15:22  ,  6 ապրիլի, 2020

Արամ Գաբրիելյանով. Սրմաքեշը վաղուց վաճառել է «Արարատին» պատկանող հողատարածքը

«News Media» հոլդինգի նախկին գլխավոր տնօրեն, հայկական արմատներով Արամ Գաբրիելյանովը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում խոսել է Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի խնդիրների մասին և քննադատել ակումբի սեփականատեր, շվեյցարացի գործարար Վարդան Սրմաքեշին:

«Ակումբը վերջին 10 տարիների ընթացքում համակարգված կերպով մահանում է: Ակումբի սեփականատեր, շվեյցարացի միլիարդատեր Սրմաքեշը պատմում էր, որ ակումբը սպանվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի կողմից: Այժմ այդ մարդն այլևս ֆեդերացիայի նախագահ չէ, սակայն ակումբը շարունակում է մահանալ: Նախորդ ամռանը 3 հայ գործարար փաստաթուղթ ստորագրեցին՝ պատրաստակամություն հայտնելով 5 տարի շարունակ ֆինանսավորել ակումբը՝ տարեկան 1 միլիոն դոլար հատկացնելով: Այս մասին էր իմ համաձայնությունը Սրմաքեշի հետ: Ես երաշխավորագրերով մեկնեցի Շվեյցարիա և Սրմաքեշին առաջարկեցի ակումբը ձևակերպել 4 հոգու անունով՝ իր և 3 գործարարի՝ յուրաքանչյուրին 25 տոկոս բաժնեմասով: Սրմաքեշն ինձ երկար ժամանակ պատմեց, թե ինչքան է սիրում Հայաստանն ու «Արարատը» և պատրաստ է ամեն ինչ լուծել, սակայն իր իրավաբանները պետք է ուսումնասիրեն ամբողջը: Այդպես էլ պայմանավորվեցինք:

2 շաբաթ անց շվեյցարացին պարզապես անհետացավ: Ակումբը շարունակեց խորտակվել պարտքերի մեջ, բանը հասավ նրան, որ ֆուտբոլիստները չունեին բավարար քանակով խաղաշապիկներ և համարները պարզապես սոսնձում էին հին խաղաշապիկների վրա: Ինձ պարզապես հետաքրքիր էր, թե ինչու է դա տեղի ունենում: Եվ միայն վերջերս հայտնի դարձավ, թե ինչու Սրմաքեշը հրաժարվեց:

Ինձ ծանոթ հայ լրագրողների հետաքննության արդյունքում պարզ դարձավ, որ Սրմաքեշը չի կարող միավորվել որևէ մեկի հետ, քանի որ այդ դեպքում անմիջապես կպարզվի, որ դեռ խորհրդային տարիներից Երևանի էլիտար թաղամասում «Արարատին» պատկանող շուրջ 40 հեկտար հողատարածքը Սրմաքեշը վաղուց վաճառել է և այն ակումբի հաշվեկշռում չէ: Երբ երկրպագուները մեղադրեցին Սրմաքեշին, որ նա ակումբից գողացել է դեռ Դեմիրճյանի և Հայաստանի Կոմկուսի կենտկոմի կողմից «Արարատին» հատկացված հողատարածքը, միլիարդատերը հանգիստ պատասխանեց՝ «Ո՞վ կարող է ինձ ինչ-որ բան ասել: Փաշինյանն ու նրա տիկինը գալիս են ինձ մոտ և հանգիստն անցկացնում Շվեյցարիայում»:

Կարծում եմ՝ հայ լրագրողները պետք է հետաքննություն անցկացնեն և պարզեն՝ ում է պատկանում Ձորաղբյուրում գտնվող մարզաբազան: «Արարատի» միլիոնավոր երկրպագուները պետք է իմանան ճշմտարությունը»,- գրել է Արամ Գաբրիելյանովը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով