11:22  ,  22 մարտի, 2020

ՄՕԿ նախագահ․ Օլիմպիական խաղերի հետաձգումը շատ բարդ գործընթաց է

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը դարձյալ մեկնաբանել է 2020թ․ Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի հետաձգման կամ չեղարկման հավանականությունը կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով։

«Չի կարելի տեղափոխել Օլիմպիական խաղերն այնպես, ինչպես ֆուտբոլային հանդիպումը, որը պետք է տեղի ունենար առաջիկա շաբաթ օրը։ Դա շատ բարդ գործընթաց է, որին պետք է մոտենալ ծանրակշիռ հիմնավորումներով։ Մենք 24 ժամ, շաբաթը 7 օր դիտարկում ենք բոլոր հնարավորությունները։

Խաղերի չեղարկումը կկործանի 11 հազար մարզիկների երազանքները 206 ազգային օլիմպիական կոմիտեների եւ փախստականների թիմերից։ Չեղարկումը չի լինի արդար որոշում»,- Բախի խոսքը մեջբերում է գերմանական SWR-ը։

Ճապոնիայի կառավարությունն ու ՄՕԿ-ն առայժմ չեն հայտարարել Խաղերի հետաձգման մասին։ Շատ մարզիկների կարծիքով՝ մարզումային գործընթացն արդեն խաթարվել է։ Տարբերակներից մեկը Խաղերը աշնանն անցկացնելն է։ Օլիմպիական խաղերը նախատեսված են հուլիսի 24-ից օգոստոսի 8-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում