16:08  ,  6 օգոստոսի, 2020

Էդմոնդ Թարվերդյան․ UFC-ի 20 տարվա աշխատողը հեռացվեց՝ Էդմեն Շահբազյանին Արցախի դրոշով ռինգ դուրս գալ թույլ տալու համար

UFC-ի 20 տարվա աշխատողն ազատվեց աշխատանքից Էդմեն Շահբազյանին Արցախի դրոշով ռինգ դուրս գալ թույլ տալու համար, մեզ էլ ֆինանսական տույժ տվեցին՝ UFC-ի հովանավորի կողմից տրամադրված գումարից զրկելով: Տարբեր երկրներում թուրքական եւ ադրբեջանական դեսպանատներ հասան իրենց ուզածին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ԱՄՆ-ից ասաց UFC մարտիկ Էդմեն Շահբազյանի անձնական մարզիչ, մենեջեր, ԱՄՆ-ի «Գլենդեյլ ֆայթինգ քլաբի» ղեկավար Էդմոնդ Թարվերդյանը:

Օգոստոսի 2-ին Լաս Վեգասում անցկացված խառը մենամարտերի UFC Fight Night 173 մրցաշարում Էդմեն Շահբազյանի՝ Արցախի դրոշով օկտագոն դուրս գալը մի շարք երկրներում թուրքական եւ ադրբեջանական դեսպանատների դժգոհություններին էր արժանացել:

Ավելի վաղ, ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, Էդեմն Շահբազյանի ըմբշամարտի մարզիչ Մարտին Բերբերյանը NEWS.am Sport-ին հայտնել էր, որ Արցախի դրոշով ռինգ դուրս գալու համար մի քանի երկրների, մասնավորապես թուրքական դեսպանատները բողոքել էին:

Պարոն Թարվերդյան, ի՞նչ բողոքներ են եղել UFC-ին եւ ի՞նչ ընթացք կա:

Օգոստոսի 4-ին ինձ զանգահարեցին UFC-ից: Նախ նշեմ, որ նախորդ տարի UFC-ին ծախվել է չինական մեծ կազմակերպությունների եւ ամեն ինչ փոխվել է այնտեղ: UFC-ի ղեկավարը դեռեւս Դանա Ուայթն է, բայց նա կանոնների պահպանման հարցերով չի զբաղվում: Կազմակերպության ղեկավար կազմում փոփոխություններ կան, մեծ անունով մարդիկ են կանգնած այս կազմակերպության գլխին: Ինձ զանգահարեցին եւ հայտնեցին, որ Արցախի դրոշի պահով Ռուսաստանում թուրքական դեսպանատնից, Թուրքիայից բողոքել են եւ ասել, որ հայերը «տեռորիստ են» եւ Արցախի դրոշով իրավունք չունեին օկտագոն դուրս գալ: Բողոքներ են եղել նաեւ Թուրքիայում, Ռուսաստանում ադրբեջանական դեսպանատներից:

Միայն նախազգուշացրի՞ն, որ բողոք է եկել:

Օգոստոսի 5-ի դրությամբ մեզ որեւէ տույժ չէր հասնում: Ես հեռախոսազանգի ընթացքում հայտնեցի, որ մենք մեր քայլով փորձում ենք ցույց տալ, որ կանգնած ենք մեր երկրի կողքին, ներկայացնում ենք Հայաստանը, այս կերպ մեր բողոքն ենք ներկայացնում Տավուշում վերջին շրջանում տեղի ունեցած լարված իրավիճակի վերաբերյալ եւ որ Արցախը մեր երկիրն է, այնտեղ հայեր են ապրում եւ մենք պետք է պաշտպանենք մեր ազգին: ԱՄՆ-ում մեր թիմի նպատակն այն է, որ բոլոր խոշոր մրցաշարերում ներկայացնենք հայությանը, հայ ազգին, մեր երկիրը: Էդմենի՝ Արցախի դրոշով օկտագոն դուրս գալը հենց այդ առաքելությունն ուներ: Մենք այսօր 22 տարեկան մարզիկ ունենք, որը ներկայացնում է Հայաստանը: Կցանկանայի, որ բոլորը՝ երկրի վարչապետից սկսած տեսնեն, հասկական եւ իրենց աջակցության խոսքն ուղղեն Էդմենին իր այդ քայլի համար: Կուզենայի, որ դրսում գործունեություն ծավալող բոլոր հայերը այսպես ներկայացնեին մեր հայրենիքը այս պահին:

ԱՄՆ-ում Ադրբեջանի եւ Թուրքիայի դեսպանատներից բողոք եղե՞լ է:

Ոչ, այստեղի դեսպանատներից բողոք չի եղել: Առաջին օրը բողոք եղել է մասնավորապես Ռուսաստանից եւ Թուրքիայից, բայց այսօր դեպքերի այլ զարգացում ունենք եւ ամեն ինչ այլ՝ վատ ընթացք է ստացել:

Այսօր՝ օգոստոսի 6-ին  ես կրկին զանգ եմ ստացել արդեն անձամբ UFC-ի ղեկավար Ուայթից: Նա հայտնեց, որ բողոքների թիվն ավելացել է, ավելի քան 10 երկրներում թուրքական եւ ադրբեջանական դեսպանատներ եւս բողոքել են: Ըստ Ուայթի, UFC-ն որոշել է աշխատանքից հեռացնել իր 20 տարվա աշխատողին, որ այս տարիների ընթացքում պատասխանատու է  եղել մարզիկների օկտագոն դուրս գալուց առաջ մարզահագուստին, դրոշին: Ամեն ինչ իրականում խիստ է UFC-ում եւ այստեղ ամենաչնչին գրությունը մարզահագուստի վրա կարող է կանոնների կոպիտ խախտում լինել:

UFC-ի խոշոր մենամարտերը հովանավորում է «Reebok» ընկերությունը: Մարզիկները պարտավոր են օկտագոն դուրս գալ միայն «Reebok»-ի ապրանքանիշով եւ տարբերանշանով: Որեւէ այլ լոգո եթե նույնիսկ քո ներքնազգեստի վրա լինի, մենամարտից առաջ UFC-ի հատուկ հսկողություն տանող մարդը, որը նույն այդ 20 տարվա աշխատակիցն է, գալիս, ստուգում է, եթե այլ նշան կա քո վրա, սեւացնում է եւ նոր թույլ տալիս դուրս գաս ռինգ: Հիմա այդ աշխատակցին աշխատանքից ազատում են նրա համար, որ նա չի կատարել իր պարտականությունը եւ չի ստուգել Էդմենին ռինգ դուրս գալուց առաջ: Նա ուշադիր չի եղել, չի տեսել, որ Էդմենի ուսերին Արցախի դրոշն է, այլ ոչ Հայաստանի:

Նշեցիք, որ տույժ է հասել նաեւ Էդմեն Շահբազյանի թիմին, այսինքն՝ ձեզ:

Մեզ նույնպես տույժ են նշանակել՝ գումարի տեսքով: Ինչպես արդեն ասացի UFC-ի մրցաշարերի հովանավորը «Reebok»-ն եւ յուրաքանչյուր մրցաշարի գլխավոր մենամարտի մասնակիցներին մեծ ֆինանսեր է տալիս, որպես պարգեւավճար: Դրանք տարբեր չափերի են՝ 20, 30, 50 հազար ԱՄՆ դոլար: Պարգեւավճարի չափը կախված է մարզիկի մակարդակից: Մեզ, որպես տույժ զրկեցին «Reebok»-ի ֆինանսավորումից: Մեր պատիժն էլ նրա համար է, որ պայմանագրում նշված է եղել՝ այլ երկրի դրոշով իրավունք չունենք ռինգ դուրս գալ:

Ցավալի է, բայց ադրբեջանական եւ թուրքական դեսպանատներն իրենց նպատակին հասան: Ուզում եմ, որ բոլորն իմանան այս մասին: Ափսոսում եմ, որ մեր պատճառով UFC-ի աշխատակիցը տուժեց: Որեւէ նման նպատակ չկար՝ վնասել UFC-ին: Ֆինանսական տույժի համար վատ չեմ զգում, ավելի շատ վատ եմ զգում, որ մեր պատճառով տուժեց ուրիշը:

UFC-ի ղեկավարից ներողություն խնդրեցի եւ նշեցի, որ ուշադիր չենք եղել, չենք իմացել եւ չենք ցանկացել որեւէ խնդիր ստեղծել նրանց համար, անձնական խնդիր չենք ունեցել որեւէ մեկի հետ:

Մենք մեր քայլից չենք փոշմանել: Եթե հարկ լինի, տարբերակ գտնենք թեկուզ թույլտվությունով, նորից Արցախի դրոշով կմտնենք ռինգ: Մենք պատրաստ ենք մեր պատիժը կրել: Չենք կոտրվել, Էդմենն իմ աշակերտն է 10 տարեկանից, նա նույնպես չի ընկճվել: Ես եւ Ռոնդա Ռոուզին նաեւ Էդմենի մենեջերն ենք ու աջակցում ենք նրան այս քայլում:

Շատ կուզեմ, որ այս պահին մեր ժողովուրդը, հայ ազգը,  երկրի ղեկավարությունը՝ նախագահը, վարչապետը, մեր կողքին կանգնեն, իրենց աջակցությունը ցույց տան, խրախուսական խոսքեր ասեն Էդմենին իր քայլի համար, որ նա ոգեւորվի Արցախի դրոշը աշխարհի խոշոր կազմակերպության մրցաշարում բարձրացնելու համար: Մեզ ուրիշ ոչինչ պետք չի, զուտ աջակցության, գոտեպնդման խոսքեր: Մասնավորապես, լավ կլիներ, որ մեր տարբեր երկրների դեսպանատները, կամ նույն ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատունը արձագանքեր այս միջադեպին, մի քանի բառով իր աջակցության խոսքերն ասեր 22-ամյա հայ երիտասարդին: Մեր դեսպանատները ոչինչ այլեւս անել չեն կարող, քանի որ որոշումն արդեն կայացված է, բայց եթե լինեին աջակցության խոսքեր, վստահաբար Էդմեն Շահբազյանն ավելի կգոտեպնդվեր:

Ես ընդունում եմ, որ մենք սխալ ենք թույլ տվել, պայմանագրում ուշադիր չենք եղել այդ կետին, թե որ երկրի դրոշով իրավունք չունենք դուրս գալ ռինգ: Միայն այն, որ երիտասարդ մարզիկը, մեր թիմի տղաները որոշել են այդպիսի քայլ անել, չենք վախեցել, վստահաբար գովերքի եւ աջակցության է արժանի:  

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով