Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն հոկտեմբերի 3-ին հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:
«Ես խոստացել էի որդուս, որ կխաղամ այնքան, մինչև նա իրականացնի իր երազանքը՝ դառնալ մեծ ֆուտբոլիստ: Զգում եմ, որ չեմ կարողանում կատարել խոստումս:
Շնորհակալ եմ ընտանիքիս, երկրպագուներին և բոլորին, որոնք եղել են իմ կողքին»,- գրել է Մարկիզիոն Ինստագրամի իր էջում:
33-ամյա կիսապաշտպանը, որը ռուսական «Զենիթի» հետ խզել էր պայմանագիրն այս տարվա հուլիսին, ֆուտբոլից հեռանալու որոշում ընդունել է առողջական խնդիրների պատճառով:
Կլաուդիո Մարկիզիոն Թուրինի «Յուվենտուսի» ակադեմիայի սան է: Իտալական ակումբում Մարկիզիոն անցկացրել է 25 տարի և մասնակցել 389 հանդիպման՝ դառնալով 37 գոլի հեղինակ:
Մարկիզիոն Իտալիայի ազգային հավաքականի կազմում սկսել է հանդես գալ 2009 թվականից: