17:46  ,  23 ապրիլի, 2020

«Բարսելոնան» 60 միլիոն եվրո է առաջարկել «Բրեշիայի» 19-ամյա կիսապաշտպանի դիմաց

Իտալական «Բրեշիայի» և Իտալիայի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Սանդրո Տոնալին առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում, հնարավոր է, տեղափոխվի կատալոնական «Բարսելոնա»:

«Բարսելոնայի» հետաքրքրության մասին լուրերը հաստատել է անձամբ «Բրեշիայի» նախագահ Մասիմո Սելինոն:

«Փետրվարին ես անակնկալ առաջարկ ստացա Տոնալիի դիմաց: Ես այդ մասին դեռ ոչինչ չեմ ասել նրան, պատրաստվում եմ հունիսին անակնկալ մատուցել»,- Սելինոյի խոսքը մեջբերում է Corriere della Sera-ն:

Նշվում է, որ «Բարսելոնան» Սանդրո Տոնալիի դիմաց «Բրեշիային» առաջարկել է 60 միլիոն եվրո և ակումբի պատանեկան թիմի 2 ֆուտբոլիստի:

Սանդրո Տոնալին համարվում է իտալական ֆուտբոլի ամենախոստումնալից ֆուտբոլիստներից մեկը: Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև Թուրինի «Յուվենտուսն» ու Միլանի «Ինտերի»: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բրեշիայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

2019/20 մրցաշրջանում Տոնալին բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English