20:22  ,  29 ապրիլի, 2020

ՀՖՖ-ն Պարետատան հետ կքննարկի մրցաշրջանի վերսկսման տարբերակներ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի հերթական նիստում քննարկվեցին ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների, Հայասանի գավաթի խաղարկության վերսկսման և ընթացիկ մրցաշրջանի ավարտի հնարավոր ժամկետները:

Քննարկման արդյունքում մշակվեցին առաջնությունների ժամկետների և ձևաչափերի հնարավոր փոփոխման մի քանի նախնական՝ աշխատանքային տարբերակներ:

ՀՖՖ աշխատակազմին առաջարկվեց մոտակա օրերի ընթացքում նշված նախնական տարբերակները քննարկել ՀՀ Պարետատան հետ: Գործադիր կոմիտեի հաջորդ նիստի ընթացքում կներկայացվեն Պարետատան հետ քննարկման արդյունքները, ինչի հիման վրա կընդունվի առաջնությունների վերսկսման հետ կապված վերջնական որոշում:

Օրակարգի մեկ այլ հարցով Գործադիր կոմիտեն քննարկեց ֆուտբոլիստների գրանցման և տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածի հնարավոր փոփոխության հարցը՝ հաշվի առնելով ՖԻՖԱ-ի կողմից ստացված այն խորհրդատվականը, համաձայն որի ստեղծված ֆորսմաժորային իրավիճակում ազգային ֆեդերացիաները բացառության կարգով այս տարի կարող են փոփոխել նախկինում սահմանված ժամկետները: Որպես աշխատանքային տարբերակ՝ դիտարկվեց ֆուտբոլիստների գրանցման և տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածի սկիզբը և ավարտը հետաձգել մեկական ամսով: Այնուամենայնիվ, Գործադիր կոմիտեն միակարծիք էր, որ այս հարցի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացվի միայն առաջնությունների վերսկսման և ընթացիկ մրցաշրջանի ավարտի ժամկետների վերջնական հստակեցումից հետո:

Գործադիր կոմիտեն կայացրեց նաև մի շարք որոշումներ: Մասնավորապես, որոշվեց ստեղծել Բժշկական կոմիտե (ժամանակավոր կոմիտե)՝ որպես Գործադիր կոմիտեի խորհրդատվական մարմին: Կոմիտեի ստեղծման նպատակն է վերանայել ՀՖՖ բժշկական ծառայության գործող համակարգը և գործիքակազմը, Գործադիր կոմիտեի հաստատմանը ներկայացնել բժշկական ծառայության բարելավման, արդիականացման և հետագա ռազմավարական զարգացման ծրագիր:

Գործադիր կոմիտեի մեկ այլ որոշմամբ, կրկին որպես Գործադիր կոմիտեի խորհրդատվական մարմին, ստեղծվեց Պայմանավորված խաղերի դեմ պայքարի հարցերով փորձագիտական կոմիտե (ժամանակավոր կոմիտե): Սահմանված ժամկետներում Փորձագիտական կոմիտեն պետք է ՈւԵՖԱ-ի հետ համատեղ ծավալի ներքին հետաքննություն պայմանավորված խաղերի հետ կապված հարցերի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հավաքագրի հնարավոր ապացույցներ և մանրամասն հաշվետվություն ներկայացնի Գործադիր կոմիտեին:

Օրակարգի վերջին հարցով, ելնելով երկրում ստեղծված առկա օբյեկտիվ պատճառներից, հայտարարված արտակարգ դրությունից և առողջապահության առաջնահերթության հիմնավորումներից, Գործադիր կոմիտեն, հիմք ընդունելով ՀՖՖ Կանոնադրության 78-րդ հոդվածը, որոշեց հետաձգել ՀՖՖ Հերթական Ժողովի անցկացումը և Ժողովի անցկացման ամսաթիվը տեղափոխել 2020 թվականի նոյեմբերի 3-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում