11:50  ,  4 ապրիլի, 2020

Ռիվալդո. Չավին դժվարություններ կունենա «Բարսելոնայում»

Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն մեկնաբանել է «Բարսելոնայի» լեգենդ Չավի Էրնանդեսի՝ Իսպանիայի չեմպիոնի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվելու մասին լուրերը:

«Վաղ թե ուշ Չավին գլխավորելու է «Բարսելոնան»: Կգա մի ժամանակ, և նա կհասկանա, որ իր տեղը «Բարսելոնայում» է:

Չավին ծանոթ է «Բարսելոնայի» ներքին կյանքին, ամբողջությամբ տիրապետում է ակումբի փիլիսոփայությանը, սակայն նա կփորձի կրկնել այն, ինչն արել է Գվարդիոլան: Կարծում եմ՝ նա դժվարություններ կունենա այս հարցում»,- Ռիվալդոյի խոսքը մեջբերում է BetFair-ը:

Հիշեցնենք, որ Չավին «Բարսելոնայի» ակումբային ակադեմիայի՝ Լա Մասիայի սան է: Իսպանացի կիսապաշտպանը «Բարսելոնայում» հանդես է եկել 1997-2015 թվականներին, այնուհետև տեղափոխվել է Քաթարի առաջնությունը ներկայացնող «Ալ-Սադ» և 2019 թվականին ավարտել ֆուտբոլիստի կարիերան: Այժմ Չավին զբաղեցնում է «Ալ-Սադի» գլխավոր մարզիչի պաշտոնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում