12:48  ,  18 փետրվարի, 2020

Արտետայի հետ կոնֆլիկտի պատճառով «Արսենալի» կիսապաշտպանին ուղարկել են երիտասարդական թիմ

Լոնդոնի «Արսենալում» կոնֆլիկտ է առաջացել թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի եւ ֆրանսիացի կիսապաշտպան Մատեո Գենդուզիի միջեւ։

Տարաձայնությունների պատճառը հայտնի չէ, բայց Արտետայի եւ Գենդուզիի հարաբերությունները լարված են եղել Աբու Դաբիում տեղի ունեցած մարզումային հավաքի ժամանակ։ Խաղադաշտում վիճաբանությունից հետո նրանք շարունակել են հարաբերություններ պարզել նաեւ հյուրանոցում, հաղորդում է The Telegraph-ը։

Գենդուզիին ուղարկել են ակումբի երիտասարդական թիմ։ Նա բաց էր թողել հանդիպում «Նյուքասլի» դեմ։ Փետրվարի 16-ին տեղի ունեցած Անգլիայի առաջնության այդ խաղում «Արսենալը» հաղթել էր 4։0 հաշվով։

20-ամյա ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում «Արսենալի» հետ մասնակցել է 29 հանդիպման, խփել 3 գոլ։ Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում