Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Великий футбол-ին տված հարցազրույցում վերհիշել է Դոնեցկի «Շախտյորում» հանդես գալու ժամանակահատվածը, նաև նշել, որ Իտալիայում իրեն ավելի գնահատված է զգում, քան Անգլիայում:
«ՇԱՏ ԲԱՆ ԵՄ ՍՈՎՈՐԵԼ ԼՈւՉԵՍԿՈւԻՑ»
««Շախտյոր» տեղափոխվել եմ Միրչա Լուչեսկուի պատճառով: Նրա շնորհիվ եմ ես հետագայում հանդես եկել Անգլիայում, Իտալիայում և Գերմանիայում: Շատ բան եմ սովորել Լուչեսկուից և շնորհակալ եմ նրան այդ հնարավորության համար: Լուչեսկուի հետ բազմաթիվ լավ հանդիպումներ եմ անցկացրել «Շախտյորում», սակայն իմ վերջին հանդիպումն այդ թիմում ամենահիշարժանն է:
«Շախտյորի» մրցելույթներին հետևել եմ նաև այն ժամանակ, երբ թիմի գլխավոր մարզիչը Պաուլու Ֆոնսեկան էր: Ինձ դուր էր գալիս «Ռոմայի» խաղաոճը, իսկ Ֆոնսեկան կարողանում էր ընդհանուր լեզու գտնել ֆուտբոլիստների հետ: Պաուլուն փնտրում էր երիտասարդ տաղանդների և բացահայտում էր նրանց: Հաճույք եմ ստանում նրա հետ համատեղ աշխատանքից, քանի որ նա լավ է հասկանում ֆուտբոլը»,- ասել է հայ ֆուտբոլիստը:

«ԻՏԱԼԻԱՅՈւՄ ԻՆՁ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ՎՍՏԱՀՈւՄ»
«Իտալիայում մարդիկ ավելի շատ կենտրոնացած են մարտավարության վրա: Այստեղ ես հաճույք եմ ստանում ֆուտբոլից:
«Ռոմայում» ինձ ավելի շատ են վստահում, քան «Արսենալում» և «Մանչեսթեր Յունայթեդում»: Մանչեսթերյան թիմի կազմում 3 տիտղոս եմ նվաճել, ինչը համարում եմ հաջողություն: «Արսենալի» կազմում ինչ-որ բան չստացվեց: Ունաի Էմերին և ես տարբեր պատկերացումներ ունեինք խաղի վերաբերյալ: Այդպես էլ է պատահում: Ես շարունակեցի և երջանկություն գտա այլ վայրում:
Կվերադառնա՞մ Լոնդոն: Ամեն ինչ պարզ կդառնա պանդեմիայի ավարտից հետո: Ժամանակը ցույց կտա: Ես ինձ շատ լավ եմ զգում Հռոմում»,- նշել է հայկական ֆուտբոլի առաջատարը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոման», չնայած ֆինանսական լուրջ խնդիրներին, պատրաստ է Մխիթարյանի տրանսֆերային իրավունքի դիմաց «Արսենալին» վճարել լոնդոնյան ակումբից պահանջվող ամբողջ գումարը՝ 20 միլիոն եվրո:
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մտադիր է 4-2-3-1 մարտավարությունից անցում կատարել 3-5-2 մարտավարությանը՝ Մխիթարյանին օգտագործելով որպես երկրորդ հարձակվող՝ Էդին Ջեկոյի կողքին:
31-ամյա Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է Ռուսաստանի առաջնությունը ներկայացնող «Զենիթը»:
«Ռոմայում» վարձակալությամբ հանդես եկող Մխիթարյանն այս մրցաշրջանում ակումբում մասնակցել է 17 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:08 , 25 սեպտեմբերի
16:34 , 25 սեպտեմբերի
16:05 , 25 սեպտեմբերի
15:03 , 25 սեպտեմբերի
14:08 , 25 սեպտեմբերի
13:11 , 25 սեպտեմբերի
12:38 , 25 սեպտեմբերի
12:02 , 25 սեպտեմբերի
11:27 , 25 սեպտեմբերի
11:07 , 25 սեպտեմբերի