19:18  ,  25 սեպտեմբերի, 2019

Սամվել Գասպարյանն՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր

Թաիլանդում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 25-ին 102 կգ քաշային կարգում պայքարի մեջ մտավ Եվրոպայի փոխչեմպիոն Սամվել Գասպարյանը: Հրում վարժության ընթացքում ստացած վնասվածքը խանգարեց Սամվել Գասպարյանին պայքար մղել չեմպիոնության համար:

Պոկում վարժությունում Սամվել Գասպարյանը 10 կգ-ով գերազանցեց Եվրոպայի առաջնությունում գրանցած արդյունքը և, բարձրացնելով 178 կգ, նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

Հրում վարժությունում Գասպարյանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 212 կգ, սակայն երկրորդ մոտեցման ժամանակ ստացավ մկանային վնասվածք և չկարողացավ գլխավերևում պահել 216 կգ-ն: Գասպարյանը, չնայած վնասվածքին, երրորդ մոտեցմամբ ևս փորձեց բարձրացնել 216 կգ, սակայն ձախողվեց:

Երկամարտի 390 կգ արդյունքով Սամվել Գասպարյանը 5-րդ տեղում է:

Կարող ենք արձանագրել, որ 6 ամսվա ընթացքում Սամվել Գասպարյանը պոկում վարժությունում առաջընթաց է գրանցել 10, իսկ հրում վարժությունում՝ 3 կգ-ով:

Աշխարհի չեմպիոն հռչակվեց Բելառուսը ներկայացնող Եվգենի Տիխանչովը՝ երկամարտի 398 կգ արդյունքով: Արծաթե մեդալ նվաճեց Հարավային Կորեան ներկայացնող Ջին Յունսոնգը՝ 397 կգ արդյունքով: 394 կգ արդյունքով բրոնզե մեդալակիր դարձավ իրանցի Ռեժա Դեհդարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում