16:50  ,  6 նոյեմբերի, 2026

ԱԱ. Գարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով հրաժարվեց հետագա պայքարից

Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում:

110 կգ քաշայինների А խմբի պայքարում Կարապետյանը պոկում վարժությունից հետո հրում վարժությունում երկու մոտեցում ձախողելուց հետո հրաժարվեց երրորդ մոտեցումից:

Պոկում վարժությունում Եվրոպայի եռակի չեմպիոնը հաջողեղ միայն առաջին մոտեցումը, որով բարձրացրեց 183 կգ: Երկրորդ եւ երրորդ մոտեցումների համար պատվիրված 189 կգ-ը ձախողեց: Այս վարժությունում Կարապետյանը 7-րդն է:

Պոկում վարժությունում 198 կգ-ով աշխարհի ռեկորդ սահմանեց ուզբեկ Ակբար Ջուրաեւը:

Հրում վարժությունում Գարիկ Կարապետյանը երկու մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 217 կգ-ը: Երրորդ մոտեցման համար Հայաստանի մարզչական շտաբը 220 կգ-ի հայտ ներկայացրեց: Քիչ անց մարզիչները հանեցին հայտը, որի հետ Եվրոպայի եռակի չեմպիոնը համաձայն չէր:

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականների ներկայացուցիչները երկամարտի մեդալ դեռեւս չեն նվաճել: Հրում վարժությունում  բրոնզե մեդալ է նվաճել միայն Ալեքսանդրա Գրիգորյանը:

Հայաստանն աշխարհի առաջնությանը մասնակցում էր 12 ծանրորդով: Տղամարդկանց հավաքականից պայքարի մեջ մնաց Վարազդատ Լալայանը (+110 կգ), կանանց հավաքականից՝ Էմմա Պողոսյանը եւ Լիանա Գյուրջյան (երկուսն էլ՝ 86 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում