13:53  ,  8 սեպտեմբերի, 2020

Հայաստան - Էստոնիա. Մրցակից, որին անպայման պետք է հաղթել

Ֆուտբոլի Ազգերի լիգայում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 8-ին C դիվիզիոնի երկրորդ տուրում կընդունի էստոնացիներին:

Պատմություն

Սա Հայաստանի ու Էստոնիայի հավաքականների 6-րդ հանդիպումն է: Թիմերի միջև առաջին խաղը տեղի է ունեցել 1998 թվականին: Ընկերական խաղում Հայաստանի հավաքականն առավելության է հասել 2:1 հաշվով: Մեկ տարի անց թիմերն անցկացրել են ևս մեկ ընկերական հանդիպում, որտեղ էստոնացիները հաղթել են 2:0 հաշվով: Հաջորդ 2 հանդիպումները տեղի են ունեցել 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում: Երևանում գրանցվել է 2:2 հաշիվը, իսկ Տալինում դաշտի տերերն ուժեղ են գտնվել նվազագույն հաշվով: 5-րդ դիմակայությունը 2018 թվականին անցկացվել է Երևանում, որտեղ թիմերը գոլ չեն խփել ընկերական խաղում:

Նախորդ խաղերը

Հայաստանի ու Էստոնիայի հավաքականները նախորդ խաղն անցկացրել են սեպտեմբերի 5-ին Ազգերի լիգայի առաջին տուրում: Խոակին Կապարոսի նորամուտի խաղում հայկական թիմը Սկոպյեում մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ և պարտվեց 1:2 հաշվով: Էստոնացիները մրցաշարը սկսեցին Վրաստանի հավաքականի դեմ տնային խաղով և պարտվեցին նվազագույն հաշվով: Եթե Հայաստանի հավաքականը պարտվեց՝ խաղային առումով չզիջելով մրցակցին, ապա Վրաստանի հավաքականը նկատելի առավելություն ուներ էստոնացիների դեմ խաղում:  

Կորուստներ

Հայաստանի հավաքականի հավաքին մասնակցող ֆուտբոլիստներից հանդիպումը մրսածության պատճառով բաց կթողնի դանիական «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայանը: Մակեդոնացիների դեմ նախորդ խաղում Բաբայանը փոխարինման էր դուրս եկել ընդմիջմանը և բավականին հաջող մտավ խաղի մեջ: Էստոնիայի հավաքականի հետ չէ լեհական «Լոձի» 27-ամյա կիսապաշտպան Հենրիկ Օջաման, որը վրացիների դեմ խաղում մեկնարկային կազմում էր: Նա չի ժամանել Երևան: Թիմի այս հավաքին տարբեր պատճառներով չեն հրավիրվել արտասահմանում հանդես եկող մի քանի ֆուտբոլիստներ:

Մրցակիցը

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Էստոնիայի հավաքականը զբաղեցնում է 104-րդ տեղը (Հայաստանը 102-րդն է): Էստոնիայի հավաքականի ամենահայտնի ֆուտբոլիստն անգլիական «Լիվերպուլի» նախկին պաշտպան Ռագնար Կլավանն է, սակայն իտալական «Կալյարիի» 34-ամյա խաղացողը չի մասնակցում այս հավաքին: Հայ երկրպագուներին ծանոթ են «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Իլյա Անտոնովը և «Ալաշկերտի» նախկին պաշտպան Նիկիտա Բարանովը, որոնք Վրաստանի հավաքականի դեմ խաղում մնացել էին պահեստայինների թվում: Էստոնիայի հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստը շվեդական ԱԻԿ-ի 27-ամյա պաշտպան Կարել Մետսն է, որի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 900 հազար եվրո:

Էստոնիայի հավաքականը գլխավորում է նախկին ֆուտբոլիստ Կարել Վոլայդը: Էստոնացի 43-ամյա մասնագետը 2013 թվականից մինչև 2019-ն աշխատել է Էստոնիայի տարբեր տարիքայինների հավաքականներում, իսկ նախորդ տարի գլխավորեց ազգային թիմը: Նրա գլխավորությամբ Էստոնիայի հավաքականն անցկացրել է 7 հանդիպում, կրել 6 պարտություն ու գրանցել մեկ ոչ ոքի: 2019-ի հունիսի 11-ին Էստոնիայի հավաքականը կրել էր իր պատմության 2 ամենախոշոր հաշվով պարտություններից մեկը՝ Եվրո-2020-ի ընտրական փուլում 0:8 հաշվով պարտվելով գերմանացիներին: Այդ խաղից հետո էստոնացի մասնագետ Մարտին Ռեիմը հեռացվել է գլխավոր մարզչի պաշտոնից, որը զբաղեցրեց Կարել Վոլայդը:

Բուքմեյքերների ֆավորիտը

Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ համարում են Խոակին Կապառոսի գլխավորած թիմին, որի հաղթանակը գնահատվում է 1.80 գործակցով: Էստոնացիների հաղթանակը ստացել է 4.75 գործակից, իսկ ոչ ոքին՝ 3.40:

Ազգերի լիգա, երկրորդ տուր

C դիվիզիոն, երկրորդ խումբ

Հայաստան - Էստոնիա՝ 20:00

Գլխավոր մրցավար՝ Դևիդ Քութ (Անգլիա)

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը. Դավիդ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Վբեյմար Անգուլո, Խորեն Բայրամյան, Արշակ Կորյան, Տիգրան Բարսեղյան, Ալեքսանդր Կարապետյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով