09:10  ,  13 փետրվարի, 2020

Արթուր Ալեքսանյանի բոլոր գոտեմարտերը Եվրոպայի առաջնությունում (տեսանյութ)

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում 97 կգ քաշայինների եզրափակիչով ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Արթուր Ալեքսանյանը 5-րդ անգամ նվաճեց Եվրոպայի ոսկե մեդալը:

1/8 եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 7:1 հաշվով հաղթեց թուրք Ջենք Իլդմին: Օլիմպիական չեմպիոնը գոտեմարտը սկսեց մեծ ակտիվությամբ: Գոտեմարտի ընթացքում թուրք ըմբիշը պարբերաբար հրահրում եւ գլխով հարվածում էր Արթուրին, ինչը հունից հանեց հայ ըմբիշին: Գորգի մրցավարը զսպեց երկու ըմբիշներին: Թուրք ըմբիշը կոպիտ գոտեմարտելու եւ ոչ սպորտային վարքի համար նկատողություն ստացավ գորգի մրցավարից, որը երկու միավոր ավելացրեց Արթուր Ալեքսանյանի հաշվին:

Քառորդ եզրափակիչում գոտեմարտի առաջին մրցափուլում գորգի մրցավարը պասիվ տվեց բուլղարացի ըմբիշին եւ Ալեքսանյանի ներքեւից աշխատելու հնարավորություն տվեց: Օլիմպիական չեմպիոնը իրար հաջորդող 4 գլորումներով հաշիվը դարձրեց 9:0 և, հաղթանակ տանելով 2 րոպեում, դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Կիսաեզրափակիչում Ալեքսանյանը 8:1 հաշվով հաղթեց Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Ֆինլանդիայի ներկայացուցիչ Մատի Էլիաս Կուոսմանենին:

Եզրափակիչ գոտեմարտում գյումրեցի ըմբիշը 7:1 հաշվով հաղթեց Նիկոլոս Կախելաշվիլիին և 5-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում