գալիս Բարձրագույն խմբում, իսկ մրցաշարային տեսանկյունից էլ ավելի լավ վիճակում է: Սակայն բոլորս էլ գիտենք, որ գավաթային հանդիպումները հոգեբանական առումով շատ են տարբերվում: Ամեն ինչ կարող է լինել:

Հայաստանի հավաքականն արդեն 4 հանդիպում է անցկացրել նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի գլխավորությամբ: Մարզչական առումով ի՞նչ-որ բան առանձնացրել եք այդ խաղերում:

Խոակին Կապառոսը ամենահարուստ կենսագրություն ունեցող մասնագետն է Հայաստանի հավաքականի բոլոր մարզիչների թվում: Նա հարուստ ճանապարհ է անեց՝ լինելով նաև «Սևիլիայի» գլխավոր մարզիչը: Այդ խաղերում դրվագներով եղել են փոփոխություններ: Որոշ խաղերում երրորդ գոտում ավելացել է կոմբիանոցին խաղը, ինչը նախկինում չկար: Եղել է նաև հանդիպում, որտեղ բոլորովին այլ խաղ ենք ցուցադրել՝ կախված մրցակցից: Այս պահին բարդ է ճիշտ գնահատական տալ մարզիչի աշխատանքին՝ հաշվի առնելով նաև կորոնավիրուսային իրավիճակը: Ժամանակը ցույց կտա: Պետք է ժամանակ տալ մարզիչին, սպասել ու հասկանալ, թե ինչ կարող է նա տալ մեր հավաքականին:

Դավիթ Եղիազարյան

Ֆոտո՝ «Նորավանքի» մամուլի ծառայություն  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով