16:18  ,  6 սեպտեմբերի, 2012

Հայաստանում է աշխարհի կրկնակի չեմպիոն Սերջիո Ֆիլատը. հարցազրույց

Թաեքվոնդոյում այժմ շեշտը դրվում է ֆիզիկական կողմի եւ մարտավարության վրա, բայց ուսուցիչները մոռացել են մարտարվեստի էությունը, NEWS.am Sport-ի հետ զրույցում հայտարարեց թաեքվոնդոյի (ITF) աշխարհի կրկնակի (2001, 2009), Եվրոպայի չեմպիոն (2005) 34-ամյա Սերջիո Ֆիլատը։ Մոլդովացի մասնագետն ունի ITF 5-րդ դան եւ GTF-ի 4-րդ դան։ Նա ժամանել է Երեւան։

Պարոն Ֆիլատ, ո՞րն է Ձեր այցի նպատակը։

Բացի այն, որ ես թաեքվոնդոյի մարզիչ եմ, ես նաեւ հավատացյալ մարդ եմ։ Այցիս նպատակն է հայկական ակումբներում հոգեւոր եւ մարզական սեմինարներ անցկացնելը։ Ես եղել եմ այկիկենդոյի՝ Դավիթ Աթանեսյանի ակումբում, մարտական թաեքվոնդոյի՝ Վրեժ Խաչիկյանի դպրոցում, թաեքվոնդոյի Արաբկիրի մարզադպրոցի՝ Լեւոն Ավագյանի խմբում։ Այդ դպրոցներում իմ տեսած բոլոր տղաները շատ տաղանդավոր են։ Ես տեսնում եմ, որ նրանք ունեն ներուժ, որը զարգացնելու դեպքում նրանք կկարողանան դուրս գալ միջազգային մակարդակ։

Ես առաջին անգամ եմ Երեւանում եւ ինձ շատ դուր եկավ այստեղ։ Հրաշալի  տպավորություն եմ ստացել Գեղարդից եւ Խոր Վիրապից։

Թաեքվոնդոն մարտարվեստ է, բայց շատ մարզիչներ ուշադրություն են դարձնում միայն մարզական բաղադրիչին։ Ի՞նչ կարծիք ունեք այդ մոտեցման մասին։

Այժմ թաեքվոնդոն զարգացման բուռն վերելք է ապրում։ Մարտիկների մակարդակն աճում է։ Նախկինում թաեքվոնդոյում չկար այսքան մեծ մրցակցություն մարզիկների միջեւ, բայց այժմ այս մարտարվեստը զարգանում է մեծ քայլերով։ Իսկ թե որ թաեքվոնդոն է զարգանում՝ դա այլ հարց է։ Ամեն ինչ կախված է մարզիչից։

Այժմ շեշտը դրվում է ֆիզիկականի եւ մարտավարության վրա, բայց ուսուցիչները մոռացել են մարտարվեստի էությունը, որը կոչված է զարգացնել ինքնակարգապահությունը, հարգանքը դիմացինի նկատմամբ, մարդկային որակների ինքնակատարելագործումը։

Ցավոք, շատ մարզիչներ մոռացել են մարտարվեստի իրական էության մասին։ Նրանք ծխում են, ալկոհոլ են օգտագործում, անբարոյական կենսակերպ ունեն։ Ի՞նչ կարող են այդպիսի մարդիկ սովորեցնել աշակերտներին։ Ուսուցիչը միշը օրինակ է ծառայում աշակերտի համար։ Խնձորը ծառից հեռու չի ընկնում։

Զրուցեց Պարույր Սինյավսկին

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում