18:02  ,  21 մարտի, 2020

Կորոնավիրուս vs սպորտ. Եվրոպայի չեմպիոն Գեւորգ Ղարիբյան (ֆոտո)

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով համաշխարհային սպորտում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է: Այս շրջանում ինչպես համաշխարհային, այնպես էլ հայկականը սպորտը, կարծես՝ կանգ է առել. մեկը մյուսի հետեւից չեղարկվում, դադարեցվում, հետաձգվում են պաշտոնական առաջնություններ, խոշոր եւ վարկանիշային մրցաշարեր, իսկ առջեւում Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերն են, շախմատի համաշխարհային Օլիմպիադան:

Չեղարկվել են ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային էր Տոկիո-2020-ի համար, ըմբշամարտի երկու վարկանիշային մրցաշարերը Բուդապեշտում եւ Սոֆիայում, կեսից դադարեցվեց նաեւ բռնցքամարտի առաջին վարկանիշային մրցաշարը Լոնդոնում: Տարբեր մարզաձեւում Հայաստանի առաջնությունները եւս չեղարկվել են:

Այս շրջանում հայկական մարզաշխարհը, հայ մարզիկները հետեւում են երկրի ղեկավարության եւ առողջապահության նախարարության հորդորներին եւ դադարեցրել են բոլոր մարզումները, հավաքները ու գնացել տուն:

NEWS.am Sport-ը սկսում է Կորոնավիրուս vs սպորտ շարքը, որը կներկայացնի կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով հայկական սպորտում ստեղծված իրավիճակը, մարզաշխարհի ներկայացուցիչների առօրյան, այս շրջանում ինքնուրույն մարզումները՝  Տոկիո-2020-ի, նաեւ Համաշխարհային շախմատային օլիմպիադայի ճանապարհին:

Կորոնավիրուս vs սպորտ շարքի առաջին մասնակիցը հունահռոմեական ըմբշամարտի 2020 թվականի Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի հավաքականի 60 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանն է:

Եվրոպայի չեմպիոնը դեռ օլիմպիական ուղեգիր չունի: Մարտի 19-22ը Բուդապեշտում անցկացվելիք վարկանիշային մրցաշարում Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված էր նաեւ Գեւորգը, բայց վերջին պահին ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարեց վարկանիշային մրցաշարերի հետաձգման մասին: Դեռեւս նշանակված չեն մրցաշարերի անցկացման ժամկետները:

Կորոնավիրուս vs մարզումներ

Բոլորիս համար մի անորոշ շրջան է սկսվել:  Մարզումային ծրագրերը խառնվել են իրար. հավաք, դահլիճային մարզումներ, մրցաշար, նախապատրաստական փուլ: Մենք մարտի 1-18-ը ուսումնամարզական հավաք էինք անցնում Երեւանի «Օլիմպավանում»: Պետք է ավարտեինք ամսի 18-ին եւ մեկնեինք Հունգարիա՝ Բուդապեշտի վարկանիշային մրցաշարին: Ինչպես հայտնի է՝ մրցաշարը հետաձգվեց, մեր հավաքն էլ ժամանակից շուտ ավարտեցինք՝ մարտի 14-ին. բոլորիս ուղարկեցին տուն:

Լավ պատրաստվել էինք, շատերն արդեն իրենց քաշին էին եկել, շատ լավ մարզավիճակում էինք մոտենում վարկանիշային մրցաշարին, մարտական տրամադրվածությամբ, բայց այսպես ստացվեց: Պետք է հարմարվենք: Կարողանանք ճիշտ կազմակերպել անհատական մարզումներ դահլիճից դուրս, որպեսզի ֆիզիկական վիճակը չկորցնենք, մինչեւ տեսնենք՝ ինչ կլինի, երբ մրցաշարերը կվերսկսվեն:

Դեռ ժամանակ ունենք, կարծում եմ կկարողանանք լավ մարզավիճակի գալ կրկին:

Քանի որ մարզադահլիճում չենք մարզվում, գորգ չենք անում, հիմնականում բացօթյա եմ մարզվում: Վազում եմ, ֆիզիկական վարժություններ եմ անում: Զույգերով չենք մարզվում, ամեն մեկն իր համար: Մանկական երկաթուղի ենք գնում, այնտեղ վազում:

Կորոնավիրուս vs Տոկիո-2020

Իմ կարծիքով Տոկիո-2020-ը չի հետաձգվի, նախատեսված ժամկետներում կլինի: Լավ չի լինի, եթե անցկացնեն, բայց առանց հանդիսականի: Հաճելի է, երբ հաղթում ես, ու քեզ հետ միասին ամբողջ դահլիճն է ուրախանում: Ամեն դեպքում, եթե նույնիսկ առանց հանդիսականի որոշվի անցկացնել, մենք դրանից չենք ընկճվի, կհաղթենք, մեր հարազատներն ու բարեկամները, հայ ժողովուրդն էլ տանը մեզ հետ միասին մեզ համար կուրախանան:

Դեռ չգիտենք՝ երբ կդնեն վարկանիշային մրցաշարերը: Եթե հունիսին լինի, իմ կարծիքով մի քիչ ուշ կլինի, քանի որ շատ մոտ ենք Օլիմպիական խաղերին: Պետք է կարողանանք պատրաստվել, ճիշտ մարզումային փուլ անցնել:

Պետք է յուրաքանչյուր որոշման հետ էլ համաձայնենք եւ ճիշտ պատրաստվենք: Սա պատճառ չպետք է լինի, որ գնանք վարկանիշ վերցնենք, հետո Օլիմպիական խաղերում վատ հանդես գանք, ասենք՝ պատճառը քիչ ժամանակն էր: Ինչ ժամկետներում էլ դնեն, ինչպես իմ, այնպես էլ մեր բոլոր մարզիկների նպատակը գնալ, հաղթելն է եւ դրա համար ամեն ինչ պետք է անենք: Մարզիկը յուրաքանչյուր իրավիճակում պետք է ցույց տա իր բարձրագույն կարգը:

Կորոնավիրուս vs հայկական սպորտ

Կորոնավիրուսի պանդեմիան ինչպես համաշխարհային, այնպես էլ հայկական սպորտում իր մեծ ազդեցությունը կթողնի, իմ կարծիքով: Ցանկացած մարզիկի նպատակը մեծ սպորտում Օլիմպիական խաղերն են, որը 4 տարին մեկ է տեղի ունենում: Բոլորս քառամյա մրցաշրջանում պատրաստվում ենք, սպասում այդ ամենագլխավոր իրադարձությանը: Այժմ կանգնել ենք փաստի առաջ: Իր հետեւանքը կունենա, քանի որ շատերս անորոշության մեջ ենք, չենք կարողանում դահլիճում մարզվել: Եթե հնարավոր լինի շուտ այս ամենի դեմն առնել, գուցե հետեւանքներ այդքան մեծ չլինեն:

Այժմ ամենքս մեզ համար ենք մարզվում: Մեկ ամիս այս կողմ, այն կողմ էական տարբերություն չի լինի: Բայց եթե պանդեմիան հասնի նաեւ Օլիմպիական խաղերին, հետաձգեն Խաղերը, համաշխարհային, այդ թվում եւ հայկական սպորտում հետեւանքներն անդառնալի կլինեն: Օրինակ՝ մարզիկներ կան 34-35 տարեկան են եւ Տոկիոյի Օլիմպիական խաղերը նրանց վերջին հնարավորությունն է: Եվ եթե հետաձգվի  1-2 տարով, նրանք այդ մեկ հնարավորությունից էլ զրկվեն, լուրջ խնդիրների առջեւ կկանգնեն:

Բոլորի համար է այս վիճակը վատ, ոչ միայն ինձ համար: Բոլորիս համար սա մի փորձություն է, որը պետք է կարողանանք հաղթահարել:

Կորոնավիրուս vs Գեւորգ Ղարիբյան

Չեմ կարողանում տանը մնալ: Հիմնականում դուրսն եմ լինում: Ամենօրյա բացօթյա մարզումներս եմ անում: Հնարավորինս կրճատել եմ շփումներս, փորձում եմ մարդաշատ վայրերում չլինել: Բացօթյա տարածքում եմ լինում՝ Մանկական երկաթուղի, Ծիծեռնակաբերդ:

Ձեռնոց, դիմակ, եթե անկեղծ,  չեմ դնում: Փորձում եմ մաքուր օդում շատ լինել եւ անձնական շփումներում տարածություն պահպանել: Ես էլ այդպես եմ պաշտպանվում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում