22:00  ,  25 օգոստոսի, 2020

Լիոնել Մեսին հեռանում է. Նա իր որոշման մասին տեղեկացրել է «Բարսելոնայի» ղեկավարությանը

Կատալոնական «Բարսելոնայի» ու Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին օգոստոսի 25-ին տեղեկացրել է Իսպանիայի փոխչեմպիոնի ղեկավարությանը, որ վերջնական որոշում է ընդունել փոխել ակումբային գրանցումը, հաղորդում է ESPN-ը:

Մեսին տեղեկացրել է, որ օգոստոսի 26-ին ակումբի կազմում բուժզննում չի անցնելու և չի մասնակցելու «Բարսելոնայի» առաջիկա մարզումներին:

33-ամյա Լիոնել Մեսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս, սակայն արգենտինացի հարձակվողը հնարավորություն ունի ցանկացած պահի խզել պայմանագիրն ու ստանալ ազատ գործակալի կարգավիճակ:

«Բարսելոնայի» ղեկավարությունն օգոստոսի 25-ի երեկոյան արտահերթ ժողով է հրավիրել, որում կքննարկի Լիոնել Մեսիի որոշումն ու նրան փոխարինելու հնարավորությունը:

Մեսիի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», ՊՍԺ-ն և «Ինտերը»:

Ավելի վաղ իսպանական մամուլը տեղեկացրել էր, որ Լիոնել Մեսին ակումբի ղեկավարության հետ ունեցած խնդիրների պատճառով մտադիր է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխել ակումբային գրանցումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում