09:40  ,  23 մարտի, 2020

ՄՕԿ նախագահը հայտնել է՝ երբ վերջնական որոշում կընդունվի Օլիմպիական խաղերը հետաձգելու վերաբերյալ

Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերի հնարավոր հետաձգման վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ:

«Հարգելի մարզիկներ, աշխարհի համար այս բարդ ժամանակահատվածում մենք պետք է առողջությունը վեր դասենք ամեն ինչից, այդ թվում՝ խաղերի անցկացումից: Մեզ համար մարդկային կյանքերը բարձրագույն արժեք են:

Միջազգային օլիմպիական կոմիտեն, ազգային օլիմպիական կոմիտեները և միջազգային ֆեդերացիաներն ամեն ինչ անում են, որպեսզի օլիմպիական կրակը լինի այս ծանր իրավիճակում խավար թունելի վերջում երևացող լույսը:

Մենք ուշադրությամբ հետևում ենք ստեղծված իրավիճակին և մշտական կապի մեջ ենք Համաշխարհային առողջապահական կազմակերպության հետ: Օլիմպիական խաղերի հետաձգման վերաբերյալ վերջնական որոշում կընդունենք առաջիկա 4 շաբաթների ընթացքում՝ կախված իրավիճակի զարգացումից»,- Թոմաս Բախի խոսքը փոխանցում է ՄՕԿ-ի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ Թոմաս Բախը հայտարարել էր, որ Օլիմպիական խաղերի հետաձգումը շատ բարդ գործընթաց է և այն չի լինի արդար որոշում:

Շատ մարզիկների կարծիքով՝ մարզումային գործընթացն արդեն խաթարվել է։ Տարբերակներից մեկը Խաղերը աշնանն անցկացնելն է։ Օլիմպիական խաղերը նախատեսված են հուլիսի 24-ից օգոստոսի 8-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում