00:18  ,  31 մարտի, 2020

Արմեն Նազարյան․ Պետք է ամեն գնով մեզ տրամադրենք եւս մեկ տարի պատրաստվելու, սպասելու Օլիմպիական խաղերին

Այսքան տարի մեծ սպորտում եմ, նման իրավիճակում սպորտը երբեք չէր հայտնվել, բայց ամենակարեւորը մարդու առողջությունն է: Տոկիո-2020-ը հետաձգելը լավագույն որոշումն էր:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց կրկնակի օլիմպիական չեմպիոն հունահռոմեական ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը:

Բուլղարիայում, ինչպես ամբողջ աշխարհում մեկ ամիս արտակարգ դրություն է: Օլիմպիական չեմպիոնն իր նորընթա Եվրոպայի չեմպիոն որդու՝ Էդմոնդ Նազարյանի եւ ընտանիքի մյուս անդամների հետ տանն է: Իր գլխավորած հավաքականի անդամների մարզումներին հետեւում է հեռավար կերպով, իսկ որդու հետ մարզվում է տանը:

«Ես եւ տղաներս տնային պայմաններում ենք մարզվում: Լավ է, որ զույգ ենք կարողանում կազմել եւ աշխատել այս նիրավիճակում: Շարժվում ենք տան մեջ: Լուրջ իրավիճակ է ստեղծվել, հետեւում ենք նորություններին՝ Իտալիայի, Իսպանիայի, Ամերիկայի դեպքերին. սարսափելի է: Բուլղարիայում դեռ մահացության դեպքեր չկան, վարակվածների թիվն այնքան է, որքան Հայաստանում:

Օլիմպիական խաղերը հետաձգելու գաղափարը շատ ճիշտ էր: Սպորտի համար լավ իրավիճակ չստեղծվեց: Այսքան տարի մեծ սպորտում եմ, նման իրավիճակ երբեք չէր եղել, նման իրավիճակում սպորտը երբեք չէր հայտնվել: Ամենակարեւորը մարդկային կյանքերն են, մարդու առողջությունը: Ինձ թվում է՝ լավագույն եւ ամենաճիշտ որոշումն էր Տոկիո-2020-ը հետաձգելը:

Գուցե շատ մարզիկների համար սա լավագույն որոշումը չէր, շատերի երազանքն ու նպատակը հօդս ցնդեցին կամ հետաձգվեցին մեկ տարով, բայց անթույլատրելի կլիներ այս իրավիճակում Խաղերն անցկացնելը: Նախ այս իրավիճակում ոչ բոլորը կարող էին լիարժեք պատրաստվել օլիմպիական մրցագորգ, մրցահարթակ դուրս գալուն: Նույնիսկ ավելորդ լարվածություն կստեղծեր մարզիկների մոտ՝ ով, ինչպես է կարողացել պատրաստվել, թերահավատություն սեփական ուժերի նկատմամբ, ով որքանով կարող էր նման իրավիճակում մրցագորգում ցույց տալ իր հնարավորությունների առավելագույնը: Այս ամենը շատ լուրջ հարց էր առաջ քաշելու:

Օլիմպիական խաղերին պետք է պատրաստվել լիարժեք, տրամադրված, ծրագրված եւ մշակված մարզումային ծրագրով: Մարզիկը միայն պետք է մտածի իր մարզումների, իր մարզավիճակը գագաթնակետին հասցնելու մասին: Իսկ այս իրավիճակում, վստահ մարզիկներին կխանգարեին այլ մտահոգություններ՝ հանկարծ չվարակվեն, կարողանանք լիարժեք մարզվել  մարզադահլիճներում:

Համաշխարհային սպորտը մեծ վնասներ կկրի այս մեկ տարվա հետաձգումից: Կազմակերպիչ, ընդունող պետությունը նախ մեծ վնասներ կկրի, ամբողջ մարզաշխարհը, մարզիկները եւս: Յուրաքանչյուր մարզիկի համար հոգեբանական առումով մեծ խնդիր կլինի եւս մեկ տարի մարզվելը, պատրաստվելը. չէ՞ որ շատերն արդեն նվաճել էին իրենց ուղեգրերը, սկսել նախապատրաստական փուլը, որոշակի մարզավիճակ ձեռք բերել եւ տրամադրվել այս ամառ օլիմպիական մեդալի համար մեծ պայքարին: Ամեն դեպքում եւս մեկ անգամ կրկնեմ՝ մարդու առողջությունը վեր է ամեն ինչից եւ պետք է ամեն գնով մեզ տրամադրենք եւս մեկ տարի պատրաստվելու, սպասելու Օլիմպիական խաղերին:

Այս մեկ տարվա ընթացքում որդիս՝ Էդմոնդ Նազարյանը ավելի լավ մարզավիճակ ձեռք կբերի եւ վարկանիշային մրցաշարերից  մեկում կպայքարի օլիմպիական ուղեգրի համար: Նա մեծ հնարավորություններ ունի եւ, կարծում եմ, 2021 թվականին կմասնակցի Օլիմպիական խաղերին:

Բոլորին մաղթում եմ առողջություն եւ խորհուրդ տալիս մնալ տանը, օգնել մարդկությանը պայքարել կորոնավիրուսի պանդեմիայի դեմ»,- ասաց Արմեն Նազարյանը

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերը հետաձգվել են մեկ տարով։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում