22:54  +04,  22 մարտի, 2020

Կորոնավիրուս vs սպորտ․ Տոկիո-2020-ի ուղեգիր նվաճած Արթուր Դավթյան

Կորոնավիրուս vs սպորտ շարքի երկրորդ մասնակիցը Եվրոպական խաղերի չեմպիոն, սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականում հենացատկի վարժության առաջատար Արթուր Դավթյանն է:  

2019 թվականի հոկտեմբերի 8-ին Շտուտգարտում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանը նվաճեց անվանական օլիմպիական ուղեգիր: Նա  սպորտային մարմնամարզությունում Հայաստանի միակ ներկայացուցիչը կլինի Տոկիո-2020-ում:

Կորոնավիրուսի պանդեմիայի տարածման կանխարգելման նպատակներով այս շրջանում դադարեցված են նաեւ Արթուր Դավթյանի եւ ամբողջ հավաքականի մարզումները, որոնք հիմնականում կենտրոնացված են Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում: Արտակարգ դրության պայմաններում, մարզիչներն ու մարզիկները, նաեւ եռակի օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը փակել են մարզադահլիճի դռներն ու գնացել տուն:

Կորոնավիրուս vs մարզումներ

Կորոնավիրուսի պատճառով տանն եմ մարզվում: Փորձում եմ ֆիզիկական վարժություններ անել, բայց դա չի կարելի համարել մարզվել: Մեր մարզաձեւն այն տեսակներից է, որ պետք է գործիքների վրա մարզվես: Եթե չկա գործիք ձեռքիդ տակ, մենք չունենք վարժություններ, որոնք կփոխարինեն գործիքներին: Ըմբիշները, բռնցքամարտիկները կարող են դուրսը վազել, կամ դրսում ինչ-որ տանձիկ լինի, խփեն, կամ զույգ ունենան, սփարինգ անեն: Մենք չունենք այս հնարավորությունները, այս առումով մեզ համար շատ վատ է:

Հնարավորինս փորձում եմ տանը ուժային վարժություններ անել, բայց համարում եմ, որ ես չեմ մարզվում եւ մեկ ամիս հետ ընկա իմ մարզումային ծրագրից: Շատ դժվար է նաեւ տանը մարզվել, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ սա ժամանակավոր է եւ պետք է համբերենք:

Վրաստանում մարտի 1-14-ը հավաք ունեցանք, այնտեղից վերադարձանք մի քանի օր դահլիճում մարզվեցինք եւ մեզ ուղարկեցին տուն:

Կորոնավիրուս vs Տոկիո-2020

Եթե մեկ ամիս էլ այս վիճակը շարունակվի, Տոկիո-2020-ը կհետաձգեն, իմ կարծիքով: Այսպես վստահ չի լինի: Շատ մարզաձեւերում շատ մարզիկներ դեռ ուղեգիր չեն նվաճել: Իսկ այս կարգավիճակում ուղղակի հնարավոր չէ Օլիմպիական խաղերին մոտենալ կատարյալ մարզավիճակով: Ինչպե՞ս են մարզիկները հասցնելու ուղեգիր վերցնելու համար պատրաստվել, ապա վերականգնվել եւ Օլիմպիական խաղերին մասնակցել:

Յուրաքանչյուր մարզիկի համար մեկ ամիս չմարզվելը շատ վատ է. դա նշանակում է աշխատանքիդ մեծ մասը ջուրը գցել: Սպորտային մարմնամարզությունում ավելի բարդ է: Եթե, օրինակ, եւս մեկ ամիս տեւի արտակարգ դրությունը, հնարավորություն չունենանք մարզվել, հետո պարզվի, որ Օլիմպիական խաղերը չեն հետաձգվում, պետք է մասնակցենք, ես ուղղակի չեմ մեկնի Տոկիո: Առանց մարզվելու, առանց համապատասխան մարզավիճակ հավաքելու չեմ գնա Օլիմպիական խաղեր:

Ծայրահեղ իրավիճակում եթե երկու ամիս ժամանակ ունենամ Օլիմպիական խաղերից առաջ, ես կհասցնեմ գալ իմ մարզավիճակի գագաթնակետին, բայց շատ մարզաձեւերում գուցե մարզիկները չհասցնեն լավ մարզավիճակ ձեռք բերել: Միեւնույն է, այդ մեկ ամիսն էլ Տոկիո-2020-ից առաջ հետ է գցում մեզ մեր նախապատրաստական փուլից, կրկնակի լարվածություն է առաջացնում: Ես անպատրաստ, առանց նորմալ մարզվելու չեմ մասնակցի Օլիմպիական խաղերին, քանի որ մեր մարզաձեւը շատ բարդ է եւ կարող ես ուղղակի ոչ թե վատ ցատկել, այլ գլխի վրա ընկնել ու շատ լուրջ վնասվածք ստանալ:

Բացի մարզիկների մարզավիճակ ձեռք բերելը, Տոկիո-2020-ը հետաձգելու հետ կապված շատ այլ խնդիրներ էլ կան: Օրինակ՝ եթե հետաձգեցին, մենք, ուղեգիր ունեցող մարզիկներս, նորի՞ց պետք է վարկանիշ անենք, թե՞ մեր նվաճած վարկանիշներով կարող ենք մասնակցել: Ես, օրինակ արդեն ունեմ վարկանիշ եւ անարդար կլինի, եթե նորից պայքարեմ ուղեգրի համար:

Այս պահին ոչ ոք չի կարող կանխատեսել․ կհետաձվգե՞ն Խաղերը, թե՞ ոչ: Ամեն դեպքում ես որպես մարզիկ, չեմ պատկերացնում Օլիմպիական խաղերն առանց հանդիսականի: Չի կարող այդպես լինել՝ 4 տարի սպասես ամենագլխավոր մարզական իրադարձությանը, մասնակցության իրավունք ձեռք բերես, գնաս հասնես այնտեղ ու ոչ ոք մարզադահլիճում քեզ չհետեւի, չերկրպագի, չծափահարի քո լավ ցատկի համար: Օլիմպիական խաղերն առանց հանդիսատեսի, կնմանվի Հայաստանի առաջնության, ուղղակի ավելի լավ դահլիճում:

Կորոնավիրուս vs հայկական սպորտ

Առհասարակ համաշխարհային սպորտի վրա այս պանդեմիան մեծ հետք կթողնի: Վերջերս բռնցքամարտի վարկանիշային մրցաշարին էի հետեւում, որտեղ նաեւ մեր հավաքականն էր մասնակցում: Մեր մարզիկներից մեկին հաջողվեց ուղեգիր վերցնել, նա մարզվել էր, պատրաստվել էր եւ կարողացավ նվաճել ուղեգիր: Երկու օր անց  մրցաշարը դադարեցրին: Մեր մյուս մարզիկները, որոնք երկար մարզումային փուլ էին անցել, մարզավիճակի եկել, քաշը կարգավորել, հասել Լոնդոն եւ մեկ օրից պետք է դուրս գային ռինգ, մրցաշարը դադարեցրին: Հոգեբանական առումով սա յուրաքանչյուր մարզիկի համար մեծ սթրես է: Ստացվում է՝ մարզիկը պետք է մարզավիճակից դուրս գա, դեռ չգիտի՝ երբ պետք է լինի մրցաշարը, նորից մարզավիճակ հավաքի: Այս ամենն ազդում է մարզիկի հոգեբանության վրա:

Այս պանդեմիան բոլոր մարզաձեւերի, առհասարակ, բոլոր ոլորտների վրա կազդի:

Կորոնավիրուս vs Արթուր Դավթյան

Հիմնականում տանն եմ լինում այս շրջանում: Աշխատում եմ դուրս չգալ: Դիմակ դնում եմ հիմնականում այն ժամանակ, երբ մարդաշատ վայրերում պետք է լինեմ: Հանգստանում ենք:

Խորհուրդ կտամ մարդկանց, հանրությանը խուճապի չմատնվել: Երբ մենք Վրաստանի հավաքից վերադառնում էինք, արդեն հայտարարվել էր, որ երկրի սահմանները փակվում են: Այնտեղ այդքան էլ մեծ չէր խուճապը: Սա էլ սովորական վիրուս է, որի թիրախում թոքերն են: Պետք է ինքնաբուժությամբ չզբաղվել եւ առաջին իսկ ախտանշանների կամ ջերմության դեպքում դիմել բժշկի: Ամեն ինչ լավ կավարտվի, Օլիմպիական խաղերը եւս:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ