17:37  +04,  24 հոկտեմբերի, 2020

Մարիա Գեւորգյան․ Հրավիրում եմ բոլորին՝ եկեք խաղանք շախմատ, օգնենք զինվորին

Շախմատի Հայաստանի քառակի չեմպիոն, Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Մարիա Գեւորգյանը հոկտեմբերի 25-ին Ազատության հրապարակում, Հովհաննես Թումանյանի արձանի հարեւանությամբ ժամը 12:00-17:00-ն բացօթյա միաժամանակյա սեանս կանցկացնի շախմատի սիրահարների համար։ Մասնակցությունը կլինի վճարովի: Հավաքված ամբողջ գումարը կուղղվի համահայկական հիմնադրամին՝ հաջակցություն հայոց բանակին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց գրոսմայստերը:

Մարիա Գեւորգյանը պատերազմի առաջին օրերից ակտիվ աջակցում է թիկունքում կազմակերպով աշխատանքներին: Կամավորական աշխատանքով օգնում է Armenian Social Media Army-ի թիմին, նաեւ մասնակցում տարբեր հանգանակությունների:

Այժմ էլ գրոսմայստերը որոշել է գումար հավաքել շախմատ խաղալով եւ հավաքված գումարն ուղղել համահայկական ֆոնդին:

Մարիա, ինչպե՞ս առաջացավ գաղափարը եւ ի՞նչ կարգով է հանգանակվելու գումարը:

Նման գաղափար դեռ վաղուց ունեի, պատերազմի առաջին օրերից, երբ հայտարարվեց ֆոնդի մասին: Չնայած նրան, որ պարբերաբար ընտանիքով փոխանցում էինք գումար, որոշեցի ինչ-որ կերպ կազմակերպել մեկ այլ միջոցառում բարեգործական հիմքով, որից հավաքված ամբողջ գումարը կուղղվի բանակին:

Կարծում եմ՝ յուրաքանչյուրիս մոտ կա այն զգացողությունը, որ որքան էլ գումար փոխանցես, կամ որեւէ օգնություն ցուցաբերես բանակին, մեր զինվորներին, միեւնույն է՝ քիչ է կամ ոչինչ է: Երկար մտորեցի, այդ ընթացքում միտքս պարբերաբար զբաղված էր՝ ռազմաճակատում տիրող իրավիճակով, մեր զինվորներով, նաեւ զարմիկս է առաջնագծում:

Ինքս էլ սեպտեմբերի 27-ից չէի մոտեցել տախտակին, չէի խաղացել, առհասարակ շախմատով չէի զբաղվում, քանի որ զբաղված էի նաեւ Armenian Social Media Army-ի աշխատանքներով, այդ պատճառով մտահաղացումս իրակացնելու ժամանակը մի փոքր հետաձգվեց:

Շախմատ խաղալով գումար հավաքելու գաղափարն իրականացնելու որոշումը կայացրեցի այն ժամանակ, երբ սոցցանցերում տեսա մի լուսանկար, որտեղ զինվորները շախմատ էին խաղում հանգստի ժամին: Ինձ այս լուսանկարը շատ ոգեւորեց:

Ի՞նչ կարգով է լինելու հանգանակությունը: Կա՞ սահմանված գումար:

Գումարի չափ չենք սահմանել. որքան կցանկանան: Թեկուզ նվազագույն գումարով ցանկանում եմ գոնե ինչ-որ չափով օգտակար լինենք բանակին, համահայկական հիմնադրամին: Ամեն դեպքում ցանկացած գումար զինվորինն է, մենք էլ կփորձենք այսկերպ հաճելի ժամանակ ապահովել մեր քաղաքացիների համար, զբաղեցնել:

Ես կխաղամ միաժամանակյա սեանս տասը խաղատախտակների վրա: Ինձ հետ շախմատ խաղալու համար է հարկավոր հանգանակություն անել: Տարիքային սահմանափակում չկա․ ով ցանկանում է, կարող գալ եւ ինձ հետ փորձել ուժերը: Կլինի արագ շախմատ, ժամանակարգը ես կդնեմ: Ինձ համար երկար կտեւի, բայց խաղատախտակի վրա խաղացողների համար կարճ կլինի, որպեսզի բոլոր ցանկացողները հնարավորություն ունենան խաղալ: Նաեւ հանգանակություն կարող են անել պարտիաներին հետեւողները, անցորդները: Ցանկացած գումար, որքան կկամենան կամ այդ պահին կարող են: Բացի գումարից, ցանկության դեպքում նաեւ պատրաստ ենք ընդունել հումանիտար օգնություն՝ տաք հագուստ, քնապարկ, գուլպաներ, գիշերային հեռադիտակներ: Բացի սնունդից, ամեն ինչ պատրաստ ենք ընդունել: Եթե նույնիսկ գումարի տեսքով չէ, օգտակար իրեր, հագուստ կարող են բերել, սիրով պատրաստ եմ այդ ամենը փոխանցել բանակին:

Կարեւորը հաղթանակը չի: Ինքս էլ կասկածներ ունեմ, որ կկարողանամ բոլորին հաղթել, քանի որ երկար ժամանակ շախմատով չեմ զբաղվել: Հաղթանակի դեպքում նախատեսված խրախուսանքներ չեն լինի, կարծում եմ թեկուզ սկսնակ շախմատիստների համար ինձ հաղթելը մեծ նվաճում կլինի:

Որտե՞ղ է անցկացվելու սեանսը եւ որքա՞ն կտեւի:

Լինելու է Օպերայի տարածքում՝ Թումանյանի արձանի հարեւանությամբ ժամը 12:00-17:00-ն:

Տեղի հարցում ինձ օգնեց ընկերներիցս Արման Հայրապետյանը: Տարածքի թույլտվություն ստացանք քաղաքապետարանի աշխատակից Հակոբ Կարապետյանի միջոցով:

Խաղատախտակները, սեղաններն ու աթոռներն ինձ տրամադրում է Էրեբունու շախմատի դպրոցը՝ տնօրեն, իմ ընկեր Զավեն Անդրեասյանի աջակցությամբ:

Շախմատիստներից միայն դո՞ւ ես լինելու, թե՞ հավաքականի անդամներից քեզ կմիանան:

Այս պահին դեռեւս միայնակ եմ: Եթե հաջող ստացվի, կարծում եմ եւ մեծ հույս ունեմ, որ նման գաղափարները վարակիչ կլինեն, ոչ միայն շախմատով, այլեւ մյուս մարզաձեւերով կարող ենք գումար հավաքել նաեւ քաղաքի տրամադրությունը փոխել, մարդկանց համար լավ ժամանց ապահովել:   

Նշեցիր, որ շախմատ խաղացող զինվորների լուսանկարներից ես ոգեշնչվել: Որքանո՞վ կարող է շախմատն օգնել զինվորին ռազմաճակատում:

Շատ ոգեւորիչ էր, երբ ինձ պատմեցին, որ զինվորները հանգստի ժամերին շախմատ են խաղում, ունեն խաղատախտակներ եւ մեծ մասն են խաղում:

Գաղտնիք չէ, որ պատերազմները հաղթում են շտաբերում, իսկ շախմատը շտաբերում աշխատող հրամանատարների, զինվորականների համար շատ կարեւոր է: Այսպես ասած՝ իրենք էլ իրենց շախմատն են խաղում ռազմական գործողությունները կազմելիս, որոշելիս, գծագրելիս: Գործողությունների համակարգում, ստրատեգիա, տակտիկա եւ այլն... Ռազմի այս պլանները գործում է նաեւ շախմատում: Ինձ համար շատ կարեւոր է, որ մենք ունենանք խելացի զինվորներ, որոնք կարող են տրամաբանել, հավասարակշռված լինել: Շախմատն օգնում է այս ամենի զարգացմանը: Ինձ համար շախմատը նույն ռազմադաշտի շտաբի աշխատանքն է:

Եվ այս ամենի ֆոնին, եթե շախմատ խաղում են առաջնագծում, ինչու չենք կարող մենք էլ թիկունքում խաղալ շախմատ եւ դրանով օգնել զինվորներին: Հրավիրում եմ բոլորին՝ եկեք խաղանք շախմատ, օգնենք զինվորին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս