09:08  ,  13 հոկտեմբերի, 2020

Լեոն Հարթ․ Թուրք մրցակցի հետ մենամարտս մեծ տիտղոսի համար է, բայց ինձ համար լինելու է ավելին, քան մենամարտ

Թուրք մրցակցի հետ մենամարտս մեծ տիտղոսի համար է, բայց ինձ համար լինելու է ավելին, քան մենամարտ. իմ ազգի, պատվի, հայ լինելու կռիվն եմ տալու:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Գերմանիայից ասաց կիսածանր քաշային կարգում IBO Continental, WBC Asia չեմպիոնական գոտիների հաղթող, Գերմանիայում հանդես եկող, Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Լեոն Հարթը:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը փոխել է քաշային կարգը եւ հոկտեմբերի 31-ին Բեռլինում կանցկացնի իր 23-րդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում (18-4-0)՝ պայքարելով WBI Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար: Լեոն Հարթի մրցակիցը լինելու է թուրք Հուսեյն Չինկարան (14-0-0):

32-ամյա բռնքամարտիկն առաջիկա մենամարտին մեծ պատասխանատվությամբ է մոտենում: Ինչպես ինքն է նշում՝ թուրք մրցակցի հետ տանելու Հայաստանի, Արցախի, հայի ինքնության եւ պատվի կռիվ, այնպես, ինչպես սահմանում հայ զինվորներն են այս օրերին պատերազմում ադրբեջանա-թուրքական զինված ուժերի եւ ահաբեկչական խմբավորումների դեմ:

Լեոն, արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով երկու շաբաթից ավելի շարունակվում է ադրբեջանա-թուրքական զինված ուժերի սանձազերծած հարձակումը Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի եւ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Սահմանում ընթացող պատերազմն ի՞նչ արձագանքներ եւ անդրադարձ է ստացել Գերմանիայում, տեղի հայ համայնքի շրջանում:

Ես ու իմ նման շատերն ապրում ենք Հայաստանից դուրս, սահմանից շատ հեռու, բայց դա չի նշանակում, որ այս պատերազմը չի անդրադարձել նաեւ մեզ վրա: Բոլորիս համար սարսափելի է այն ամենն, ինչ կատարվում է սահմանին: Դրսի հայերով փորձում ենք մեր աջակցությունն ունենալ Արցախին, Հայոց բանակին՝ հումանիտար օգնություն ենք հավաքում, ուղարկում, գումարային փոխանցումներ անում:

Ակտիվ մասնակցում եմ բողոքի ցույցերին: Գրեթե ամեն օր այստեղ եւ գերմանական տարբեր քաղաքներում մեծ ցույցեր են լինում, փորձում ենք մեր ձայնը լսելի դարձնել տարբեր ատյաններում: Օրերս եվրոպական երկրների հայկական համայնqերով հավաքվեցինք Բյրուսելում՝ Եվրամիության շենքի առջեւ: Մեծ թվով հայեր էին հավաքվել, իսկապես մենք հզոր էինք, մենք մեր բողոքի ձայնն էինք բարձրացրել:

Ճիշտ է՝ մեզ որեւէ մեկը չլսեց, որեւէ մեկը դուրս չեկավ: Սկզբում խաղաղ ցույց էինք անում, բայց շուտով մեզ շրջափակեցին ոստիկանական ուժերը: Պարբերանար հորդորում էին լքել տարածքը, քանի որ հենց այդ վայրում օրենքով չէր թույլատրվում որեւէ ցույց, ակցիա իրականացնել: Որոշ ժամանակ անց սկսեցինք անհնազանդություններ անել, որը հատուկ նպատակ ուներ՝ ցույց տալ, որ հայերը կարող են խնդրի կարգավորման խաղաղ ճանապարհով գնալ, բայց նաեւ ըմբոստանալ, եթե հակառակորդը ոտնձգություններ է թույլ տալիս: Մեզ անընդհատ զգուշացնում էին, որ դադարեցնենք: Իրենց էլ է հասկանալի՝ չթույլատրված վայրում էինք, բոլոր փողոցները փակ, երթեւեկությունը կանգնած: Որեւէ վիրավոր չունեցանք, վնասներ չունեցանք: Տեսնելով, որ չենք հնազանդվում, մեզ լռեցնել հնարավոր չի, օգտագործեցին արցունքաբեր գազ: Կարեւորն այն է, որ կարողացանք որոշ չափով Եվրախորհրդին, այդ թվում եվրոպացիներին հասցnել մեր ասելիքը:

Փորձում ենք ամեն փոքր քայլով աշխարհին լսելի եւ տեսանելի դարձնել հակառակորդի ագրեսիվ ու սանձարձակ գործողությունները: Իրականում բոլորն էլ տեսնում են, լսում են, ուղղակի այս պահին որեւէ մեկին հետաքրքիր չի, այդ պատճառով էլ լռում են:

Մենք հիմա շատ միասնական ենք ամբողջ աշխարհի հայերով, մի բռունքց ենք դարձել, ինչը շատ ոգեւորիչ է: Յուրաքանչյուրս, կլինի Գերմանիայի, Բելգիայի թե այլ երկրի հայ, ամեն ինչ անում ենք, որ Հայաստանի, Արցախի, մեր հայ զինվորների թիկունքն ամուր լինի: Մեծ ցավ եմ ապրում ամեն անգամ նահատակված զինվորների անունները, թվերը կարդալիս: Այդ երիտասարդներն իրավունք չունեին դեռ կյանք չմտած զոհվել: Պատասխանատվության եւ փառքի զգացողություններ էլ է առաջանում, որ այդ երիտասարդներն իրենց կյանքն են զոհում մեր հողի ու պետականության համար: Մենք մեր կյանքով հավերժ պարտական ենք լինելու նրանց: Ինձ համար իսկական հերոսները նրանք են՝ սահմանում կռվող, հայրենիքի համար նահատակված զինվորները:

Լեոն, խոսքիդ մեջ նշեցիր, որ այսօր շատ երկրների հետաքրքիր չէ այս հակամարտությունը, այդ պատճառով լռում են: Ըստ քեզ՝ ո՞րն է իրականում այս լռության, չեզոք վերաբերմունքի պատճառը:

Թուրքիան հզոր պետություն է, դա հասկանալի է: Օրինակ՝ հենց Գերմանիայում Թուրքիան ունի շատ մեծ համայնք:  Եթե չեմ սխալվում այստեղ ապրում է 4 միլիոնից ավել թուրք եւ նրանք շատ հզոր են, մեծ բիզնեսներ ունեն եւ գրեթե բոլոր ոլորտներում առաջատար են, մեծ ազդեցություն ունեն: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, շատ եվրոպական երկրների հետ ունի պետական շահեր: Սա մեծ քաղաքականություն է, որը գուցե շատերիս՝ սովորական քաղաքացիներիս համար անհասկանալի է, բայց ներքին համոզմունք ունեմ, որ սահմանում ընթացող պատերազմը երկար չի շարունակվի եւ մենք՝ հայերս կհաղթենք թուրքերին:

Այստեղ բնակվող հայ ընտանիքներից յուրաքանչյուրս ունենք հարազատներ, ընկերներ առաջնագծում: Ամբողջ համայնքը ուշադիր հետեւում է նորություններին, անհանգստանում, մեծ ցավ ապրում ամեն մի զինվորի կորստի հետ: Սպասելի էր այս պատերազմը: Այն լինելու էր մի օր: Մենք հաղթելու ենք, այս վատ օրերն ավարտվելու են մի օր, հույս ունեմ՝ շուտով, բայց ուզում եմ խոսքս ուղղել ամբողջ աշխարհի հայությանը, որ պատերազմի ավարտից, հաղթանակից հետո էլ շարունակենք այսուհետեւ ապրել, լինել այսպես միասնական, համախմբված: Միայն այդ դեպքում ոչ մի թշնամի այլեւս մեզ չի մոտենա: Այս պատերազմը համախմբեց համայն հայությանը:

Լեոն, եւ այս պատերազմի, այս տրամադրությունների ֆոնին դու պատրաստվում ես թուրք մրցակցի հետ մենամարտի...

Այո, հետաքրքիր է ստացվել: Հոկտեմբերի 31-ի մենամարտիս համար մրցակիցների մի քանի թեկնածուներ կային:  Համաձայնությունը ձեռք է բերվել թուրք մարզիկի հետ: Դեռ մեկ ամիս առաջ արդեն գիտեի մրցակցիս: Այնպես չի, որ միտումնավոր ընտրվել է թուրք մրցակից: Բայց այս օրերից, անցած երկու շաբաթներից հետո վերաբերմունքս, ապրումներս, տրամադրվածությունս կրկնակի մեծացել է եւ շատ այլ կերպ եմ այս մենամարտին մոտենում՝ այլ մտքերով, նպատակով, այլ պատրաստվածությամբ ու պատասխանատվությամբ: Սա, իհարկե, սպորտ է, իրավունք չունես էմոցիաներով մենամարտել. դա կարող է շատ վատ հետեւանքներ ունենալ: Ամեն անգամ էլ, երբ մրցակիցդ թուրք կամ ադրբեջանցի է լինում, այլ տրամադրվածությամբ ես պատրաստվում մենամարտիդ, ռինգը դառնում է մարտի դաշտ եւ նպատակդ միայն մրցակցին հաղթելն է:

Ես էմոցիոնալ տղա եմ, մի տեսակ այլ տրամադրություն ունեմ առաջիկա մենամարտիս համար, քանի որ կռիվ եմ տալու իմ ազգի, իմ զինվորների, հայրենիքի համար, նրանց անունից ու նրանց պատվին: Մեծ գոտու համար է մենամարտը՝ WBI Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի, բայց ես դուրս եմ գալու ռինգ այլ հաղթանակի համար: Տիտղոսն այս պահին երկրորդական է, եթե նույնիսկ դա լիներ աշխարհի չեմպիոնի կոչման համար: Արդեն ծրագրված է, թե ինչպես եմ դուրս գալու ռինգ, ինչ խոսք կլինի մենամարտից առաջ, հետո, կշեռքի ժամանակ ինչ է լինելու, բայց այս պահին մանրամասները չեմ ներկայացնի: Ամեն տարբերակ, հարթակ պետք է օգտագործեմ, որ իմ, հայի, Հայաստանի ու Արցախի ձայնը լսելի լինի ամենաբարձր տեղերում:

Թուրքական DMAX հեռուստաալիքը ուղիղ եթերում հեռարձակելու է մենամարտը: Իսկ ես այդ հնարավորությունը հաստատ բաց չեմ թողնելու ներկա իրավիճակի, թուրք-ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած ռազմական գործողությունների մասին ուղիղ եթերում ասելու համար: Կլինի նաեւ Յութուբի ուղիղ եթեր, իսկ Հայաստանում կցուցադրվի «Կենտրոն» հեռուստաալիքով:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով