10:10  ,  6 մայիսի, 2020

«Բացահայտելով տաղանդների». Հայ կիսապաշտպանը Լեհաստանից (ֆոտո)

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող և Հայաստանի հավաքականում խաղալու երազանք ունեցող պատանի հայ ֆուտբոլիստների:

Լեհական Olimpia Grudziadz ակումբում հանդես է գալիս 17-ամյա կենտրոնական կիսապաշտպան Վահե Մնացականյանը:

«Ծնվել եմ Լեհաստանում, սակայն լավ եմ տիրապետում հայերենին»,- նշել է ֆուտբոլիստը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում:

«Ես դեռ նոր եմ մտել «մեծահասակների ֆուտբոլ» և շատ բան ունեմ սովորելու: Հանդես եմ եկել LKS Lodz-ի Մ-19 տարեկանների պատանեկան թիմում, որտեղից նախորդ տարվա փետրվարին տեղափոխվել եմ Olimpia Grudziadz, որի կազմում դուրս եմ եկել Լեհաստանի առաջնության Առաջին խումբ:

Olimpia Grudziadz-ում հարմարվելու հարցում ինձ շատ է օգնել Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Աղվան Պապիկյանը: Հրաշալի հարաբերություններ ունեմ Աղվանի հետ, նա ինձ համար մեծ եղբոր պես է:

2019 թվականի օգոստոսին վարձակալությամբ տեղափոխվեցի երրորդ խմբում հանդես եկող Ruch Wysokie Mazowieckie ակումբ, որի կազմում ավելի շատ խաղաժամանակ էի ստանում: Անցկացրեցի 9 հանդիպում: Հիմա վերադառնում եմ իմ ակումբ՝ Olimpia Grudziadz, որի հետ դեռ 1 տարվա գործող պայմանագիր ունեմ: Լեհաստանի առաջնությունում ֆիզիկական պայքարը շատ է:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները կապի մեջ են ինձ և Աղվանի եղբոր՝ Վոլոդյա Պապիկյանի հետ: Ես համագործակցում եմ Վոլոդյայի հետ: Սպասվում է, որ ես կհրավիրվեմ Հայաստանի պատանեկան հավաքականի առաջիկա հավաքին: Իմ հայրենիքի պատիվը պաշտպանելը մեծ հպարտություն է ինձ համար, միշտ պատրաստ եմ: Կարծում եմ, որ սեփական երկրի հավաքականի խաղաշապիկը կրելը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է: Մշտապես հետևում եմ հայկական ֆուտբոլին»,- նշել է Վահե Մնացականյանը:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով