10:20 8 նոյեմբերի, 2020Վայոց Ձորի մարզը ներկայացնող նորաստեղծ «Նորավանք» ակումբն այս տարի նորամուտը նշեց ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում, որտեղ 9 խաղից հետո 7 միավորով 8-րդ տեղում է: Թիմը գլխավորում է երիտասարդ մասնագետ Վահե Գևորգյանը, որը նախկինում աշխատել է «Ուրարտուում» (նախկին «Բանանց»), Վանաձորի «Լոռիում», Երևանի «Լոկոմոտիվում» և հասցրել է նաև փորձ հավաքել արտասահմանում:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Վահե Գևորգյանը խոսել է մրցաշրջանի սկզբնամասում թիմի գրանցած արդյունքների ու առաջիկա անելիքների մասին:
«Նորավանքը» մրցաշրջանից առաջ քիչ ժամանակ ունեցավ առաջնությանը պատրաստվելու համար, ինչը կարծես մրցաշրջանի սկզբնամասում անդրադառնում է թիմի գրանցած արդյունքների վրա: Այս պահին ի՞նչ վիճակում ու կայացման ո՞ր փուլում է թիմը:
Շատ ճիշտ եք նկատել, քանի որ քիչ ժամանակ ունեինք մրցաշրջանին պատրաստվելու համար: Բացի այդ, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները դժվարացնում էին արտասահմանից խաղացողներ բերելու գործընթացը: Ինչ-ինչ պատճառներով բարդացել են նաև տեղացի ֆուտբոլիստների տեղափոխությունները: Մենք արտասահմանից սպասում էինք ֆուտբոլիստների, որոնք միայն օրեր առաջ կարողացան միանալ մեզ: Միայն տրանսֆերային պատուհանի վերջին օրը հասցրեցինք հայտավորել նրանց: Օգոստոսին հասցրեցինք հավաքել թիմը, իսկ վերջին օրերին նորեկների գալով դարձյալ եղան մեծ փոփոխություններ: Դրա պատաճռով չկարողացանք կայունություն ձեռք բերել: Ընթացքում եղան նաև այլ խնդիրներ, և այդ ամենը միասին ազդեց արդյունքի վրա: Վստահ եմ, որ ավելացնելու ենք ու ամեն բան շատ լավ է լինելու թե՛ խաղի որակի, թե՛ արդյունքների տեսանկյունից:
Վերջերս «Նորավանքը» համալրեցին 8 ֆուտբոլիստներ, որոնցից 6-ը՝ Գանայի «Չիտահ» ակումբից: Մրցաշրջանից առաջ ակումբը որոշել էր շեշտը դնել հայ ֆուտբոլիստների վրա, սակայն հիմա կարծես մտափոխվել է: Ինչ-որ բան փոխվե՞լ է այս ընթացքում:
Այս մրցաշրջանում գործում է ֆուտբոլիստների մարզումային փոխհատուցման նոր մեխանիզմը, որը նորաստեղծ ակումբի համար մեծ խնդիրներ է առաջացնում տրանսֆերների հարցում: Քանի որ դա շատ մեծ գումար է արժենում, այս պահին մեզ համար ավելի ձեռնտու էր արտասահմանից բերել նույն որակի խաղացողներ: Մենք, իհարկե, թիմում ընդգրկել ենք մի շարք հայ ֆուտբոլիստների, սակայն չէինք կարող քանակ ապահովել, քանի որ դա կապված էր մեծ գումարների հետ: Այդ պատճառով դիմեցինք արտասահմանցի ֆուտբոլիստների օգնությանը: Ըստ իս՝ ընդհանուր հայտացուցակում այդ քանակի լեգեոնականներ ունենալը մեծ թիվ չէ: Մեզ մոտ գերակշռում են հայ խաղացողները: Անկախ ամեն ինչից, ցանկալի չէ, որ ակումբը համալրված լինի միայն տեղացի խաղացողներով: Ֆուտբոլն ունի յուրահատկություն, և շատ լավ է, որ տվյալ դիրքի համար դու ունես նաև արտասահմանցի խաղացողներ և ստեղծում ես ֆուտբոլային «կոկտեյլներ», սակայն երբեք պետք է չանցնես թույլատրելիի սահմանը:

Ինչպե՞ս ստացվեց «Չիտահ» ակումբի հետ համագործակցությունը:
Մենք մեծ հաճույքով համագործակցում ենք թե՛ արտասահմանյան, թե՛ հայկական ակումբների հետ, եթե դա փոխշահավետ է ստացվում: Չեմ կարող ասել, որ կենտրոնացել ենք այդ ակադեմիայի վրա: Սակայն, քանի որ նրանք ունեն լավ ֆուտբոլիստներ և առաջարկներ են անում լավ պայմաններով, որոշեցինք համագործակցել նրանց հետ: Բացի այդ, «Չիտահը» բարեկամական կապեր ունի Գելենջիկ քաղաքում գործող FDC Vista ակադեմիայի հետ, որտեղ ես աշխատել եմ:
Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում այս տարի առաջին անգամ գործում է լեգեոնականների սահմանափակում, որն ավելի խիստ է, քան Պրեմիեր լիգայում: Առաջին անգամ կիրառվող լիմիտն անդրադառնո՞ւմ է հայ ֆուտբոլիստների առաջընթացի վրա:
Կարծում եմ՝ այդ ամենը ցույց կտա ժամանակը: Բնականաբար, հայ խաղացողները սկսեցին ավելի շատ խաղային պրակտիկա ստանալ: Եթե նայենք նախորդ առաջնությանը, որոշ թիմեր խաղում էին բացառապես լեգեոնականներով, նույնիսկ՝ Առաջին խմբում: Իսկ այս տարի նրանք ուզեն, թե չուզեն հայ խաղացողներին դաշտ են դուրս բերում: Դա չի կարող չունենալ իր դրական կողմը, սակայն ցանկացած լիմիտ ու պարտադրանք դրական կողմի հետ մեկտեղ ունենում է նաև իր բացասական կողմը: Ամեն դեպքում, վաղուց պետք էր մտածել այդ ուղղությամբ, որպեսզի հայ ֆուտբոլիստները սկսեին խաղալ:
Սակայն կա նաև բացասական կողմը: Լեգեոնականների սահմանափակման հետ մեկտեղ արհեստականորեն բարձրացավ հայ ֆուտբոլիստների գինը: Շատերը սկսեցին բարձր աշխատավարձ պահանջել ֆուտբոլ խաղուլու մասին մտածելու փոխարեն: 19 տարեկան խաղացողը Պրեմիեր լիգայի թիմում պահեստայինների նստարանին նստելը նախընտրում է Առաջին լիգայում խաղալուց, քանի որ այնտեղ նրան առաջարկում են ավելի բարձր աշխատավարձ: Դրա հետևանքով մենք կորցնում ենք այդ խաղացողին:
Կարծում եմ՝ լեգեոնականների սահմանափակման օրենքը ունի հստակ շտկումների ու լրացումների կարիք, և դա պետք է անել ժամանակի ընթացքում: Հաշվի առնելով բոլոր այդ դժվարությունները և այն, որ վերջին տարիներին հայկական ֆուտբոլը շատ վատ վիճակի է հասել, իսկ հայ ֆուտբոլիստները զրկվել են խաղային պրակտիկայից ու նրանց քանակն էլ պակասել է, մենք՝ որպես նորաստեղծ ակումբ, չենք կարող կազմի 90 տոկոսը համալրել հայ խաղացողներով:

2019 թվականի մայիսից մինչև այս տարվա մարտն աշխատում էիք Ռուսաստանի Գելենջիկ քաղաքում գործող FDC Vista ֆուտբոլային ակադեմիայում: Ի՞նչ տվեց Ձեզ այդ աշխատանքը և ինչո՞ւ որոշեցիք վերադառնալ Հայաստան:
Այնտեղ ամեն բան պրոֆեսիոնալ հիմքերի վրա էր, պայմանները հոյակապ էին: Ես աշխատել էի 17-18 տարեկան տաղանդավոր հայ տղաների հետ, սակայն ինձ համար նորություն էր, որ հնարավորություն ստացա աշխատել ամբողջ աշխարհից ժամանած լավ ֆուտբոլիստների հետ: Այնտեղ կային խաղացողներ Աֆրիկայից, Հարավային Ամերիկայի երկրներից, հայեր ու ռուսներ: Դա նոր փորձ էր ինձ համար: Եկա Հայաստան, քանի որ վաղուց ցանկանում էի վերադառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլ, քանի որ ինձ տեսնում եմ գլխավոր մարզիչի կարգավիճակում: Զարգացման ծրագիր ղեկավարելը հետաքրքիր է, սակայն մրցումային գործընթացն ավելի հետաքրքիր է, երբ պատրաստվում ես խաղերի, միավորներ վաստակում, հաղթում կամ պարտվում: Այնտեղ ինձ համար պակասում էր մրցումային մոտիվացիան: Հենց դա էր պատճառը, որ վերադարձա Հայաստան և ընդունեցի «Նորավանքի» առաջարկը:
Հաշվի առնելով Արցախում ընթացող ռազմական գործողությունները՝ այս մեկ ամսվա ընթացքում ֆուտբոլիստները կարողանո՞ւմ են լիովին կենտրոնանալ ֆուտբոլի վրա:
Այդ հարցին կարող եմ պատասխանել մեկ բառով՝ ոչ: Ես համոզված եմ, որ ոչ մի հայ այս օրերին չի կարող կենտրոնանալ ինչպես ֆուտբոլի, այնպես էլ այլ գործերի վրա, որովհետև այս ամենն ուղղակիորեն մեզ է առնչվում: Սակայն փորձում ենք մեր աշխատանքը կատարել առավելագույն, լինել պրոֆեսիոնալ ու հնարավոր ամեն բանով օգնել թիկունքից:
Այս մրցաշրջանում Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճելու մասին մտածո՞ւմ եք, թե՞ թիմը դեռ պատրաստ չէ դրան:
Ճիշտ է, առաջնության սկզբնամասում միավորներ շատ ենք կորցրել, բայց մենք ամբիցիոզ թիմ ենք: Վերլուծելով խաղերը՝ տեսնում եմ, որ նույն հաջողությամբ կարող էինք անհամեմատ ավելի շատ միավորներ վաստակած լինեինք: Թիմը բարձր խնդիրներ է դնում իր առջև: Ամեն խաղի դաշտ ենք դուրս գալիս միայն հաղթելու համար:

Հաջորդ հանդիպումն անցկացնելու եք «Վանի» հետ՝ Հայաստանի գավաթի խաղարկությունում: Ինչպե՞ս եք գնահատում թիմերի շանսերն առաջին խաղում գրանցված գոլազուրկ ոչ ոքիից հետո:
Բնականաբար, «Վանը» ֆավորիտ է համարվում, և դա չի քննարկվում: Մրցակիցը հանդես է գալիս Բարձրագույն խմբում, իսկ մրցաշարային տեսանկյունից էլ ավելի լավ վիճակում է: Սակայն բոլորս էլ գիտենք, որ գավաթային հանդիպումները հոգեբանական առումով շատ են տարբերվում: Ամեն ինչ կարող է լինել:
Հայաստանի հավաքականն արդեն 4 հանդիպում է անցկացրել նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի գլխավորությամբ: Մարզչական առումով ի՞նչ-որ բան առանձնացրել եք այդ խաղերում:
Խոակին Կապառոսը ամենահարուստ կենսագրություն ունեցող մասնագետն է Հայաստանի հավաքականի բոլոր մարզիչների թվում: Նա հարուստ ճանապարհ է անեց՝ լինելով նաև «Սևիլիայի» գլխավոր մարզիչը: Այդ խաղերում դրվագներով եղել են փոփոխություններ: Որոշ խաղերում երրորդ գոտում ավելացել է կոմբիանոցին խաղը, ինչը նախկինում չկար: Եղել է նաև հանդիպում, որտեղ բոլորովին այլ խաղ ենք ցուցադրել՝ կախված մրցակցից: Այս պահին բարդ է ճիշտ գնահատական տալ մարզիչի աշխատանքին՝ հաշվի առնելով նաև կորոնավիրուսային իրավիճակը: Ժամանակը ցույց կտա: Պետք է ժամանակ տալ մարզիչին, սպասել ու հասկանալ, թե ինչ կարող է նա տալ մեր հավաքականին:
Դավիթ Եղիազարյան
Ֆոտո՝ «Նորավանքի» մամուլի ծառայություն
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.