22:37  ,  11 փետրվարի, 2020

ԵԱ. Կարապետ Չալյանը` Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանը բրոնզե մեդալ նվաճեց Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

77 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում գյումրեցի ըմբիշը մրցեց Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանի հետ, որը ձեռքի վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել պայքարը:

Առաջին մրցափուլում Կարապետ Չալյանը ներքեւից աշխատելու հնարավորություն ստացավ, գլորում կատարեց եւ Հայկ Մնացականյանը վնասեց ձախ ձեռքը: Գորգի մրցավարը կանգնեցրեց գոտեմարտը, բժիշկների զննությունից հետո Հայկ Մնացականյանը որոշեց շարունակել պայքարը: Երկրորդ մրցափուլի մեկնարկում Արմեն Նազարյանի սանը ցանկանում էր շարունակել գոտեմարտը, բայց բժիշկները թույլ չտվեցին: Հաղթանակը շնորհվեց Կարապետ Չալյանին:

Չալյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 11:2 հաշվով հաղթել էր Շվեյցարիայի ներկայացուցիչ Նիկոլաս Կրիստենին, 1/8 եզրափակիչում 3։1 հաշվով առավելության էր հասել աշխարհի չեմպիոն, սերբ Վիկտոր Նեմեշին, իսկ քառորդ եզրափակիչում էլ 5:2 հաշվով հաղթել էր բելառուս Պավել Լիախի նկատմամբ: Կիսաեզրափակիչում 0:3 հաշվով պարտվել էր ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին:

Չալյանը բրոնզե մեդալակիր է դարձել նաեւ 2016 թվականի Եվրոպայի առաջնությունում: Մինսկում տեղի ունեցած Եվրոպական խաղերի փոխչեմպիոն է:

Նշենք, որ Կարապետ Չալյանը Նուրսուլթանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում նվաճել է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում