13:30  ,  1 հոկտեմբերի, 2019

Ջևան Չելոյանցը ցանկանում է ստադիոն կառուցել Երեւանում, քաղաքապետարանը տարածք չի տալիս

Երեւանի «Ուրարտուի» (նախկին «Բանանց») սեփականատեր Ջեւան Չելոյանցը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է ակումբի եւ հայկական ֆուտբոլի խնդիրների մասին։

«Նախ ցանկանում են ներողություն խնդրել, քանի, որ չեմ խոսում հայերեն: Կխնդրեմ հնարորության դեպքում հարցերը ուղղել ռուսերեն: Նախորդ մրցաշրջանը հաջողված եմ համարում: Զբաղեցրինք երրորդ տեղը: Անհաջող հանդես եկանք եվրագավաթներում: Շատ վատ սկսեցինք ընթացիկ մրցաշրջանը:

Ի՞նչ արեցինք նախորդ մրցաշրջանում: Ոչ միայն կարողացանք բրոնզե մեդալակիր դառնալ: Հիմնական շեշտը դրեցինք ենթակառուցվածքների վրա: Ամբողջովին փոխեցինք խոտածածկը, տեղադրեցինք դրենաժային համակարգ և, ամենակարևորը` տեղադրեցինք լուսավորության համակարգ մարզադաշտում և մարզումային խաղադաշտերում: Նախորդ տարի մոտ 700 հազար դոլար ենք ծախսել ենթակառուցվածքների վրա: Իսկ այդ գումարով կարելի էր բավականին ուժեղ ֆուտբոլիստներ հրավիրել: Պետք է ընտրեինք: Ընտրեցինք մեր երեխաների ապագան:

Ունենք նոր նշանակումներ: Շուտով կունենանք նաև փոխտնօրեն, որը կզբաղվի բժշկական հարցերով: Դա շատ կարևոր փաստ է ժամանակակից ֆուտբոլում: Երեկ դիտեցի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմը: Ընդամենը 2 ֆուտբոլիստ կար «Ուրարտուից»:

Այնուհետև հասկացա, որ մեր խաղացողները ներկայացնում են ԲԿՄԱ-ն, մոտ 10 հոգի: Այդքան խաղացող հավաքականի համար ոչ մի հայկական ակումբ չի պատրաստում: Դա հպարտություն է ինձ համար:

Երեկ պատանի ֆուտբոլիստների փոխհատուցման հարցով ելույթ ունեցավ նաև Արթուր Սողոմոնյանը: Եթե մենք լուծում չտանք այդ հարցին, Հայաստանում ֆուտբոլ չի լինի: Լիարժեք ակադեմիա ունի միայն «Բանանցը»: Ակադեմիայի նմանություն ունի «Փյունիկը», նմանատիպ մի բան էլ ունի «Արարատ-Արմենիան»: Վերջ: Եվ չի էլ լինի, եթե մենք չներդնենք փոխհատուցում: Հետևաբար չեն լինի ակադեմիաներ և չի լինի ֆուտբոլ:

Մեր առաջարկն արել ենք պարոն Մելիքբեկյանին: Արձագանք չեղավ: Մենք ապահովում ենք երեխաներին անհրաժեշտ ամեն ինչով: Մարզագույք, արտասահմանյան մրցաշարերին մասնակցություն: Ֆուտբոլ փողերը չեն խաղում: Մեր նպատակն է կրթել լավ մարդկանց և նոր միայն լավ ֆուտբոլիստների: Երբ դեռ նոր եկա «Բանանց», առաջին քայլս երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստի` արտասահման բուժման ուղարկելն էր: Ինձ համար կարևոր չէր, շատ տաղանդավոր է նա, թե ոչ, կարևոր էր, որ նա «Բանանցի» ֆուտբոլիստ է: Նա բուժվեց եկավ, իսկ հետո եկավ և ասաց, որ ուրիշ ակումբ նրան 150 դոլար ավելին էր առաջարկել: Այդ ակումբը նրա համար Հայաստանի համար աներևակայելի գումար էր առաջարկել: Ես ասացի, որ «գ»-ով սկսվող ֆուտբոլիստների համար մենք գումար չենք վերցնում, թող անվճար տեղափոխվի:

Մյուս խնդիրը մրցավարությունն է: Այդ խնդիրը կա գրեթե բոլոր երկրներում: Մի բան է, երբ մրցավարը սխալվում է, դա հասկանալ կարելի է: Այլ բան է երբ մարդը կողմնակալ է, կամ ինչ որ մեկի պատվերն է կատարում: Դա աններելի է: Իսկ այդպիսի դեպքեր, ցավոք սրտի, տեղի են ունեցել: Վատն այն է, որ մի մարդու, ում բռնել են կոպիտ սխալի վրա: Միգուցե նա լավ մրցավար է, սակայն իրավունք չունի աշխատելու հայկական ֆուտբոլում:

Ցանկանում եմ մարզադաշտ կառուցել: Ցանկանում եմ իմ դրական հետքը թողնել այս երկրում: Դրա համար ինձ պետական աջակցություն է պետք: Շատ եմ ցանկանում հասցնել իմ ներդրումն ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման մեջ: Դիմել ենք քաղաքապետարան: Նույնիսկ տարածք նշեցինք, որտեղ ցանկանում էինք մարզադաշտ և ժամանցի հիանալի այգի կառուցել: Մեզ ասացին` ոչ, այնտեղ 70-հարկանի շենք է կառուցվելու: Եթե դա ավելի կարևոր է, տվեք այլ տարածք: Չտվեցին:

Երրորդ հարցը: Չեմ լսել այդպիսի բան, որ Բարձրագույն խմբի թիմը իմանա միայն առաջիկա տուրում իր մրցակցի հետ խաղի ժամկետը: Ես ընդամենը գիտեմ, թե հաջորդ տուրում ում հետ, երբ կխաղանք: Այդքանը: Ես ֆուտբոլում շատ ավելի փորձառու եմ, քան պարոն Մելիքբեկյանը: Իսկ իր պատճառաբանություններն անհիմն էին: Հաջորդ հարցը պրոֆեսիոնալ լիգայի ստեղծումն է: Դա ֆեդերացիայի գործը չէ: Բայց ֆեդերացիան պետք է կառավարման գործիքներ պահպանի: Լիգան պետք է զբաղվի խաղացանկով, հեռարձակման իրավունքներով: Եթե մենք պրոֆեսիոնալ ֆուտբոլ ունենք, պետք է համապատասխան մոտեցում լինի: Հակառակ դեպքում պետք է համակերպվենք սիրողական կարգավիճակի հետ: Ինձ համար ամենակարևորն այն է, որ պրոֆեսիոնալ լիգայի ստեղծման գաղափարը ողջունել է ֆեդերացիայի նախագահը: Հիմա գործելու մեր հերթն է, որպեսզի 2020/2021 մրցաշրջանից կարողանանք ունենալ այդպիսի լիգա:

Հատուկ ժամանալ էի Հայաստան գավաթային «Լոռի» - «Բանանց» խաղին: Վանաձոր մեկնելու ճանապարհին իմացանք, որ խաղին նշանակվել է Գևորգ Եղոյանը: Զանգահարեցի պարոն Մելիքբեկյանին և հարցրեցի, ինչու է մեր խաղին նշանակվել այս մրցավարը: Ինչին հետևեց «Ֆեդերացիայում ոչինիչ չի փոխվում» պատասխանը: Իսկ մենք գիտեինք, թե փոխվում է: Լավ է, որ ես ազատություն չտվեցի բոլոր էմոցիաներիս այն ժամանակ: Դաստիարակչական և մարզական տեսանկյունից ես սխալ վարվեցի` թիմին հանելով խաղադաշտից: Հաջորդ խաղից հետո մոտեցա պարոն Վանեցյանին և ասացի. «Ես սխալվեցի, սակայն Ձեր օգնականները ինձ այլ հնարավորություն չթողեցին»: Կան մարդիկ, որոնք ջանքեր են գործադրում, որպեսզի հայկական ֆուտբոլն առաջընթաց գրանցի: Տեսնում եմ, որ որոշ առումներով ֆեդերացիայում դրական փոփոխություններ կան: «Ուրարտուի» առաջին և երկրորդ թիմերը խաղերը նշանակված էին նույն օրը: Խնդրեցինք փոփոխություն կատարել խաղացանկում, որպեսզի կարողանանք դիտել երկու խաղերն էլ, առավել ևս, որ մեր խաղադաշտերում լուսավորության համակարգ գա: Մեզ առանց պատճառաբանությունների մերժեցին: Զանգահարեցի Վանեցյանին: Քիչ անց մեզ տեղեկացրեցին, որ պատրաստ են փոխել մեր երկրորդ թիմի մասնակցությամբ բոլոր խաղերի ժամկետները:

Ինձ համար նշանակություն չունի, թե ինչ ազգություն ունի մարզիչը: Ֆայզուլինին նշանակել եմ ոչ թե նրա համար, որ ռուս է այլ, այն պատճառով, որ ժամանակին լավ ֆուտբոլ է խաղացել Իսպանիայում, այնտեղից էլ ժամանել է: Ես ժամանակին ասել եմ, որ Ֆայզուլինը լավագույն մարզիչն է Հայաստանում: Նույնն էլ հիմա կասեմ: Իմ թիմի մարզիչը և ֆուտբոլիստները լավագույնն են: Եթե ինձ հարցնեք, ով էր նախորդ առաջնության լավագույն մարզիչը, միանգամից կասեմ` Վարդան Մինասյան, նա թիմը չեմպիոն դարձրեց: Լավագույն ակումբի սեփականատերն էլ Սամվել Կարապետյանն է: Եթե նայենք պրոֆեսիոնալ ֆուտբոլում գրանցած հաջողություններով: Բայց կրկնվեմ` իմ համար իմ մարզիչը լավագույնն է: Մրցաշրջանի մեկնարկը տապալած իմ ֆուտբոլիստները լավագույնն են: Ժամանակին «Սպարտակից» վտարել եմ Ունաի Էմերիին: Եվրոպա լիգայում հաղթելուց հետո նա ասաց ինձ. «Իսկ դու ինձ վտարեցիր «Սպարտակից»: Շատ աշխատասեր մարզիչ է, որը, սակայն, «Սպարտակի» համար չէր:

Մենք դեմ քվեարկեցինք լեգեոներների լիմիտին: Դա այն դեպքում, որ մենք այդքան սաներ ունենք և կարող էինք մատակարարել բոլոր թիմերին: Չի կարելի ապրել «ավելի լավ է իմ կովը սատկի, քան հարևանս երկուսը ունենա» կարգախոսով: Առաջին տեղում մեր երկիրն է և մեր ֆուտբոլը: Արհեստական վարչարարությունը օգուտ չի բերի: Միշտ ձգտելու ենք, որպեսզի «Ուրարտուում» հանդես գան որքան հնարավոր է շատ մեր սաներ»,- պատմեց Ջեւան Չելոյանցը:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում