Մխիթարյան. «Ռոմայում» ինձ ավելի շատ են վստահում, քան «Արսենալում» և «Մանչեսթեր Յունայթեդում»

16:32   20 ապրիլի, 2020

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Великий футбол-ին տված հարցազրույցում վերհիշել է Դոնեցկի «Շախտյորում» հանդես գալու ժամանակահատվածը, նաև նշել, որ Իտալիայում իրեն ավելի գնահատված է զգում, քան Անգլիայում:

«ՇԱՏ ԲԱՆ ԵՄ ՍՈՎՈՐԵԼ ԼՈւՉԵՍԿՈւԻՑ»

««Շախտյոր» տեղափոխվել եմ Միրչա Լուչեսկուի պատճառով: Նրա շնորհիվ եմ ես հետագայում հանդես եկել Անգլիայում, Իտալիայում և Գերմանիայում: Շատ բան եմ սովորել Լուչեսկուից և շնորհակալ եմ նրան այդ հնարավորության համար: Լուչեսկուի հետ բազմաթիվ լավ հանդիպումներ եմ անցկացրել «Շախտյորում», սակայն իմ վերջին հանդիպումն այդ թիմում ամենահիշարժանն է:

«Շախտյորի» մրցելույթներին հետևել եմ նաև այն ժամանակ, երբ թիմի գլխավոր մարզիչը Պաուլու Ֆոնսեկան էր: Ինձ դուր էր գալիս «Ռոմայի» խաղաոճը, իսկ Ֆոնսեկան կարողանում էր ընդհանուր լեզու գտնել ֆուտբոլիստների հետ: Պաուլուն փնտրում էր երիտասարդ տաղանդների և բացահայտում էր նրանց: Հաճույք եմ ստանում նրա հետ համատեղ աշխատանքից, քանի որ նա լավ է հասկանում ֆուտբոլը»,- ասել է հայ ֆուտբոլիստը:

Roma reluctant to meet Arsenal's £22m demand for Henrikh ...

«ԻՏԱԼԻԱՅՈւՄ ԻՆՁ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ՎՍՏԱՀՈւՄ»

«Իտալիայում մարդիկ ավելի շատ կենտրոնացած են մարտավարության վրա: Այստեղ ես հաճույք եմ ստանում ֆուտբոլից:

«Ռոմայում» ինձ ավելի շատ են վստահում, քան «Արսենալում» և «Մանչեսթեր Յունայթեդում»: Մանչեսթերյան թիմի կազմում 3 տիտղոս եմ նվաճել, ինչը համարում եմ հաջողություն: «Արսենալի» կազմում ինչ-որ բան չստացվեց: Ունաի Էմերին և ես տարբեր պատկերացումներ ունեինք խաղի վերաբերյալ: Այդպես էլ է պատահում: Ես շարունակեցի և երջանկություն գտա այլ վայրում:

Կվերադառնա՞մ Լոնդոն: Ամեն ինչ պարզ կդառնա պանդեմիայի ավարտից հետո: Ժամանակը ցույց կտա: Ես ինձ շատ լավ եմ զգում Հռոմում»,- նշել է հայկական ֆուտբոլի առաջատարը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոման», չնայած ֆինանսական լուրջ խնդիրներին, պատրաստ է Մխիթարյանի տրանսֆերային իրավունքի դիմաց «Արսենալին» վճարել լոնդոնյան ակումբից պահանջվող ամբողջ գումարը՝ 20 միլիոն եվրո:

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մտադիր է 4-2-3-1 մարտավարությունից անցում կատարել 3-5-2 մարտավարությանը՝ Մխիթարյանին օգտագործելով որպես երկրորդ հարձակվող՝ Էդին Ջեկոյի կողքին:

31-ամյա Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է Ռուսաստանի առաջնությունը ներկայացնող «Զենիթը»:

«Ռոմայում» վարձակալությամբ հանդես եկող Մխիթարյանն այս մրցաշրջանում ակումբում մասնակցել է 17 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.