18:01  ,  9 հոկտեմբերի, 2020

Արթուր Միրանյանը մոտ է «Տամբով» տեղափոխվելուն

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Արթուր Միրանյանը մոտ է ռուսական «Տամբով» տեղափոխվելուն, հաղորդում է Sport24-ը:

Ռուսական ակումբն առաջարկ է արել ազատ գործակալի կարգավիճակում գտնվող 24-ամյա ֆուտբոլիստին, որը արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող մարտերի պատճառով չի կարողանում Հայաստանից մեկնել Ռուսաստան:

Հիշեցնենք, որ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում «Տամբով» էին տեղափոխվել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կարապետյանն ու Վարազդատ Հարոյանը:

Ավելի վաղ NEWS.am Sport-ին հայտնի էր դարձել, որ Արթուր Միրանյանը մարզվում է Երևանի «Փյունիկում»: Այս ամռանը նա ազատ գործակալի կարգավիճակով հեռացել էր երևանյան ակումբից: Հարձակվողը «Փյունիկում» էր մարզվում մարզավիճակ պահպանելու համար:

Արթուր Միրանյանը «Փյունիկում» հանդես էր գալիս նախորդ 2 մրցաշրջաններում: Հայաստանի նախորդ առաջնությունում նա մասնակցել է 13 խաղի և դարձել 6 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինալ:

Ուկրաինայի եւ Հայաստանի քաղաքացիություններ ունեցող Միրանյանը Դոնեցկի «Շախտյորի» սան է։ Ուկրաինական ակումբի երիտասարդական թիմում նա հանդես է եկել 2012-2014 թվականներին, իսկ 2011-2013-ը խաղացել է Ուկրաինայի պատանեկան հավաքականներում (Մ-17, Մ-18, Մ-19): 2014-2015-ը հայ հարձակվողը խաղացել է նաև մակեդոնական «Վարդարում»։ Հայաստանի հավաքականում Միրանյանը նորամուտը նշել է 2019 թվականին և անցկացրել մեկ հանդիպում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում